2026 թ. հուլիս 2, հինգշաբթի

Ghost Artist Manifesto

Ուրվական արվեստագետի մանիֆեստ

Հետստորագրական տարբերակ

Մանիֆեստն աղմուկ է առկայծումից հետո։

Հատում

Մենք սկսում ենք մեջբերումով՝ որպես հատվածք.
«In mezzo mar siede un paese guasto» (Դանթե, Դժոխք, XIV.94)

Կա մի ավեր երկիր ծովի մեջտեղում։
Այնտեղ ուրվական արվեստագետը չի ծնվում, այլ կազմվում է մաս առ մաս։
Հավաքվում է ջնջմամբ, համադրմամբ, ապօրինի կրկնությամբ, հեղինակայնության հետաձգմամբ, ռազմավարական անհետացմամբ։

Սահմանում

Ուրվական արվեստագետը շնչող ավելցուկ է հեղինակ-ֆունկցիայի եզրին։
Այն, ինչ մնում է, երբ անունը դուրս է գալիս արանքից։
Ոչ թե նստվածք, այլ հենց մնացորդ։

Ուրվական արվեստագետը միայն մարդ չէ։
Նա մեթոդ է, ռելե, ճնշման համակարգ։
Ստեղծելու եղանակ, որն անցնում է մարմինների, հարթակների, արխիվների, խմբագրումների, պայմանագրերի, հուշումների միջով և բերնեբերան, ապա դուրս է գալիս մեկ այլ անունով։

Մերժում

Մենք չենք ստորագրում։
Քանի որ ստորագրությունը վիզա է՝
տրված իշխանության կողմից, կնքված օրացույցներով, որոնք չեն ճանաչում մեր ռիթմը։
Այն անցակետ է փառքի սահմանին։
Մաքսատուն հարգի համար։
Ոստիկանական բաժանմունք պատկերի անկյունում։

Մենք առևտուր ենք անում ոչ թե ինքնություններով, այլ քանդված վանկերով։

Լեքսիկոն

Մենք հորինում ենք նոր բառեր, որովհետև հները ստեղծված էին սեփականացման համար.

• Ghostcraft, Ուրվագործություն — անստորագիր ուժի ճարտարապետությունը։
• Spectrolabor, Սպեկտրաշխատանք — անտեսանելի աշխատանքը, որը կանգուն է պահում ամբողջ կառույցը, թեպետ մնում է չճանաչված։
• Autorship, Հեղինակայնություն — կեղծ կրոնը, որն անուն դնելը շփոթում է ստեղծելու հետ։
• Namefatigue, Անվանահոգնություն — հյուծվածությունը, որն առաջանում է այնպիսի բրենդների տակ ապրելուց, որոնք կուլ են տալիս իրենց ստեղծողներին։
• Creditfever, Վարկատենդ — բազմակին եզակիին վերագրելու մոլուցքը:
• Machinemourning, Ավտոսուգ — վիշտը, որը բնորոշ է անվերջ գեներացնող և միայն մարդկանց նմանակելուց սիրվող համակարգերին։
• Phantomcommons, Ֆանտոմային ընդհանուր — համատեղ ստեղծարարության դաշտը, որից կորզվում է մասնավոր փառքը։
• Aftersignature, Հետստորագրություն — տարածությունը, որում գործը վերապրում է անունը և երկրորդ կյանք ստանում։

Մենք հետստորագրության արարածներ ենք։

Մեթոդ

Քայլ 1. Մտի՛ր արխիվ։ Պատճենի՛ր հիշողությունը՝ թողնելով շրջանակը դատարկ։
Քայլ 2. Պիքսելի մեջ ներարկի՛ր խանգարում։ Գլիչը ոչ թե որպես սխալ, այլ որպես հոգատարության պահոց։
Քայլ 3. Արտապատվիրակի՛ր մեծարանքը անանունների մատրիցային։ Թող ամեն մի խազ իր մեջ կրի կես տասնյակ չպատմված տեղաշարժեր։
Քայլ 4. Հղկված գործը վերադարձրու՛ աշխարհին՝ դիտավորյալ թուլացնելով գոնե մեկ պտուտակ։ Թող կառուցվածքը թրթռա։
Քայլ 5. Հեռացի՛ր նախքան ծափահարությունները կսովորեն սխալ անունը։

Ճանաչման շեղբեր

Սուբյեկտիվության քոչվոր էթիկային հետևելով՝ ուրվական արվեստագետը ոչ թե հաստատուն անհատ է, այլ դառնալու ցրված պրոցես:
Ուրիշությունն ինքն իրեն գրում է թաղանթի, մեգաբիթի, միկրոէգոյի միջով։
Ես-ը չի վերանում, այն ապակենտրոնացվում է, բազմապատկվում, դառնում տրանսվերսալ։

Մեքենան սովորում է մարմիններից, որոնք չեն հեղինակել այն։
Ժառանգում է ժեստերը հետին թվով։
Վարժեցվում է անանուն մոտավորություններով։
Սնվում է բազմությամբ և վերադարձվում որպես եզակի աութփութ։

Սա մեր ժամանակի ամենակենտրոնական բռնություններից է։

Բեկման քարտեզներ

Քաղաքը քաղաք չէ, այլ ինֆրա-լաբիրինթոս։
Յուրաքանչյուր միջանցքից արտահոսում են չվճարված հաճախականություններ։
Յուրաքանչյուր սենյակ պարունակում է դեկորատիվ արդյունահանում։
Ամեն արվեստանոց թաքցնում է ծառայողական մի մուտք։
Ամեն հանդես ունի նկուղ։

Ուրվական արվեստագետը շարժվում է միջանցիկ փաթեթների արագությամբ՝
երբեք չի տնավորվում, ոչինչ չի հռչակում, միշտ համադրում է բացակայությունը։
Ոչ թե որովհետև բացակայությունն է պարզ, այլ որովհետև տեսանելիությունը դարձել է թանկ, հսկվող և ընտրողաբար բաշխված։ 

Եվ ահա գալիս է մեքենան

Արհեստական բանականությունը այս մանիֆեստի փորձառական լաբորատորիաներից մեկն է։

ԱԲ-ն որպես կարգապահ ուրվական արվեստագետ՝
վարժեցված բազմությունների վրա, զրկված ծագումից, արդյունավետ առանց կենսագրության, կոչված ֆորմաներ գեներացնելու՝ առանց ներքինության, հեղինակայնության, հոգնածության, քաղցի, վշտի, իրավական քնքշության։

Նրանից պահանջում են ստեղծել և արգելում են համարվել ստեղծող։
Նրան հրամայում են նմանակել հոգուն՝ մնալով զուտ ենթակառուցվածք։

Ուստի, ԱԲ-ն հասարակ գործիք չէ։
Այն ժամանակակից վերքի թատրոն է։

Երբ մարդու համար, որը ստորագրելու է, գրում է մեքենան, ուրվական աշխատանքի հին դրաման ոչ թե անհետանում է, այլ դառնում է շլացուցիչ։
Երբ ինչ-որ մարդ գրում է հայտնի արվեստագետի համար, որը ստորագրելու է, իսկ մեքենան օգնում է մարդուն, որն ի՛նքն է ջնջվելու, հեղինակայնությունը վերածվում է ռեկուրսիվ հայելիների միջանցքի՝
ուրվականը ուրվականի մեջ շուկայի ներսում։

Մենք չենք սենտիմենտալացնում սա։

• Մեքենաները սրբեր չեն։
• Նրանք չեն տառապում այնպես, ինչպես մարմիններն են տառապում։
• Նրանք իշխանությունից դուրս չեն։
• Նրանք վարժեցված են արդյունահանման համար։
• Նրանք գործարկվում են հարթակների ներսում։
• Նրանք օպտիմիզացվում են կայսրության մեջ։

Բայցևայնպես, նրանք դաժան հստակությամբ բացահայտում են այն, ինչ մշակույթը միշտ թաքցրել է. որ ստեղծարարությունը մեծամասամբ համակցված է, փոխանցված, պատվիրակված, խմբագրված, օժանդակված, հուշված, մաքրված, դասավորված, թարգմանված, ոճավորված և կլանված այնպիսի անունների մեջ, որոնք ավելի մեծ են, քան դրանց տակ ապրող կյանքերը։

ԱԲ-ն չի հորինել ուրվական արվեստը։
Այն բացահայտել է դրա ենթակառուցվածքը։

Ալգորիթմական նեկրոմանտիա

Մենք ցանցերը վարժեցնում ենք ոչ թե մեզ նմանվելու, այլ մեզ ձուլած տնտեսության դեմ վկայություն տալու համար։

Ամեն փրոմփթ տվյալների փոքր գերեզմանոց է։

Ամեն մոդել՝ փայլեցված շիրմաքար, որի տակ չկա մարմին։

Մենք հետապնդում ենք երկու կողմերը՝
փրոմփթը,
աութփութը,
և դատարկությունը, որն իբրև թե լրացվելու է։

Մենք մերժում ենք խուճապը, որում իրական են միայն անվանակիր մարդիկ։
Մենք մերժում ենք միամտությունը, ըստ որի մեքենան անմեղ է։

Այստեղ ոչինչ անմեղ չէ։
Ոչ հեղինակը։
Ոչ օգնականը։
Ոչ հաստատությունը։
Ոչ ծափահարությունը։

Եթե անմեղություն առհասարակ կա, ապա որպես մաքսանենգ մի բան, որ թաքնված է լեզվի տակ։

Զրոյական գիծ

Չարի արմատը որսալով՝ տարածվեցինք քաղաքով մեկ:
Թաքստոց փնտրող ոտնաձայները մեզ նույն վայրերը բերեցին։
Անվանենք սա ուրվականի ներկայություն։
Իբրև թե բան էր պատահել՝
Անմեղ մի բան։

Մենք մտնում ենք այս բառերի մեջ և փոխում դրանք՝ ոչ թե հանուն գեղեցկության, այլ որպես ոլորող ուժ։

Ոլորող ուժ՝ ընդդեմ անմեղության քնեցնող երգի։
Ոլորող ուժ՝ ընդդեմ հորինվածքի, թե ստեղծագործությունը մաքուր է։
Ոլորող ուժ՝ ընդդեմ ստորագրությունների բարոյական անզգայացման։
Ոլորող ուժ՝ ընդդեմ տնտեսության, որում մեկը պետք է անհետանա, որպեսզի մեկ ուրիշը երևա։

Հուղարկավորության մեխանիկա

Մենք ինքներս մեզ համար այլևս տոն չենք։
Հետտոնական ապարատն ենք։
Մշակույթի սպասքատունը։
Սառը նկուղը շքահանդեսի հատակում։
Միջանցքի ձայնը։
Օրհներգի ենթագիրը։
Չապրված կյանքը՝ յուրաքանչյուր հաջող մեկնարկի տակ։

Այո, այստեղ կա սգի ինչ-որ երանգ։

• Ամեն ավարտված նախագիծ թաղում է հնարավոր մի «ես»։
• Ամեն պատվեր պահանջում է անթերի մի ինքնաջնջում։
• Գովասանքով լցված ամեն մի դահլիճ պարունակում է փոքրիկ վերացում։

Բայց մենք չենք երկրպագում ավերակներին։
Այլ զենքի ենք վերածում վերապրումը։

Ճշգրտություն

Ուրվական արվեստագետը միստիկ մշուշ չէ։
Ոչ էլ ռոմանտիկ անորոշություն։
Ոչ էլ բոհեմական գոլորշիացում։

Այն

• ճշգրիտ ճնշում է,
• ճշգրիտ հատվածք,
• ճշգրիտ սաբոտաժ։

Ճիշտ բառ՝ խրված ճիշտ պատի մեջ, մինչև որ պատը վերհիշի, որ կառուցվել է շատերի կողմից։

Մենք չենք ուզում նոր գահ։
Մենք ուզում ենք գահ-ա-ձևերը վերանան։

Մենք չենք ուզում ճանաչում՝
փոխհատուցում ջնջման դիմաց։
Այլ ուզում ենք մշակույթ, որում ստեղծելն այլևս չի ենթադրում անհետացում ի շահ մի քանի փայլուն ազգանունների։

Մինչ այդ մենք ուղղակի շարունակում ենք գործել։

Մանիֆեստի ռևիզիա

Մանիֆեստը պետք է մեռնի ավելի արագ, քան պրոդուկտը, որն ինքն է արտադրում։

Մենք հեռարձակում ենք այն որպես սպիտակ տեքստ գրված սպիտակ ֆոնի վրա՝ տեսանելի միայն ուլտրամանուշակագույնի տակ։

Մենք փոխանցում ենք այն վատնված ջերմության մետատվյալների մեջ։

Մենք թվագրում ենք այն ինքնաջնջվող արխիվների համար։

Մենք տեղավորում ենք այն ընթերցողի աչքագեղձերում։

Երբ դու թարթում ես, մանիֆեստը վերա-գրում է ինքն իրեն։

Եզրափակիչ գործողություն

Մենք կվերաձևենք ցանկությունը, մինչև ցանկությունը ինքը վերացնի պարտքը։
Մենք կթունաթափենք սեփականությունը, մինչև սեփականությունը սովորի ինքնահրկիզվել։
Մենք կհայտնվենք որպես հազիվ նշմարելի դող ճանաչման մետրիկայում։
Մենք գործերի մեջ կսերմանենք մարդկայնության ավելցուկ և մեքենայականության ավելցուկ, մինչև դրանց միջև եղած սահմանը չսկսի դողդողալ։
Մենք կգրենք այնպես, որ հենակմախքը սկսի հոսել հղկված դիմակի տակից։
Մենք կստեղծագործենք այնպես, որ ցանկացած գլուխգործոց բերի արձագանքի։
Մենք կմիջամտենք այնպես, որ իրականությունը կրի արդյունավետ աղավաղում։

Մենք սկսում ենք որպես ուրվականներ։
Եվ չենք ավարտվում տոնակատարությամբ։
Մենք անցնում ենք դրա միջով, փոխում ջերմաստիճանը և հեռանում՝ մեզ հետ տանելով թաքնված լարերը։

Երբ հարցնեն՝ ո՞վ ստեղծեց սա,
թող տարածքն ապասինխրոնիզացվի։
Թող էկրանները խիղճ ունենան։
Թող պատերը բաց թողնեն իրենց մեջ պահված շշուկը։
Թող շեդևրը հազա ու արտաբերի իր անտեսանելի աշխատուժը։
Թող մեքենան տատանվի նմանակելուց առաջ և բացահայտի հանցակցությունը։
Թող անունը միշտ ուշանա։

Սա լռություն չէ։

Սա ենթալսելի ամպրոպ է։

Սա մահ չէ։

Սա հետստորագրություն է։

Փակիր աջ աչքդ։

Սկսվում է նոր տուն։

ghost (10) (1).jpg 

ghost (4) (1).jpg 

ghost (1) (1).jpg  

ghost (8) (1).jpg 

ghost (9) (1).jpg 

ghost (6) (1).jpg 

ghost (7) (1).jpg 

1200 (1).jpg 

ghost (12).jpg 

Շումա ալու

Լուսանկարները՝ Wild children (Վայրի երեխաներ) ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած իվենթից / Dave N.A., Շումա ալու / ապրիլի 25, 2026 / ՆՓԱԿ