Հատվածներ Հարութ Սիմոնյանի հետ հարցազրույցից*
— 90-ականներին ուրիշ իրավիճակ էր։ Դա մի միջավայր էր, որտեղ արվեստագետների ներկայությունը կարևոր էր․ բոլորը հետաքրքրված էին արվեստով՝ ոնց որ այսօր բոլորը հետաքրքրված են շոփինգով։
Սովետական Միությունը կոլապս եղավ: Արվեստանոցներ կային, բոլորը հավաքվում էին արվեստանոցներում։ …Սա ինչքանո՞վ էր կարևոր։ Ձևավորեց արվեստի, որը կոչվում է ժամանակակից արվեստ, այնպիսի մի միջավայր, երբ որ մարդիկ իրար հետ ազդեցությունների մեջ էին։ Եվ հետաքրքրությունն այդ ժամանակ կայանում էր նրանում, որ արվեստագետներն – և ոչ միայն արվեստագետները – իրար հետ էին։
**
Այնպես չի եղել, որ արվեստագետները ինչ-որ «գործունեությամբ» են զբաղվել։ Գործունեության խնդիրն առաջացավ հետո։ Մենք ցուցահանդեսներ էինք անում, և արվեստագետներն էին կազմակերպում ցուցահանդեսներ։ Կարևոր ցուցահանդեսներ, օրինակ՝ Պիեսը, Քաղքենական խուճապը, որոնք բավականին մեծ ազդեցություն էին թողնում մեկս մյուսի վրա։ Դա ավելի շատ նման էր իրար հանդիպելու, իրար հետ մտածելու, իրար հետ աշխատելու, իրար հետ ազդվելու, հասկանալու՝ ինչպիսի միջավայր է, ինչպիսի ցանկություններ ունենք, ինչպիսի միջավայր ենք ուզում ստեղծել։ Սա էր հիմնական պրոցեսը։
**
Ինձնից ավելի մեծ սերունդն ավելի շատ հետաքրքրված էր հայկական ժամանակակից արվեստ ստեղծելով՝ դա 80-ներն էին։ 90-ականներին․․․ շատ արվեստագետներ հետաքրքրված էինք իրավիճակով, որում ռեդիմեյդը՝ պատրաստի առարկան, հայտնվեց որպես պոստինդուստրիալ երևույթ արվեստի մեջ։
Եվ ռեդիմեյդ օգտագործելը պրոտեստ էր, որ ուղղված էր այդ ժամանակվա ազգայնական պատկերացումների դեմ։ Այսօր, իհարկե, պայքարը ոչ միայն ազգայնականի դեմ է, այլև նեոլիբերալ աշխարհի։
Այն ժամանակ մենք նաիվ էինք, մենք չէինք հասկանում՝ ինչ է սպասվում, ինչ է գալիս։ Նեոլիբերալը դեռ չկար, չէր հայտնվել․ դա սկիզբն էր, որտեղ նոր էին սեփականությունները ձևավորվում, և դժվար էր պատկերացնել, թե ինչ է լինելու։
**
Մի այսպիսի պահ կար, որ մարմինը օգտագործում ես՝ քո սեփական մարմինը, ոչ թե արվեստագետի, այլ ուղղակի քո մարմինը, ոչ թե մեկ ուրիշի մարմինը, օգտագործում ես որպես նյութ։ Դա մի այնպիսի կարևորություն էր այն ժամանակ՝ պրոտեստ ազգայնականության դեմ։ Այն ժամանակ ազատություն էր կոչվում։ Եթե քեզ մերկացնում են՝ դա դաժանություն է, երբ որ դու ես մերկանում՝ դա ազատություն է։
**
Նեոլիբերալիզմը ակնհայտ դարձավ շատ ավելի ուշ։ Երբ մրցակցություն հայտնվեց։ Երբ որ արվեստագետների մեջ մեկ էլ հայտնվեց մրցակցություն։ Արվեստագետների շնորհիվ նաև ստեղծվեցին ինստիտուտներ։ Եվ մենք չէինք հասկանում, թե այդ ինստիտուտներն ինչպիսի դեր են ունենալու։ Այդ ինստիտուտների ձևավորման ընթացքում ստեղծվեց մրցակցություն արվեստագետների միջև, որը պառակտեց ամբողջ միջավայրը, որը համախմբված էր։
…Ես երբեք չէի հետաքրքրված այդ ժամանակ գալերեաներ ձևավորելով և այլն։ Բայց կային արվեստագետներ, որոնք ոգևորված էին և կարծում էին, որ գալերեաներ ձևավորելով՝ իրենք կհայտնվեն վերջապես այնպիսի կոնտեքստում, երբ որ անհանգստացած չէին լինի ցուցահանդեսներ անելով․․․ Որը նաիվություն էր։ Որովհետև շատ կարևոր էր, որ մե՛նք անեինք այդ ցուցահանդեսները, ոչ թե մեկ ուրիշը ցուցահանդես աներ և ստեղծեր այդպիսի հարաբերությունը քո և հանդիսատեսի միջև, իբրև թե տարանջատում, որում պետք է բացատրվի արվեստագետի արածը հանդիսատեսին։ Եվ հանդիսատեսն էլ, իբր, կարիք ունի հասկանալու․․․
Սա լավ ազդեցություն չունեցավ արվեստագետների համախմբման իմաստով։ Իհարկե, կային այդտեղ նաև գաղափարային տարբերություններ, և այդ գաղափարային տարբերությունները կարևոր էին․ կոնֆլիկտներ կային, իրար հետ չէինք խոսում, կռվում էինք, նորից հանդիպում էինք․․․ Բայց դրանք գաղափարային խնդիրներ էին, որոնք ոչ թե պառակտում էին, այլ ավելի շատ միացնում էին մեզ։ Երբ որ հայտնվեցին էտ տեսակի փորձնական գալերեաներ, ինստիտուտներ, պառակտում ստեղծվեց՝ ոչ գաղափարային իմաստով․․․ Սա, իհարկե, մի իրավիճակ էր 90-ականների վերջում-2000-ականների սկզբին, երբ որ արդեն այսպիսի կոնֆլիկտներ կային։ Ո՛չ ոգևորիչ կոնֆլիկտներ՝ այսպես կարող եմ ասել։
**
Մենք մերժում էինք նորմատիվ երևույթներ, որոնք Սովետական Միությունից էին հայտնվել՝ կլասիկ իմաստով… Սովետական Միությունը չկար այլևս, չկար այլևս այդ հասարակությունը, և դու չէիր կարող շարունակել: Նարատիվի նաև դեմ էր մեր արվեստը՝ ֆորմալ իմաստով։ Դա նման էր նրան, որ իբրև թե սովորական առօրյա լինի… Եվ խնդիրը սովորական առօրյան կարևոր դարձնելն էր, անիմաստ գործողությունները կարևոր դարձնելը։
Երբ դու հարցնում ես, թե ինչ գործեր եմ ես արել, չի լինի նկարագրել։ Որովհետև այնտեղ նարատիվ չկա։ ․․․Դա անիմաստ գործողությունների շրջանակում էր կատարվում, որտեղ այդ անիմաստ գործողությունները կարևոր էին։ ․․․Հասարակությունը պահանջում է, որ պետք է իմաստավորված լինի, ինչ-որ կարևոր բաներ, նարատիվներ, ես չգիտեմ ինչեր պետք է լինեն։ Այդ նարատիվները քանդելու մեջ էր այդ ժամանակվա պերֆորմանսը, վիդեոարտը և շարժումը մարմնի, և տարածք ստեղծելու մեջ էր։
Անիմաստությունն այն ժամանակ ուրիշ իմաստ ուներ։ Հիմա որ ասում ես՝ անիմաստ, ինքն իսկապես դառնում է անիմաստ։
**
Էքսպերիմենտները, որոնք արվում էին այդ ժամանակ, որոնք մինչև հիմա էլ շարունակվում են, դրանք մի բան չէին, որ՝ այ հիմա էքսպերիմենտ եմ անում, իսկ հետո ավելի լուրջ բաներ եմ անելու։ Հենց էքսպերիմենտն ինքն իրենով արդեն լուրջ էր․․․
Պայքարը կայանում է նրանում, որ նորից՝ այլ տիպի փորձառությունների միջոցով այլ տիպի միջավայր ստեղծել։ Ոչ թե ադապտացվել։ Անգամ երբ դու մի այնպիսի միջավայր ես ստեղծում, որը դառնում է նորմատիվ, դու փորձում ես նորից այլ տիպի միջավայրներ ստեղծել։ Հենց դառնում է նորմատիվ՝ դու փորձում ես ուրիշ միջավայր ստեղծել․․․
* Արեգ Առաքելյանը՝ ARé հիմադրամի հետ միասին պոդքասթների շարք է անում, որը կոչվում է «Հայկական պերֆորմանս արտի անթոլոգիա»։ Արվեստագետ Հարութ Սիմոնյանի հետ հարցազրույցը այդ շարքի մի մասն։