հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Ինչպես է փոխանցվում կորոնավիրուսը․ կա՞ համաճարակ, թե՞ ոչ

Ինչպես է փոխանցվում կորոնավիրուսը․ կա՞ համաճարակ, թե՞ ոչ

2019-ի դեկտեմբերից Չինաստանի Վուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) թոքաբորբի ալիք է սկսվել։ Սկզբում հիվանդության առաջացման ու տարածման պատճառը հայտնի չէր։ Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ հարուցիչը նախկինում անհայտ կորոնավիրուսն է։

Հունվարի 29-ի տվյալներով, Չինաստանում արձանագրվել է 7711 հաստատված դեպք` 170 մահվան ելքով:

Որպես կանխարգելիչ և սահմանափակող միջոցառում, Վուհանում և Հուբեյ նահանգի այլ քաղաքներում կարանտին է հայտարարվել, ժամանակավոր դադարեցվել են ուղևորափոխադրումները:

Ի՞նչ է կորոնավիրուսը

Վուհանում թոքաբորբի պատճառը կորոնավիրուսների ընտանիքի նախկինում անհայտ վիրուսն է՝ 2019-nCoV։ Կորոնավիրուսները շրջանառվում են կենդանիների միջև, որոշ տեսակներ կարող են կենդանուց փոխանցվել մարդուն։

Կորոնավիրուսների նախանշանները կարող են հարբուխ կամ շնչառական համակարգի հետ կապված այլ հիվանդություններ հիշեցնել։ Բարձր ջերմության հետ միասին հիվանդության սիմպտոմները սուր շնչառական վիրուսային վարակ են հիշեցնում, որի պատճառը, սակայն, ավելի հայտնի ու պակաս վտանգավոր վիրուսներ են։ Հարուցիչը հստակ պարզելու համար լաբորատոր դիագնոստիկայի համար կիրառվող հատուկ համակարգեր են օգտագործվում։

Այս ընտանիքի վիրուսների համաճարակներ գրանցվել են նաև նախկինում․ Սուր ծանր շնչական համախտանիշով առաջին հիվանդները Չինաստանում հայտնաբերվել էին 2002 թվականին, Մերձարևելյան շնչառական համախտանիշը Սաուդյան Արաբիայում սկսեց տարածվել 2012-ին։

Ինչպես են վարակվում

Գիտնականները ենթադրությամբ, վիրուսը մարդկանց փոխանցվել է կենդանիներից։ Ամենայն հավանականությամբ, վարակի աղբյուրը Վուհանի ծովամթերքների շուկան է, որտեղ աշխատել կամ այցելել էին առաջին հիվանդները։ Այժմ շուկան փակ է։

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնի ղեկավար Գաո Ֆուի կարծիքով, մարդիկ վարակվել են վայրի կենդանու մսի օգտագործման պատճառով։ Հունվարի 22-ին Journal of Medical Virology ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, վիրուսն օձից է փոխանցվել՝ հարավչինական գծավոր բանգարուսից կամ չինական կոբրայից։

Այս վարկածը դեռևս հաստատված չէ։ Որոշ վիրուսաբաններ պնդում են, որ չկա ապացույց, որ օձերը կարող են այս վիրուսի կրողներ լինել։ Կորոնավիրուսների ախտահարման դեպքեր նկատվել են միայն թռչունների և կաթնասունների մոտ։

2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների հիմնական մասը Չինաստանի բնակիչներ են․ վիրուսը հայտնաբերվել է բոլոր նահանգներում։ Վարակակիրներ հայտնաբերվել են նաև Հոնկոնգում, Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, ԱՄՆ֊ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Մալազիայում, Թայվանում, Մակաոյում, Վիետնամում, Միացյալ Արաբական Էմիրատներում, Կանադայում, Կամբոջայում, Ֆինլանդիայում, Հնդկաստանում, Նեպալում, Ֆիլիպիններում, Շրի Լանկայում։

Մարդուց մարդո՞ւն

Կորոնավիրուսը մարդուց մարդուն փոխանցվում է՝ օդակաթիլային ճանապարհով։ Սա հաստատող փաստերից է այն, որ բուժաշխատողները վարակվել էին հիվանդից։ Այնուամենայնիվ, որոշ վիրուսաբանների կարծիքով, դա դեռևս բավարար ապացույց չէ, քանի որ բուժաշխատողները կարող էին վարակի աղբյուր հանդիսացող նույն շուկան այցելած լինել կամ այդ շուկայից ձեռք բերված սնունդ օգտագործած լինել։

Ինչպիսի՞ն են սիմպտոմները։

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունը յուրահատուկ սիմպտոմներ չունի․ հազ, բարձր ջերմություն, բարդ շնչառություն։

Bloomberg֊ը գրում է, որ որոշ դեպքերում բարձր ջերմաստիճան չի գրանցվում, ինչը կարող է բարդացնել վարակակիրների հայտնաբերումը, քանի որ միջազգային օդանավակայանների մեծ մասում որոշ ուղևորնեի լրացուցիչ հետազոտության են ուղարկում ըստ ջերմության։

Նոր կորոնավիրուսի առանձնահատկություններից է երկար ինկուբացիոն շրջանը։ Վարակվելուց մինչև երկու շաբաթ հետո տեսանելի սիմպտոմներ կարող են չլինել։

Առողջության միջազգային կազմակերպության վարակային վտանգների դեմ պայքարով զբաղվող խմբի ղեկավար Դևիդ Հեյմանն ընդգծում է, որ «նոր կորոնավիրուսը (ինչպես և գրիպի վիրուսը) կարող են մահացու լինել նրանց համար, ովքեր ուղեկցող հիվանդություններ ունեն, օրինակ՝ շաքարային դիաբետով կամ թոքերի քրոնիկ հիվանդություններով ծեր մարդկանց»։

Ինչպե՞ս բուժել

Դժբախտաբար, բժիշկները դեռևս չեն գտել նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ հստակ դեղամիջոցը։ Վարակակիրները սիմպտոմատիկ բուժում են ստանում։

Համաճարա՞կ, խուճապի մատնվելու ժամանա՞կն է

Հիվանդությունը դեռևս կտարածվի, բայց ամենայն հավանականությամբ համաշխարհային համաճարակի չի հասնի։ Պրոֆիլակտիկ նպատակներով պատվաստումներ չեն արվում, բուժման հիմնական ձևը բժշկա֊սանիտարական միջոցառումներն են։

Հունվարի 23-ին Առողջության միջազգային կազմակերպության (ԱՄԿ) փորձագետները որոշում կայացրեցին իրավիճակը արտակարգ չհամարել։ Կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսն ընդգծեց, որ դրությունն արտակարգ է Չինաստանում, բայց ոչ աշխարհում։

ԱՄԿ֊ն խորհուրդ է տալիս․ պարբերաբար լվանալ ձեռքերը, հազալիս և փռշտալիս փակել քիթն ու բերանը, մսամթերքն ու ձուն օգտագործել պատշաճ ջերմային մշակումից հետո միայն, խուսափել հազացող կամ փռշտացող մարդկանց հետ շփումից։

Հայաստանում իրականացվում են հետևյալ միջոցառումները․

  1. հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք
  2. մշակվել է հուշաթերթ, որտեղ առաջարկվում է Հայաստանի քաղաքացիներին առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց
  3. լայնածավալ աշխատանքներ են իրականացվում լաբորատոր աշխտորոշիչ թեստերի ձեռք բերման ուղղությամբ` թե միջազգային կառույցների, թե առանձին երկրների հետ
  4. իրավիճակը և երկկողմ կարողությունները մշտապես քննարկվում են տարածաշրջանի գործընկերների հետ
  5. ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է հսկողությունը, հատկապես՝ Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ։ Առողջապահության նախարարության մասնագետները գործուղվել են ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար
  6. վերանայվել է Ծանր սուր շնչառական համախտանիշի (ատիպիկ թոքաբորբ, SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշի (MERS-CoV) վերաբերյալ առկա փաստաթղթերը՝ կորոնավիրուսի նոր ենթատեսակի տեսակետից: Ինչպես նաև ավարտին են հասցվել աշխատանքները՝ հիվանդների վարման ուղեցույցի և բուժաշխատողների անվտանգությանն առնչվող ընթացակարգերի մշակման ուղղությամբ։