2026 թ. հոկտեմբեր 20, երեքշաբթի

Թավիշը նորից պողպատ․ ձերբակալել են նաև Քոչարյաններին

Օգոստոսի 24-ի առավոտյան ձերբակալվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Նրանք անցնում են կոռուպցիոն ճանապարհով տասնյակ գույքեր օտարելու գործով։

Քոչարյաններին բերման են ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախկին նախագահի ինքնազգացողությունը վատացել է, և նրան շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց։ Նրա որդուն տարել են դատարան՝ կալանքի հարցը քննարկելու։

Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության համաձայն, Քոչարյանի նախագահ եղած տարիներին՝ 2004-2008-ին, բազմաթիվ թանկարժեք պետական գույքեր են խախտումներով օտարվել, դրանց իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկվել է և ձևակերպվել փոխկապակցված ընկերությունների անվամբ։ Այդ գործարքները, ըստ մեղադրանքի, հովանավորել է Քոչարյանը, ինչի դիմաց ստացել է փայաբաժիններ կամ կաշառքներ։

Այս ճանապարհով, մասնավորապես, օտարվել են Ավանի «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնը, Սևանա լճի «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը, Երևանում «Օրանժ Ֆիտնես» մարզասրահը և Պարոնյան 8 հասցեի շենքը։ Դրանց 50 տոկոսը, ըստ Կոմիտեի, կեղծ գործարքներով սեփականացրել է Քոչարյանի որդի Սեդրակը։

Ըստ մեղադրանքի, Քոչարյանը նաև կաշառքներ է վերցրել. օրինակ, «Պիացցա Գռանդե» ընկերությանը շենքեր տալու համար նրա ընտանիքի անդամներին և փոխկապակցված անձանց է փոխանցվել մոտ 2 միլիարդ 634 միլիոն դրամ արժողությամբ 56 անշարժ գույք։

Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ նախկին նախագահի ընտանիքը նաև «փայ է մտել» ճապոնական «Տոյոտա» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մեջ՝ դառնալով «Տոյոտա Երևան»-ի 30 տոկոսի սեփականատերը։

Հաղորդվում է 30 գույքերի մասին, որոնք կապված են Քոչարյանի ընտանիքի հետ։ Ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ կատարված շուրջ 144 միլիարդ դրամի, 309 միլիոն դոլարի, 77 միլիոն եվրոյի և 18 միլիոն ռուբլու փոխանցումները, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում գտնվող անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Իրավապահները կփորձեն արգելանք դնել դրանց օտարման կամ փոխանցման վրա։

Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ քրեական հետապնդում է սկսվել նաև Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ։ Մասնավորապես, բրենդային հագուստի «Ստեֆանո Ռիչի» և «Կորնելիանի» խանութների տնօրենը, «PLAY CITY»-ի և «Օրանժ Ֆիտնես»-ի տնօրենը մեղադրվում են խոշոր չափերի հարկերից խուսափելու մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ): Սեդրակ Քոչարյանին էլ մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և հոր պաշտոնեական հանցագործություններին օժանդակելու համար։

Վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել մի քանի տասնյակ հասցեներում, Քոչարյանների առանձնատներում և ենթադրաբար նրանց հետ փոխկապակցված ընկերություններում: Քննչական գործողություններ են ընթանում նաև երկրորդ նախագահի կրտսեր որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը, նրա կնոջը պատկանող Pregomesh-ում: 

Վարույթի շրջանակում բացի Ռոբերտ Քոչարյանից և նրա որդուց ձերբակալվել է ևս չորս անձ, նրանց անունները իրավապահները, սակայն, չեն հայտնում:


Կա ընդհանուր 14 մեղադրյալ, երկրորդ նախագահից բացի գործով անցնում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքը չարաշահելու հոդվածով։

Դատախազության փոխանցմամբ՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, «Այգեձոր» ՍՊԸ-ի ղեկավար Արամայիս Որսկանյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում Փաշինյանը խոստանում էր նստեցնել ընդդիմադիր խոշոր ուժերի առաջնորդներին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար, ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանին, «Հայաստան» դաշինքի ղեկավար, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Գագիկ Ծառուկյանին։ Փաշինյանի վերընտրվելուց անմիջապես հետո իրավապահները սկսեցին քրեական գործեր հարուցել։ Իշխող կուսակցությունը պնդում է, որ այսկերպ կատարում է իր նախընտրական խոստումը՝ բռնել «թալանչիներին», վերադարձնել «թալանածը»։ Սա նաև 2018-ի իշխանափոխության գլխավոր խոստումներից էր, որը վերակենդանացվում է ամեն ընտրությունից առաջ։

Հուլիսի 6-ին՝ ընտրություններից մեկ ամիս անց, ԱԱԾ աշխատակիցները ներխուժեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և կոշտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին թե՛ նրան, թե՛ նրա առանձնատանը պահվող վայրի կենդանիներին։

Ծառուկյանի գազանները քաղաքական դաշտում քննարկվում էին դեռ նախընտրական շրջանից։ Քարոզարշավի ժամանակ լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր նրա թիմակից Անդրանիկ Թևանյանը (որն առաջ Ռոբերտ Քոչարյանի դաշինքում էր)։ Ծառուկյանն ասել էր, որ եթե ապացուցեն Թևանյանի մեղավորությունը, ինքը պատրաստ է անձամբ գնդակահարել նրան, բայց եթե Փաշինյանը չապացուցի, որ Թևանյանը օտարերկրյա շպիոն է, «թող գա մտնի իր խոդով իմ առյուծի վանդակը՝ էն էլ որձ առյուծի»։ Փաշինյանը պատասխանել էր. «Պատրաստվի, որ վանդակում ես ողջ կյանքդ անցկացնելու, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»։

Ընտրություններից հետո Ծառուկյանին մեղադրանք առաջադրեցին, մասնավորապես, Իրանից Հայաստան մաքսանենգությամբ ապրանքներ ներկրելու համար։ Խուզարկություններ եղան «Մուլտի գրուպ» կոնցեռնի որոշ ընկերություններում՝ «Արարատցեմենտում», Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոունում»։ Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումը հանձնվեց Կառավարությանը։ Գործարանի ազգայնացումը Փաշինյանի նախընտրական խոստումներից էր։ Պետության կառավարմանն անցավ նաև «Արարատ» կոմբինատը։ Քաղաքապետարանը Ծառուկյանից խլեց Երևանի կենտրոնում գտնվող «Մուլտի Ուելնես» մարզասրահը։ 

ԲՀԿ․ Ամեն կենդանուց՝ զույգ-զույգ

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց ԿԸՀ, որպեսզի զրկի Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից։ Միջնորդությունը բավարարվեց։ Այդ ժամանակ դեռ չէր հաղորդվում, թե ինչ է մեղսագրվում նախկին նախագահին, որի ղեկավարած ուժը ԱԺ է անցել երրորդ տեղով։ Նախորդ օրը Քոչարյանը փորձել էր մեկնել երկրից, սակայն դա նրան թույլ չէին տվել Զվարթնոց օդանավակայանում։

«Ուժեղ ղեկավար, որից վախենում են» ու չեն ընտրում

Հուլիսի վերջին ԿԸՀ բավարարեց նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ֆորմալ ղեկավար, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։ Նա մեղադրվում է փողերի լվացման և ընտրակաշառք բաշխելու մեջ։ Կալանավորման միջնորդությունը, սակայն, մերժվեց, և կրտսեր Կարապետյանը դարձավ նոր Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր։

Իրավունք չունի, բայց հարուստ է