Home / Բանտ / Բացիկ չինական ճորտական բանտից․ «Օգնեցեք»

Բացիկ չինական ճորտական բանտից․ «Օգնեցեք»

Բրիտանական Tesco սուպերմարկետների ցանցն ընդհատել է ամանորյա բացիկներ արտադրող Չինական գործարանի հետ համագործակցությունը։ Կասկածներ կան, որ գործարանում շահագործում են դատապարտյալներին։

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Sunday Times֊ը հոդված է հրապարակել վեցամյա աղջկա մասին, ով Լոնդոնում ամանորյա բացիկի մեջ հաղորդագրություն է գտել Շանհայի բանտի դատապարտյալներից․ «Օգնեցեք, դիմեք իրավապաշտպան կազմակերպություններին»,- գրված էր բացիկներից մեկի մեջ։

Tesco ընկերության աշխատակիցը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա ազատազրկվածներին ստրկացնել իրենց խանութների ցանցում վաճառվող ապրանքների արտադրության համար։ Չինական Zheijiang Yunguang Printing ձեռնարկության հետ համագործակցությունը կդադարեցվի, եթե հաստատվի ազատազրկվածների շահագործման փաստը։

Sunday Times-ի փոխանցմամբ, վեցամյա Ֆլորենս Ուիդիքոմը տանը բացել է Tesco-ից գնված բացիկների տուփն ու նկատել, որ կատուներով բացիկի վրա արդեն գրված բան կա․ «Մենք Շանհայի Ցինպու բանտում գտնվող արտասահմանցի դատապարտյալներ ենք։ Մեզ մեր կամքին հակառակ ստիպում են աշխատել։ Օգնեցեք, դիմեք իրավապաշտպան կազմակերպություններին»։

«Մենք ապշել էինք այդ հայտարարությունից։ Անմիջապես կանգնացրեցինք այդ բացիկները տպող ֆաբրիկայի աշխատանքները։ Մեր հետաքննությունն ենք սկսել»,֊ հայտարարել է Tesco ընկերության աշխատակիցը։

Նրա խոսքով, ընկերությունը աուդիտի համակարգ ունի, որի նպատակն է երաշխիքներ ստանալ մատակարար ընկերությունների կողմից հարկադիր աշխարանքի բացառման մասին։

Չինական այս ընկերությունն այդ աուդիտային ստուգումն անցել է նոյեմբերին։ Այն ժամանակ շահագործման ու ստրկական աշխատանքի հետ կապված փաստեր չեն հայտնաբերվել։

Հաղորդագրություններ պարունակող այլ բացիկների մասին տվյալներ չեն ստացվել։ Գտնված բացիկի հեղինակը նաև խնդրում էր կապ հաստատել լրագրող Փիթեր Համֆրիի հետ, ով Ցինպու բանտում անազատության մեջ է պահվել՝ այդպես էլ դատարան չհասած հորինված մեղադրանքով։

Բացիկը գտած երեխայի՝ Ֆլորենսի ծնողները LinkedIn֊ի միջոցով կապնվել են լրագրողի հետ։ Համֆրին կարողացել է գտնել այդ բանտի մի քանի այլ նախկին դատապարտյալների, ովքեր հաստատել են, որ կալանավայրում դատապարտյալներին ստիպում էին աշխատել տարբեր ձեռնարկությունների հավաքման և փաթեթավորման բաժիններում։

Համֆրին, ով Sunday Times-ի հոդվածի հեղինակն է, հայտնում է, որ այդ բանտի դատապարտյալների ուղարկած նամակաները խիստ գրաքննության են ենթարկվում, ինչը բարդացնում է իր շփումը բանտակից ընկերների հետ, որոնց հետ ծանոթ էր մինչև 2015 թվականի իր ազատ արձակումը։

«Կարծես հին ձևին վերադարձած լինեն․ հաղորդագրություն էին դնում շշի մեջ, այս դեպքում էլ՝ գրառում ամանորյա բացիկի վրա»,- գրում է լրագրողը։

Սա առաջին դեպքը չէ, որ Արևմուտքում վաճառվող ապրանքների վրա հաղորդագրություններ են հայտնվում չինական տվյալ արտադրամասի աշխատողներից։

2012 թվականին Ջուլի քիթը Հելոուինի զարդարանքի տուփի վրա հաղորագրություն էր գտել չինական բանտի կալանավորվածից՝ կտտանքների ու հետապնդումների նկարագրությամբ։