2026 թ. նոյեմբեր 11, չորեքշաբթի

3 զինծառայողի մահ՝ 3 օրում, բայց «բանակը կապ չունի»

3 զինծառայողի մահ՝ 3 օրում։

Պաշտպանության նախարարը չգիտի, թե ինչու են զինծառայողները սպանվում կամ ինքնասպան լինում, ինչու «այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն»։ Նա զարմացած է, որ մահերի համար մեղադրում են իրեն։ Պաշտպանության նախարարությունը պահանջում է ԶԼՄ-ներից չազդել «զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա», այսինքն՝ ուղղակի չգրել մահերի մասին։

Քննությունը դեռ չսկսված՝ դեպքերի մի մեծ մասը դասակարգվում է որպես «զինվորական ծառայության հետ չկապված» և դուրս բերվում բանակային վիճակագրությունից։ Եթե զինծառայողի դին հայտնաբերվում է զորամասից դուրս գտնվող տարածքում (օրինակ՝ զորամասի մոտակայքում), ՊՆ-ն համարում է, որ բանակը դրա հետ կապ չունի։ Նման դեպքերում անգամ հաղորդագրություն չի հրապարակվում։

Կախվել է հերթապահությունից առաջ

Այսօր կրկին զինծառայող է մահացել։ Armlur-ի տեղեկություններով, հարազատները նրա մարմինը գտել են կախված վիճակում։ Նա բանակում ծառայում էր «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով, հենց այսօր էլ պիտի տնից գնար զորամաս՝ հերթապահության։

Պաշտպանության նախարարությունից անմիջապես արձագանքել են․ «Նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»։

Հաղորդագրության վերջում նախարարությունը բողոքել է մամուլից․ «Վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել <․․․> անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»:

Ինքնասպան է եղել Սիսիանի զորամասում

Երեկ՝ օգոստոսի 24-ին, հաղորդվել է նաև 37-ամյա պայմանագրային զինծառայողի մահվան մասին։ 

«Հրապարակի» տեղեկություններով, նրա մարմինը գտել են Սիսիանի զորամասի դիմաց։ Նախնական վարկածն ինքնասպանությունն է։ «Սիսիանի բնակիչներից մեկը (անունը չցանկացավ նշել) մեզ ասաց, որ դեպքը տեղի է ունեցել 12։00-ի սահմաններում, նրան գտել են զորամասի դիմաց, ինքնասպան է եղել ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով», — գրել է օրաթերթը։ Ըստ այս աղբյուրի, մահացածը ամուսնացած էր, կինը՝ հղի, ընտանիքը ֆինանսական որոշ խնդիրներ ուներ։

Sputnik Արմենիան հղվել է Սիսիանում «շրջանառվող խոսակցություններին» և գրել, թե պայմանագրային զինծառայող Հայկ Մովսիսյանը «մահացել է ոչ թե զորամասից դուրս, այլ զորամասի ներսում․ իր սենյակում ինքնասպան է եղել»։ Նա երկու երեխա ուներ և սպասում էր երրորդին։

Պաշտպանության նախարարությունից անմիջապես հայտարարել են, թե մահվան պատճառը զինվորական ծառայության հետ կապ չունի։ Այլ մեկնաբանություններ չեն տրվել։ Դեպքը չի ներառվել բանակային մահերի վիճակագրության մեջ։

Սպանել է ծառայակիցը

Օգոստոսի 23-ին էլ ՊՆ-ից հաղորդել են, որ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ՔԿ-ից ավելի ուշ տեղեկացրել են՝ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, «առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է»: ՔԿ-ն չի նշել, թե ինչ հարաբերության մեջ է եղել մեղադրյալը սպանվածի հետ։

24news-ը գրել է, որ մահացած զինծառայողը Երևանից էր՝ 22 տարեկան, ծառայում էր Վայքի զորամասերից մեկում: Auroranews-ի տեղեկություններով, նրան սպանել է համածառայակիցը։

Էդգար Գևորգյանը չորս ամիս անց զորացրվելու էր։ Նրա բարեկամներից մեկը պատմել է «Ազատությանը», որ տղան վերջին անգամ արձակուրդ է եկել հուլիսին։ Ծառայությունից դժգոհություններ չեն լսել։ Էդգարի եղբայրն էլ է այս զորամասում ծառայում։ 


Սա «ծառայության հետ կապված» 14-րդ մահվան դեպքն էր վերջին ութ ամիսների ընթացքում, և երկրորդ դեպքը, որը քննվում է որպես սպանություն։

Եվս մեկ զինծառայողի սպանություն դասակարգվել է որպես ծառայությամբ չպայմանավորված և չի ներառվել «բանակային» 14 մահերի մեջ։

Պատասխանատվության մասնաբաժիններ


Տարեսկզբից Հայաստանում 30-ից ավել զինծառայող է մահացել։

տե՛ս Նորակոչիկներին վազեցնում էին գիշերով․ զոհ և վիրավորներ Ճամբարակի վթարից

Նրանցից առնվազն 8-ը, ըստ նախնական վարկածի, «ինքնասպան է եղել»։ Սրանք միայն այն դեպքերն են, որոնց մասին տեղեկություն է հայտնվել ԶԼՄ-ներում։

տե՛ս 5 «ինքնասպանություն», 2 սպանություն, 1 «անզգույշ մահ» 7 ամսում. ո՞ւմ է պաշտպանում Պաշտպանության նախարարությունը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմա զբաղված է վիճակագրություն «կրճատելով»․ վարկածներ է առաջադրում քննիչների փոխարեն և արտադատական կարգով որոշում է մահվան պատճառները։ Նա չի հասկանում, ինչում են իրեն առհասարակ մեղադրում։

տե՛ս Ինչպես է ստում պաշտպանության նախարարությունը

«Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում», — երեկվա ԱԺ ճեպազրույցին ասում էր նա։ «Ինտենսիվության հետ կապված» նախարարը չի կարող գնահատական տալ, քանի որ չգիտի, թե «որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն»։

Որպես ՊՆ ղեկավար՝ Պապիկյանը համարում է, որ ունի իր պատասխանատվության մասնաբաժինը. «Բայց դրա մասնաբաժինը ունեն նաև նրանք, ովքեր այդ քրեական ենթամշակույթին (և միշտ չի, որ քրեական ենթամշակույթի մասին է խոսքը, եկեք ակցենտը միայն դրա վրա չդնենք) վերաբերվում են թողտվությամբ, մատների արանքով են նայում այդ երևույթներին»։

Նրա վերադաս վարչապետը այսօր ԱԺ ամբիոնից խոստանում էր «կզցնել» մեծահարուստ ընդդիմադիրներին։ Վերջիններիս թիմակիցները նրան մեղադրում էին քրեական ենթամշակույթ տարածելու մեջ։

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը փորձում էր «առերեսվել» բանակային մահերի պատճառներին։ «Դեպքերի մի մեծ հատվածը կապված է պոստում քնելու պրոբլեմի հետ», — ԱԺ-ում ասում էր նա։ Ըստ վարչապետի, այդ պրոբլեմը հիմա ավելի է սրվել, որովհետև խաղաղություն է, զիվորները չեն վախենում հարձակման ենթարկվելուց և քնում են, ինչի պատճառով խնդիրներ են ծագում, որոնք բերում են «ոչ կանոնադրական իրավիճակների»։

Պաշտոնյաները մինչ այդ էլ այլ պատճառներ էին նշում՝ օրինակ, հասարական վատ բարքեր, երիտասարդ տղաների հոգեկան անկայունություն, վատ դաստիարակություն և այլն։ Անցած շաբաթ Կառավարության ղեկավարը պատասխանատվության սլաքները ստիպված ուղղեց Ռազմական ոստիկանապետի և բարոյահոգեբանական վարչության ղեկավարի ուղղությամբ։ 4 հոգու պաշտոնանկ արեցին։ Որոշեցին միջգերատեսչական նոր խումբ ձևավորել։ Եվ Սուրեն Պապիկյանը մեկնեց դիրքեր՝ պրոտոկոլային ստուգայցերի։