2026 թ. հոկտեմբեր 16, ուրբաթ

Բյուրեղավանում շարունակում են հիվանդանալ

Բյուրեղավանում պարբերաբար աղիքային վարակների դեպքեր են գրանցվում։ Տեղացիները վստահ են, որ պատճառը ջուրն է։ Նրանք բուժհաստատություններ այլևս չեն դիմում. բոլորը ունեն թունավորված ծանոթ կամ ընտանիքի անդամ, որից իմանում են բժիշկների խորհուրդները։ Ծորակի ջուրը դեռ ապրիլից սկսել են չօգտագործել։ Ջուրը կրում են հարևան բնակավայրերի պուլպուլակներից։

Վերջին կես տարում Բյուրեղավանում զանգվածային աղիքային վարակների երեք դեպք է եղել՝ ապրիլին, հուլիսին և սեպտեմբերին՝ մի քանի օր առաջ։ Նախորդ երկու դեպքերում պատասխանատու մարմինների հայտարարությունները հակասական էին. Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնն, օրինակ, հուլիսին ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրել էր շեղումներ: Ապրիլին նույն կենտրոնը ջրի նմուշներում հայտնաբերել էր մանրէաբանական շեղումներ, այդ թվում՝ կոլիֆորմներ, ռոտավիրուս, ադենովիրուս և այլ ախտածիններ։ Սրանք աղիքային վարակների հիմնական հարուցիչներն են։ Հարուցվել էր քրեական գործ։ «Վեոլիա ջուրն» անցկացրել էր սեփական հետազոտությունը և հայտարարել, թե ջրի հետ ամեն ինչ նորմալ է, քլորը տեղն է։ Վերջերս եղած աղիքային վարակների մասով ևս Վեոլիան հերքում է տարածել՝ թունավորման դեպքերը իրենց հետ ոչ մի կապ չունեն։

«Արդեն հոգնել եմ բարձրաձայնելուց։ Էն ժամանակ ջուրը չէին տալիս, անընդհատ Վեոլիա էի զանգում։ Լավ, ինչքա՞ն կարելի է ջուրը առնել։ Ես էսօր կարողանում եմ առնել օրը 10 լիտր ջուր, լողանալն էլ արդեն զզվանքով ենք լողանում։ Բայց արդեն քանի ամիս է։ Գոնե ինչ-որ ձևով սուբսիդավորեն, մարդկանց բերեն ջուր բաժանեն։ Մարդ կա, թոշակառու է, հացի փող չունի, ո՞նց կարա ջուր առնի էդքան», — պատմել է բյուրեղավանցի Արմինեն։

Հիմնականում թունավորվում են երեխաները, քանի որ դրսում ցայտաղբյուրներից և ծորակներից են ջուրը խմում։ Դպրոցներում բացակայություններն այնքան են շատացել, որ քաղաքային գրեթե բոլոր պուլպուլակները փակել են։

«17 հոգանոց դասարանից 6 հոգի է երեկ դասի եկել։ Երեխեքը դասի կեսից վատանում են, դասատուները ստիպված ճանապարհում են տուն», — Epress.am-ին ասել է ծնողներից մեկը։

Չնայած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու Բյուրեղավանի համայնքապետարանը հայտարարել են, որ ջրի հետ ամեն ինչ նորմալ է, այնուամենայնիվ, խորհուրդ են տվել ծորակի ջուրը չխմել, իսկ օգտագործելուց էլ անպայման եռացնել։

Ջրային կոմիտեից Epress.am-ին հայտնել են, որ նախատեսում են սեղմ ժամկետներում Մաքրավան-Աբովյան ջրատարից դեպի Բյուրեղավան եկող նոր ջրագիծ կառուցել և վերանորոգել կոյուղատար համակարգի որոշ հատվածներ։ Համայնքապետարանն էլ խոստացել է շենքերի մաշված ներտնտեսային համակարգը նորոգել։ Իսկ «Վեոլիա ջուրը» ոչ մի վերանորոգում չի նախատեսում։

«Եկել են էստեղ Վեոլիայից։ Մենք էլ դրսում էինք։ Ասում են՝ չենք կարողանում աղբյուրը գտնել, թե որտեղից են էդ թունավորումները լինում։ Մի քիչ որ տրամաբանում ես, հասկանում ես, որ հնարավոր է՝ կոյուղին ու խմելու ջուրը չեն խառնվել իրար, այլ որ խողովակները շատ հին են ու երկաթն ինչ-որ նյութ է արտադրում, որը օրգանիզմը չի ընդունում», — ասել են բնակիչները։

Բյուրեղավանցիների խոսքով ծորակի ջրից վատ հոտ է գալիս, ժանգոտ է, բայց ստիպված են այդ ջրով լողանալ, լվացք անել։

Աղիքային վարակի հիմնական սիմպտոմներն են փսխումը, սրտխառնոցը, ջերմությունը, փորլուծությունը։ Բյուրեղավանի շտապօգնությունն ու պոլիկլինիկաների ընտանեկան բժիշկները չեն հասցնում սպասարկել բոլոր հիվանդներին։

«Որ զանգում ենք շտապօգնություն, մեր հիվանդանոցի բրիգադը չի գալիս, գալիս են Նոր Հաճնից, մեզ մոտ էլ տեղ չկա, ազատ բժիշկ չկա, գերծանրաբեռնված են», — պատմել է Արմինեն։

Բյուրեղավանցիներին դիմել է փաստաբան, նախկին ՀՀԿ-ական Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ առաջարկելով կոլեկտիվ դատական հայց ներկայացնել «Վեոլիա ջուր» ընկերության դեմ։ Նա առաջարկել է ջրի անկախ ստուգում իրականացնել և ի վերջո ստանալ կրած վնասի փոխհատուցում։

Անորոշության պատճառով քաղաքում տարբեր դավադրությունների մասին են արդեն խոսում․ կա վարկած, որ ջրատար խողովակները խառնվել են կոյուղաջրերի խողովակներին կամ որ վիրուսը Թուրքիայից են կրակել հենց Բյուրեղավանը թունավորելու համար։ Նաև խոսակցություններ կան, որ լավ ջուրը գնում է Արզնու ամառանոցներ։

2016 թվականին պետությունը «Վեոլիային» 15 տարով վարձակալության էր հանձնել սնանկացած ջրմուղ-կոյուղիների ենթակառուցվածքները։ Ընկերությունը պարտավորվել էր տարեկան առնվազն 1,5 միլիարդ դրամի պարտադիր կապիտալ աշխատանքներ կատարել, իսկ պետությունը՝ փոխհատուցել այդ ծախսերը։ «Վեոլիան» այդ ծավալի վերանորոգումներ չի արել։ Կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և սպասարկող ընկերությունը ջրամատակարարման ձախողման մեջ սովորաբար մեղադրում են միմյանց։ «Վեոլիա ջուրը» սովորաբար նշում է, որ կնքված է վարձակալության պայմանագիր, թեև փաստացի դա սպասարկման կամ հանրային ծառայության պայմանագիր է։ Այդ տրամաբանությամբ ընկերությունը պատասխանատու է միայն իր վարձած գույքի համար․ նոր խողովակներ չի սարքելու, բայց պարտավոր է վերանորոգել հները։ Պարտադիր վերանորոգումները, սակայն, չեն արվում նույնիսկ պարզ վթարների դեպքում։ Խողովակների մաշվածությամբ է պայմանավորված նաև խմելու ջրի ահռելի կորուստը՝ տարբեր հաշվարկներով մինչև 65 տոկոս։

Ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր «չդեմոնիզացնել» ընկերությանը և հաշվի առնել, որ «Վեոլիա ջրին բերել, դրել ենք հնամաշ, քայքայված ջրային համակարգի վրա»։ Կառավարությունն ուզում է շարունակել «Վեոլիայի» հետ համագործակցությունը, բայց՝ «փոփոխված որակով»։