Փետրցարի 28-ին Իրանից Հայաստան ժամանած տղամարդու մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի առկայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
29-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուսով հիվանդացությունը կրկնակի քննությամբ հաստատվել է այսօր՝ Երևանի ժամանակով գիշերվա երեքին։ Պացիենտի վիճակը, Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ, լավ է․ հիվանդանոց դիմելու պահին նա ջերմություն է ունեցել, այժմ ջերմություն չունի․
«Հատկանշական է, որ կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու կնոջ մոտ այս պահին վարակ չի հայտնաբերվել։
Իհարկե, այստեղ կարող է դեր ունենալ ինկուբացիոն շրջանը, այսինքն՝ տեսականորեն հնարավոր է, որ վիրուսը դեռևս չի դրսևորել իրեն։ Բայց կա նաև հավանականություն, որ վիրուսակիր անձի հետ շփում ունեցող մարդիկ չվարակվեն, որովհետև վարակի տարածման համար բավարար չէ, որ մարդու օրգանիզմում վիրուսը ներկա լինի։
Վարակը փոխանցվում է այն ժամանակ, երբ վիրուսը մարդու օրգանիզմում մեծ քանակով վերարտադրվում է, շատանում, ապա և փոխանցվում փռշտոցի, կամ հազի, կամ օդակաթիլային այլ եղանակով։ Ըստ մասնագետների, ահա, քանի դեռ վարակը մարդու մոտ չի արտահայտվել՝ տենդի, հազի, փռշտոցի միջոցով, հավանականությունը, որ նա վարակած կլինի այլ մարդկանց, շատ փոքր է», – ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։
Թեհրանից ժամանած օդանավի մեջ բացառապես Հայաստանի քաղաքացիներ են եղել։ Ըստ Փաշինյանի՝ օդանավակայանում և օդանավի մեջ բոլորը կրել են դիմակներ, ոչ անհրաժեշտ շփումներից խուսափելու համար օդանավից ուղեկցվել են հատուկ կարգով․ «Հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձևակերպել է պացիենտի և նրա կնոջ մուտքը ՀՀ։ Սահմանապահները նույնպես եղել են դիմակներով և բժշկական ձեռնոցներով։
Այն տաքսիները, որոնցով պացիենտը օդանավակայանից տուն և տնից հիվանդանոց են եկել՝ կհայտնաբերվեն և նրանց վարորդները նույնպես կմեկուսացվեն։ Մեկուսացված քաղաքացիների համար ապահովելու ենք բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։
Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի»։
Վարչապետը հայտնել է նաև, որ «լույսը բացվելուն պես», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կքննարկվի Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը։ Ըստ նախատեսվածի, երթը պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 18:00-ին (Ազատության հրապարակ-Մյասնիկյանի արձան երթուղով)։ Փաշինյանը նշել է, որ ինքը առաջարկելու է երթը չեղարկել։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրատապ ասուլիս է հրավիրել. կեսօրին կայանալիք ասուլիսի ընթացքում կներկայացվեն դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները։
Նշենք, որ սա կորոնավիրուսով հիվանդացության առաջին հաստատված դեպքն է Հայաստանում։
Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, կառավարությունը որոշում էր կայացրել 2 շաբաթով փակել հարևան Իրանի հետ սահմանը․դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Որոշումը, սակայն, չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը: Այն չի տարածվում նաև բեռնափոխադրումները վրա, որոնց շարունակելու են իրակացվել՝ վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ ներքո: