Home / Բանտ / Հրապարակվել են փաստաթղթեր Չինաստանում մահմեդականների ճամբարների մասին

Հրապարակվել են փաստաթղթեր Չինաստանում մահմեդականների ճամբարների մասին

Լրագրող֊հետազոտողների միջազգային կոնսորցիումը հրապարակել է չինական իշխանությունների գաղտնի փաստաթղթերը՝ Չինաստանի հյուսիս արևմուտքում գտնվող Սինցզյան֊Ույղուրյան ինքնավար շրջանի մահմեդականների համար նախատեսված ճամբարների մասին։

Իշխանությունների կողմից որպես «վերապատրաստման կենտրոններ» ներկայացվող այս ճամբարների մասին արդեն հայտնի էր, իսկ հիմա՝ լրագրողների պնդմամբ, հաջողվել է ձեռք բերել պաշտոնական կառավարական փաստաթղթեր, որոնք հաստատում են դրանց գոյությունը։ Փաստաթղթերի համաձայն, էթնիկ և դավանական փոքրամասնությունների ներկայացուցիչներն այդտեղ պահվում են ոչ ինքնակամ։ Նշվում է, որ նրանց այդտեղ տեղափոխում են «կրթական միջոցներով տրանսֆորմացիայի ենթարկելու նպատակով»։

Այդ ճամբարներում ներկայումս բնակվում է շուրջ մեկ միլիոն մարդ, հիմնականում՝ մահմեդական ույղուրներ։

Չինաստանի իշխանությունները պնդում են, որ դրանք կամավոր սկզբունքով աշխատող ծրագրեր են, որոնք կրթական֊մասնագիտական նշանակություն ունեն և նպաստում են փոքրամասնությունենրի շրջանում չինարեն լեզվի հեշտ յուրացմանը։ Իսկ բնակիչների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների կիրառությունը Պեկինը բացատրում է ահաբեկչության դեմ պայքարով։ Հետազոտող֊լրագրողների հրապարակած փաստաթղթերը իշխանությունները կեղծ են համարում։

Փաստաթղթերի համաձայն, ճամբարներում բնակվող մարդիկ զրկված են ազատությունից, շինությունները շրջափակված են պատնեշներով, բնակելի հատվածներն ու ննջարանները կողպվում են։ Մարդկանց այդտեղ տեղափոխում են առանց դատարանի որոշման, նվազագույնը՝ մեկ տարով։ Ճամբարում բնակեցված մարդիկ «միավորներ» են հավաքում, որոնցով գնահատվում է նրանց «գաղափարական տրանսֆորմացիայի» աստիճանը։ Հարազատների հետ կարելի ա կապնվել շաբաթական մեկ անգամ, կրոնական ծեսերն արգելվում են։ Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում փախուստների կանխարգելմանը։