Ջրի կորուստը գերազանցում է մարդկանց պահանջարկը. Վահագնաձորի օրինակը
Նովոսելցովո-Վանաձոր ջրի մագիստրալն անցնում է Վահագնաձոր գյուղով, բայց գյուղացիներից շատերը նույնիսկ խմելու ջուր չունեն։ Բնակիչները ջուրը կրում են դույլերով մոտ տասը տարի առաջ կառուցված եկեղեցու պուլպուլակից։
140 տնտեսություններից 81-ը «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ են։ Մնացածը պուլպուլակի հույսին են։
— Համայնքից մեզ ասել էին, որ գյուղերի համար ծրագիր ունեն, պետք է ընդհանուր խողովակը բերեն հայաթներ, մեզ մնա հայաթից հասցնել տուն։ Հարևան Վահագնիում արեցին, — պատմում է ցայտաղբյուրի մոտ հերթ կանգնած կանանցից մեկը։
Մագիստրալին կպնելու համար պետք է մեծ ծախս անել։ Ընթացակարգը այսպիսին է․ բնակիչը գրավոր դիմում է Վեոլիային, ընկերությունը ավելի ուշ մասնագետ է ուղարկում, որը չափումներ է անում, տալիս է խորհուրդներ։ Ծախսը մնում է բաժանորդի վրա։
Ո՞վ է մտնելու բյուրոկրատական քաշքշուկների մեջ մի քանի խորհուրդ ստանալու համար։ Գյուղացիները, որոնք փող ունեն, ջուրը քաշում են ինքնուրույն։ Կպնում են ընդհանուր ջրագծին և սկսում են փորել, որ իրենց խողովակը հասցնեն տուն։ Անորոշ ժամանակ անց հայտնվում է Վեոլիայի տեսուչը, որը տուգանում է բնակչին ապօրինի ջրամիացման համար և տեղադրում է ջրաչափ։ Տուգանքը վճարելուց հետո բնակիչը դառնում է օրինական բաժանորդ, որպեսզի գումար վճարի Վեոլիային ջրաչափի տվյալներին համաձայն։
Մագիստրալից մինչև եկեղեցի մոտ 600-700 մետր է, իսկ սարի լանջին գտնվող տները՝ ավելի հեռու։ Եթե ջրագիծ քաշես Վեոլիայի ցուցումներին հետևելով, կրկնակի կամ եռակի թանկ կնստի։ Ինքնագլուխ խողովակ գցելն ու տուգանվելն ավելի էժան է։ Այսպես գյուղը ծածկվել է անհասկանալի հետագիծ ունեցող խողովակներով։ Երբեմն դրանք պլաստմասից են։ Ցաքուցրիվ խողովակաշարը ընդհանուր լոգիստիկա չունի։
— Եթե գյուղում տուն առնեմ, ի՞նչ պիտի անեմ, որ ջուր ունենամ։
— Պիտի գնաս, լապատկան ու ղազղեն վերցնես, փորելով կամա՜ց գաս, — ասում է գյուղացիներից մեկը․ — Կարող է ինձ խանգարես, չթողնեմ, որ իմ դռնով տանես։ Էտ դեպքում կգնաս, ուրիշ տեղով կփորես։ Մի 200 հազարի մենակ տրուբա ես առնելու, եթե ոչ ավել։ Գոնե մի 40 սանտիմետրի խորություն պիտի ապահովես, որ ձմեռը տրուբեն չսառչի։ Կենտրոնական մագիստրալը տեսե՞լ եք։ Երնեկ գնաք էդ մագիստրալի վիճակը նկարեք, որ մի 100 տեղից տրաքած է։ Ժողովուրդն էտքան չի օգտվում, ինչքան էնտեղից ջուր է գնում։ Բայց եթե հանկարծ ժողովուրդը մի հատիկ վինտիլ բացի, կգան՝ մինիմում 100 հազարի կտուգանեն։
— Վեոլիան Հայաստանի քաղաքացիներին ջուր չի ծախում, այլ ծախում է սպասարկում։ Բայց սպասարկում չկա, — ասում է մեկ այլ գյուղացի․ — Մարդիկ ջուրն ինքնուրույն են քաշում, քաշելուց հետո խողովակը ինքնուրույն են սպասարկում։ Վեոլիան բաժանորդ է սարքում զուտ սչյոտչիկ դնելու համար։ Եթե խողովակը ծակվեց, տրաքեց, ճաքեց, պիտի վերանորոգես ինքնուրույն։ Ընկերությունը չի սպասարկում նաև ընդհանուր ջրագծերը։
Նովոսելցովո-Վանաձոր մագիստրալից գյուղ մտնող խողովակները տարբեր տեղերից ծակ են և մաշված, Վահագնաձորի հատվածում խմելու ջուրը տարիներով հոսում է ջրվեժի պես։ Հունիսի 21-ին Epress.am-ը գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր ընկերությունից՝ արդյո՞ք պատրաստվում են վերանորոգել վթարված ջրագիծը։
Խմբագրությանը զանգահարած Վեոլիայի տեսուչն ասում էր, թե տեղյակ չէ վթարից, և կոորդինատներ խնդրում խողովակի ծակ հատվածները նույնականացնելու համար։ Գրավոր պատասխանի մեջ ընկերությունը նշում էր, թե վերջին երկու ամիսների ընթացքում վթարի մասին ահազանգներ չի ստացել։ Գյուղացիները սրան լուրջ չեն վերաբերվում։ Համայնքապետից բռնած՝ բոլորը գիտեն վթարի մասին։ Սա ոչ՛ երկու ամսվա, ո՛չ էլ երկու տարվա խնդիր է։
***
Հասկանալու համար, թե նոր եկեղեցի կառուցելուց բացի էլ ինչ է արվել վերջին տասնամյակների ընթացքում, Epress.am-ը փորձեց դիմել Վահագնաձորի վարչական ղեկավար Էդիկ Եղոյանին, որը համայնքի խոշորացումից առաջ գյուղապետ էր աշխատում երկար տարիներ։ Եղոյանը լրագրողների հետ զրուցելու հավես չուներ։ «Ջրագիծը քաշված է բոլոր թաղամասեր, գյուղում ջրի խնդիր չկա», — ասաց վարչական ղեկավարը։
լրագրող․ — Պուլպուլակի մոտ հերթեր են։ Մարդիկ ասում են, որ տանը ջուր չունեն։
վարչական ղեկավար․ — Ո՞վ է նման բան ասում։ Ով նման բան է ասում՝ գլուխը պատով է տալիս։
Վահագնաձորը 5 տարի առաջ ներառվել է Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի կազմում։ Դիմեցինք Փամբակի համայնքապետարան։
— Մագիստրալից մինչև տներ ընկած հատվածը բաժանորդի վրա է, — ասաց Փամբակի աշխատակազմի քարտուղար Ռաիսա Մինասյանը․ — Եթե կան երկար հատվածներ՝ 100-200 մետրից ավել, թող դիմեն համայնքապետարան, մենք կքննարկենք համայնքի ղեկավարի հետ: Դա կարող ենք անել սուբվենցիոն ծրագրերով։ Պիտի հաշվի առնենք ընդհանուր շահը։ Եթե մագիստրալից 700 մետր հեռավորության վրա ընդամենը մեկ տուն կա, համայնքը գուցե չկարողանա իրեն նման ծախս թույլ տալ ընդամենը մեկ տնտեսության համար։ Խնդիրները փորձում ենք մաս-մաս լուծել՝ ըստ առաջնահերթության։ Օրինակ, այս պահին սուբվենցիայով ջրագիծ ենք կառուցում Դեբետ գյուղում, որտեղ ընդհանուր մագիստրալն ընդհանրապես մոտեցված չէ բնակավայրին:
Փամբակ համայնքը կազմված է 18 բնակավայրերից։ Ըստ Մինասյանի՝ բնակավայրերի միայն 55-60 տոկոսում է ջրամատակարարումն իրականացվում «Վեոլիա Ջրի» կողմից, մնացած տեղերում մարդիկ օգտվում են սարերի ինքնահոս աղբյուրներից:
Վահագնաձորում էլ շատերը Սովետից մնացած ջրամբարի հույսին են։ «Սարի ջուրն» օգտագործում են լվացքի, եթե հերիքի՝ լողանալու համար։ Ջրամբարը ցամաքում է, չի մաքրվում, խմելու համար պիտանի չէ՝ նույնիսկ վտանգավոր։
— Սա էտ ջրամբարից եկած բնական ջուրն ա՝ մամռոտած։ Տներ կան՝ սրանից էլ չունեն։ Զուգարանի ջուրն էլ են պուլպուլակից կրում, — ասում է բնակիչներից մեկը։ Նրա բակում «բնական ջուրը» հոսում է բարակ պլաստմասե խողովակից;
***
Լոռու մարզում շատ գյուղեր ներառված չեն «Վեոլիա Ջրի» սպասարկման ցանցում։ Օրինակ՝ Մեծավանը, որը օգտվում է սարի հին ամբարից։ Ինքնահոս ջրի պատճառով գյուղում վերջերս աղիքային հիվանդությունների բռնկումներ են եղել:
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի ղեկավար Գևորգ Քոթանջյանի խոսքով, լեռնային տարածքներում ջրագծեր անցկացնելը իսկապես շատ ծախսատար է, առանձին անհատը չի կարող ջուր քաշել, պետք է համայնքը դիմի կառավարությանը, կառավարությունը մտցնի առաջնահերթությունների ցանկ և գումար հատկացնի։
— Մենք առաջարկում էինք, որ լեռնային բնակավայրերի ջրամատակարարման հարցը լուծվի Լեռնավան գյուղի օրինակով։ Այնտեղ սարքել են ջրի դամբա, որը զտում, մաքրում է սարերի ջուրը, և որը կարող է միանգամից 6 գյուղ սպասարկել, — Epress.am-ին ասել է Քոթանջյանը։
Դամբան կառուցվել է երեք տարի առաջ, բայց մինչև հիմա չի օգտագործվում։
— Քանի որ խոշորացված համայնքի ղեկավարը խնդիր ունի ավագանու անդամներից մեկի հետ, իսկ այդ ավագանու անդամը Լեռնավանից է, արդեն երեք տարի է՝ ամեն ինչը պատրաստ է, բայց ջուր չկա։ Ավագանին պիտի որոշում կայացնի, տա, որ ջրամբարը և խողովակները սպասարկի Վեոլիան։ Եթե Վեոլիային չի տալիս, պիտի համայնքը ինքնուրույն ստանձնի սպասարկումը։ Ո՛չ էն են անում, ո՛չ էն։ Եթե այս մոդելը աշխատեր, լավ նախադեպ կլիներ մյուս գյուղերի համար, — ասել է Քոթանջյանը։
Գյուղերի բնակիչներին համայնքային իշխանությունների մեկնաբանությունները չեն մխիթարում։
— Ինֆարկտ տարած, ստենդավորած, զոնդավորած կնիկ եմ ես։ Խմելու ջուր չունեմ, բնական ջուրս կտրվել է։ Չորս լիտրանոց վեդրոյով ամբողջ օրը ստեղից էնտեղ եմ գնում։ Լվացք ենք անում, տուն ենք մաքրում, աման ենք լվանում, լողանում, զուգարան ենք գնում՝ սաղ ջուր է։ Փոքր հողամաս ունեմ, եթե մշակեմ՝ նորից պիտի ջուր քարշ տամ։ Իմ 6 երեխաներից ոչ մեկ Վահագնաձորում չի մնացել, որովհետև էստեղ տարրական պայման չկա ապրելու համար։
***
Ով է մեղավոր, որ Հայաստանով մեկ փտած, մաշված ջրախողովակները չեն վերանորոգվում և նորերը չեն կառուցվում։
Պետությունը «Վեոլիա ջուր» ֆրանսիական կորպորացիայի հետ պայմանագիր է կնքել 2016 թվին։ Սնանկացած ջրմուղ-կոյուղիների ենթակառուցվածքները 15 տարի ժամկետով վարձակալման են հանձնվել։ «Վեոալիան» պարտավորվել է կատարել տարեկան առնվազն 1.5 միլիարդ դրամի «պարտադիր կապիտալ աշխատանքներ» մաշված ենթակառուցվածքները վերանորոգելու համար, իսկ Հայաստանը պարտավորվել է փոխհատուցել այդ ծախսերը։ Ընկերությունը այդ ծավալի վերանորոգումներ չի արել։ Հայաստանը սովորաբար թերֆինանսավորել է։ 2018 թվականին, օրինակ, «Վեոլիա ջուրը» հրաժարվել է կատարել ծրագրված վերանորոգումների մոտ 50 տոկոսը՝ ավելի քան 1 միլիարդ դրամ արժողությամբ։
Կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և սպասարկող ընկերությունը ջրամատակարարման ձախողման մեջ սովորաբար մեղադրում են միմյանց։ «Վեոլիա ջուրը» միշտ նշում է, որ կնքված է վարձակալության պայմանագիր, թեև փաստացի դա սպասարկման կամ հանրային ծառայության պայմանագիր է։ Այդ տրամաբանությամբ ընկերությունը պատասխանատու է միայն իր վարձած գույքի համար․ նոր խողովակներ չի սարքելու, բայց պարտավոր է վերանորոգել հները։
Վահագնաձորի օրինակը եզակի չէ․ պարտադիր վերանորոգումները չեն արվում նույնիսկ պարզ վթարների դեպքում։ Խողովակների մաշվածությամբ է պայմանավորված նաև խմելու ջրի ահռելի կորուստը՝ տարբեր հաշվարկներով մինչև 65 տոկոս։
Ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել Վեոլիայի հետ համագործակցությունը շարունակել «փոփոխված որակով»։ Նա առաջարկել էր «չդեմոնիզացնել» ընկերությանը և հաշվի առնել, որ «Վեոլիա ջրին բերել, դրել ենք հնամաշ, քայքայված ջրային համակարգի վրա»։ Ջրագծերը թարմացնելու համար հարկավոր են կապիտալ ներդրումներ։ Պետք է մտածել նաև կնքված պայմանագիրը հստակեցնելու ուղղությամբ։ Կառավարության և Վեոլիայի միջև ստորագրված փաստաթուղթը հիմա բազմաթիվ անորոշություններ է պարունակում և ներառում պատասխանատվությունից խուսափելու իրավական լծակներ։