2026 թ. սեպտեմբեր 2, չորեքշաբթի

Երևանը բռնի տեղահանում է աղքատներին

Երևանի քաղաքապետարանն և ոստիկանության աշխատողները օգոստոսի 31-ին փորձել են մի քանի ընտանիքների վտարել ինքնաշեն տներից։ Ծայրամասային Աերացիայի չոլերում նրանք տեղավորվել են 90-ականներից։ Տարածքով ոչ ոք չի հետաքրքրվել մինչև հիմա. այստեղով անցնում է երկաթգիծը, կոյուղու առուները, անձրևներին տարածքում կեղտաջրեր են կուտակվում, քաղաքապետարանը այստեղ շինաղբ է լցնում, «օձանոց» է, «կարիճանոց»։

Ուրբաթ օրը Շենգավիթի թաղապետարանից ասել են, որ մտադիր են վաճառել հողը, երկուշաբթի եկել են բնակիչներին վտարելու։ Վերջերս երկաթգծի կողքի տարածքներով սկսել են հետաքրքրվել բիզնեսները։

Թաղապետարանի աշխատակիցները և նրանց ուղեկցող ոստիկանները տրակտորներ են բերել, փորձել են ապամոնտաժել տները։ Բնակիչները դիմադրել են, մանկասայալներով փակել են տեխնիկայի ճանապարհը, թույլ չեն տվել քանդման աշխատանքներ սկսել։ Նրանցից երկուսը ձերբակալվել է ոստիկանությանը խոչընդոտելու համար։

Ձերբակալվածներից մեկի վիճակը վատացել է․ նրան տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց, հետո տարել են ՁՊՎ։

Նրա քույրը՝ Լիլիթը պատմել է Epress.am-ին, որ կատարվածից մեծ ստրես են ապրել նաև երեխաները։ Լիլիթը երկար տարիներ աշխատել է քաղաքապետարանի «Մաքուր Երևան»-ում, դրանից առաջ՝ «Սանիթեքում»։ Փողոցն ավլելիս վթարի է ենթարկվել 2023-ին և դարձել հաշմանդամ։ Քաղաքապետարանը չի հոգացել նրա բուժման ծախսերը, փոխհատուցում չեն սահմանել։ Լիլիթը երեք երեխա է պահում։

Նրա եղբայրը բազմազավակ հայր է, քրոջ աղջիկը ունի նորածին երեխա, որին հիմա խմամում են բարեկամները։ Երկուսն էլ ձերբակալել են իրենց տունը քանդող մեքենաների վրա քար գցելու համար։

Լիլիթի հարևանուհի Վարսիկը պատմել է Epress.am-ին, որ թաղապետարանից իրենց առաջարկել են «վերցնել շարժական տնակները և տեղափոխվել մի ուրիշ տեղ»։ Բայց Երևանում անտեր հող չի մնացել, իսկ քաղաքից դուրս գնալու համար փող չկա։ Վարսիկը պահածոների գործարանում օրական 5 հազար դրամ է ստանում։ Երկու երեխա ունի, մեկը՝ 21 տարեկան, մյուսի 18-ը շուտով կլրանա ու կտանեն բանակ։ Արդեն 17 տարի ընտանիքն ապրում է տնակում, որին կից փոքր շինություն են սարքել քիչ-քիչ փող հետ գցելով։ Բոլորը հաշվառված են հենց այս հասցեում, լույսի և ջրի փող են վճարում։ Ուրիշ գնալու տեղ չունեն։ «Երևանում տան վարձը հիմա ավելի բարձր է, քան Սան Ֆրանցիսկոյում»։

Ինքնաշեն տները սեփականաշնորհելու համար բնակիչները մի քանի միլիոն դրամ պիտի վճարեին։ «Եթե այդքան փող ունենայինք՝ տնակում չէինք ապրի», — ասում է Լիլիթը։ Ոչ մեկ չի մտածել, որ ինչ-որ պահի «բիզնեսը կհասնի չոլեր», և ոստիկանները կգան նաև իրենց հետևից։

Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանը փորձել է արդարանալ, թե տնակները քանդելու հապճեպ որոշում են կայացրել,  քանի որ բնակիչները բիզնես են արել՝ տարածքում շինաղբ ընդունելով։ Իրենք էլ, իբրև թե, փորձել են կասեցնել այդ գործունեությունը։

«Մենք էս տարածքը մաքրել ենք ղամիշներից, օձերից, մի կերպ ապրում ենք։ Շինաղբը իրե՛նք են այստեղ լցնում։ Եթե ուզում են հողը վաճառել, թող ուղիղ ասեն։ Թող մեր հողն առնողը մեզ ուրիշ տեղ տա ապրելու, բայց՝ սեփականության թղթով», — արձագանքել է բնակիչներից մեկը։

Տրակտորներն այսօր ստիպված են եղել հեռացել։ Շենգավիթի թաղապետը բնակիչներին հրավիրելի է բանակցությունների սեպտեմբերի 1-ի կեսօրին։

թարմացում՝ սեպտեմբերի 1, ժամը 15։21 — Բնակիչներից Անուշը պատմել է Epress.am-ին, որի բանակցությունների ժամանակ թաղապետն ասել է, թե «տնակները դեռ չեն հանի, մի քիչ ժամանակ կտան, որ բնակիչները դիմեն Սոցապ նախարարություն և խնդրեն կացարան»։