Հնդկաստան՝ գլոբալ արտադրական կենտրոն աշխատողների նեռվերի հաշվին
Արդյունաբերական ապստամբություն
Ապրիլին Դելիի Ազգային մայրաքաղաքային շրջանը (National Capital Region, NCR) պատվեց գործադուլների ալիքով։ Դրանք սկսվել էին Հարյանա նահանգի Մանեսար քաղաքից, տարածվել շուրջ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նոյդա քաղաք (Ութար Պրադեշ նահանգ) և ընդարձակվել դեպի ավելի հեռավոր բնակավայրեր՝ Բհիվադի, Ֆարիդաբադ, Նիմրանա, Ռուդրապուր և այլուր։ Տեղական աղբյուրների տվյալներով, մեկ ամսում գործադուլների դեպքեր են արձանագրվել հինգ նահանգների ավելի քան 150 ձեռնարկություններում։
NCR-ը աշխարհի ամենախիտ արդյունաբերականացված շրջաններից է՝ ծրագրված արտադրական հանգույցների համախումբ, որն արագորեն ընդլայնվել է 1990-ականների տնտեսական ազատականացումից հետո։ Շրջանը ձգվում է Դելիից մինչև հարակից նահանգներ՝ Հարյանա, Ուտար Պրադեշ և Ռաջաստան։ NCR-ում իշխում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի «Բհարաթիա Ջանաթիա» կուսակցությունը։ Այստեղ աշխատող միլիոնավոր մարդիկ արտադրում են ավտոմեքենաներ, էլեկտրոնիկա, հագուստ և սպառողական ապրանքներ։

Նոյդայում, Ուտար Պրադեշ / ապրիլի 13, 2026 / աղբյուրը՝ PTI
Դժգոհությունն այստեղ կուտակվել է տարիներով։ Աշխատավարձերը միտումնավոր ցածր են պահվում (նահանգները մրցում են միմյանց հետ արտադրական ներդրումներ ներգրավելու համար), իսկ նվազագույն աշխատավարձը չի վերանայվել 2016-ից ի վեր։ Այս ընթացքում ինֆլյացիան լրջորեն նվազեցրել է աշխատողների գնողունակությունը։ Արհմիություններ հիմնելը գրեթե անհնարին է պայմանագրային աշխատանքի համակարգի և մատակարարման շղթաների մասնատվածության պատճառով։ Մինչև վերջերս աշխատողների դիմադրությունը հիմնականում անհատական էր և չհայտարարված՝ աշխատանքի տեմպի դանդաղեցում, հիվանդության պատրվակով աշխատանքի չներկայանալ, արտաժամյա աշխատանքից հրաժարվել։ Ծայրահեղ դեպքում աշխատողները նստում էին ավտոբուսը, վերադառնում իրենց գյուղ և այլևս գործի չէին գնում։ NCR-ի գործարաններում կադրային հոսքն այնքան բարձր է, որ ղեկավարությունը դրան վերաբերում է որպես բիզնես վարելու անխուսափելի ծախս։
Վերցնենք, օրինակ, Մանեսարը, որտեղից սկսվել է գործադուլների այս ալիքը։ Նյու Դելիից հարավ-արևմուտք գտնվող Գուրգաոն–Մանեսար արդյունաբերական գոտին ձևավորվել է ավտոարտադրող Maruti Suzuki ընկերության շուրջ, որը հիմնադրվել է 1980-ականների սկզբին որպես Հնդկաստանի կառավարության և ճապոնական ընկերության համատեղ ձեռնարկություն։ Փուլային արդյունաբերականացման կառավարական ծրագիրն այս տարածքը դարձրեց Հնդկաստանի ավտոմոբիլային արտադրության գլխավոր կենտրոններից մեկը։ Մանեսարի Արդյունաբերական մոդելային ավանի (Industrial Model Township) 2,200 արտադրական միավորներում 2023 թվականի դրությամբ աշխատում էր շուրջ 300,000 մարդ։
Ավտոպահեստամասեր արտադրող գործարաններում պայմանագրային աշխատողները սովորաբար աշխատում են 12-ժամյա հերթափոխերով և ստանում օրական 600 ռուփի (մոտ 6 ԱՄՆ դոլար)։
Գրավոր աշխատանքային պայմանագիր նրանք հիմնականում չունեն, բողոքարկման պաշտոնական մեխանիզմ չկա, աշխատանքային համաձայնությունը երկարաձգվում է 30-օրյա ժամկետով, բայց գործատուն կարող է դրանից հրաժարվել։ Արտաժամյա աշխատանքի վարձատրությունը հազվադեպ է ճիշտ հաշվարկվում, «պատճառված վնասի» պատճառաբանությամբ աշխատավարձից պահումները համատարած են և կամայական։ Միգրանտ աշխատողների սոլիդարության ցանցի (Migrant Workers Solidarity Network) հարցման համաձայն, Մանեսարի գոտու աշխատողների ավելի քան 60 տոկոսը երբևիցե աշխատավարձի հաշվարկային թերթիկ չի ստացել։
Նյու Դելիից հարավ-արևելք գտնվող Նոյդա քաղաքի արտադրական հանգույցը մասնագիտացած է հագուստի և էլեկտրոնիկայի վրա։ Արտադրությունը բաշխված է հազարավոր գործարանների միջև, որոնք կապված են միմյանց հետ կապալառուների և ենթակապալառուների միջոցով։ Աշխատավարձային թալանն այստեղ իրականացվում է ապօրինի պահումներով և կամայական ազատումներով։ Համատարած չարաշահվում է նաև Աշակերտի կարգավիճակը, որի տևողությունը սահմանափակված է օրենքով՝ առավելագույնը երկու տարի։ Այս լծակն օգտագործվում է մշտական աշխատողներին հասանելի արտոնություններից և իրենց հմտություններին համապատասխան վարձատրությունից զրկելու համար։
Բանվորները հանդուրժում են շահագործումն ու ապօրինությունները, որպեսզի չզրկվեն աշխատանքից։ Խնայողություններ և սոցիալական պաշտպանություն չունեցող պայմանագրային աշխատողը, որի ընտանիքը գյուղում կախված է ամենամսյա դրամական փոխանցումներից, չի կարող թույլ տալ իրեն նույնիսկ ժամանակավոր մնալ առանց եկամտի։ NCR-ով մեկ գործատուները աշխատողների ցանկացած դիմադրությանը պատասխանում էին ստանդարտ ձևով՝ ազատում աշխատանքից։
Աշխատանքից հեռացված բանվորները հայտնվում էին սև ցուցակում։ Նոյդայի գործարանները ունեն ընդհանուր կապալառուներ և վերահսկիչներ, սև ցուցակում ընդգրկված աշխատողները կարող են առհասարակ զրկվել նոր աշխատանք գտնելու հնարավորությունից։
Հավաքական գործողություններին խոչընդոտում են նաև աշխատողների միջև առկա տարբերությունները՝ տարբեր կարգավիճակներ, աշխատանքային տարբեր պայմաններ։ Մշտական աշխատողի առաջնահերթությունները տարբերվում են 30-օրյա պայմանագրով աշխատողից, որին առանց նախազգուշացման կարող են հեռացնել աշխատանքից։ «Աշակերտն» ունի բոլորովին այլ դժգոհություններ, քան հատավճարով աշխատող նրա կոլեգան, որի ամսական եկամուտը կարող է անկանխատեսելիորեն տատանվել։
Այդ տարբերությունները հաղթահարելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմներն ավելի են սահմանափակվել 2025-ի նոյեմբերին ուժի մեջ մտած նոր Աշխատանքային օրենսգրքերով։ Բարեփոխումները աշխատաշուկայի ազատականացման քաղաքականության շարունակությունն էին։ Բյուրոկրատիայի պարզեցմամբ հեշտացվեցին զանգվածային կրճատումները։ Որպեսզի գործատուն ճանաչի արհմիությունը, անհրաժեշտ է, որ դրան անդամակցի աշխատողների նվազագույնը 51 տոկոսը՝ գործնականում անհասանելի շեմ։ Սահմանված ընթացակարգային պահանջները զգալիորեն բարդացնում են օրինական գործադուլների կազմակերպումը։
Այնուամենայնիվ, այս տարվա առաջին եռամսյակում արդեն նկատվում էին զանգվածային դիմադրության նախանշաններ։ Արդյունաբերական ոլորտում արձանագրվել էր բողոքի առնվազն 28 խոշոր գործողություն։ Օրինակ, Հարյանա նահանգի Պանիպատ քաղաքում գործող Indian Oil նավթավերամշակման գործարանի գործադուլը. 30,000 աշխատող 6 օրով դադարեցրել էր արտադրությունը, իսկ անվտանգության ուժերը կրակ էին բացել՝ հավաքված ամբոխին ցրելու համար։ Բողոքի գործողություններ եղան նաև Սուրաթում գտնվող ArcelorMittal Nippon Steel-ում, Սինգրաուլիի Adani Power-ում, ինչպես նաև չորս նահանգներով սփռված UltraTech Cement-ի գործարաններում։ Սրանք համակարգված գործողություններ չէին, ավելի շուտ՝ զուգահեռ արձագանքներ նույն կառուցվածքային ճնշումներին։

Նոյդա, Ուտար Պրադեշ / ապրիլի 13, 2026 / աղբյուրը՝ PTI
Ինչո՞ւ տարիներով կուտակված դժգոհությունը հանկարծ վերածվեց արդյունաբերական պայքարի։ Քաղաքական ֆոնի կարևոր մաս էին նոր Աշխատանքային օրենսգրքերը, որոնք մեծ հիասթափություն առաջացրեցին․ շատերը ակնկալում էին աշխատավարձերի բարձրացում և ավելի կայուն զբաղվածություն։ Կառավարությունը լայնորեն գովազդում էր այդ օրենսգրքերը, արդյունաբերական գոտիներում տեղադրված վահանակները դրանք ներկայացնում էին որպես խոշոր բարեփոխումներ։
Ապրիլին սրան գումարվեց ևս երկու գործոն։
Առաջինը կյանքի թանկացումն էր։ Հնդկաստանը իր սպառած հում նավթի մեծ մասը ներմուծում է։ Արևմտյան Ասիայում բռնկված հակամարտության պատճառով կտրուկ աճեցին վառելիքի և կենցաղային գազի գները՝ կլանելով այն չնչին գումարը, որը մնում էր աշխատողներին բնակարանի վարձը մուծելուց հետո։ Ամսական մոտ 10,000 ռուփի ստացող աշխատողի համար, որի օրական եկամուտը պահումներից հետո կազմում է 3.80 դոլար, կենցաղային գազի մեկ բալոնի գինը գոյատևման հարց է։
Երկրորդ գործոնը անմիջական ազդակն էր։ Ապրիլի 9-ին Հարյանա նահանգի ղեկավարությունը (Մանեսարում շաբաթներ տևող արդյունաբերական բողոքների ճնշման ներքո) հայտարարեց, որ 35 տոկոսով կբարձրացնի հատուկ որակավորում չունեցող աշխատողների նվազագույն աշխատավարձը՝ ամսական 11,274 ռուփիից (119 ԱՄՆ դոլար) հասցնելով 15,220 ռուփիի (161 ԱՄՆ դոլար)։ Այս հայտարարությունը միաժամանակ վրդովմունք և հույս առաջացրեց Նոյդայի աշխատողների մոտ, որոնք նույն մուլտինացիոնալ ընկերություններում համանման աշխատանքի դիմաց ավելի քիչ են վարձատրվում։ Նրանք հավատացին, որ կարող են ստիպել Ուտար Պրադեշի վարչակազմին նույնպես գնալ զիջումների։
Մատակարարման շղթան դարձավ նաև գործադուլի մասին տեղեկատվության տարածման ուղի։ Երբ Մանեսարի Richa Global հագուստի արտադրամասի աշխատողները գործադուլ հայտարարեցին և ենթարկվեցին ոստիկանական հարձակման, Նոյդայի Richa Global-ի աշխատողներն, ի պատասխան, նույնպես դադարեցրին աշխատանքը։ Ավտոմոբիլային պահեստամասեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ Motherson-ի աշխատողները տեսան, թե ինչպես գործադուլները Նոյդայից տարածվեցին արտադրական շղթայի ողջ երկայնքով՝ դեպի Ֆարիդաբադ, Լաքնաու, Հալդվանի և Բհիվադի։
Ապրիլի 14-ի դրությամբ 83 տարբեր վայրերում փողոց էր դուրս եկել արդեն ավելի քան 42,000 աշխատող։
Մոբիլիզացիան տարածվում էր հորիզոնական՝ գործարանների դարպասների մոտ տեղի ունեցող զրույցների, միգրանտական ցանցերի, կաստայական կամ տարածաշրջանային համերաշխության միջոցով, որն աշխատողներին կապում է իրենց հայրենի գյուղերի հետ։ Կարևոր դեր խաղաց նաև սոցիալական մեդիան։ Բիհարից և Ուտար Պրադեշի արևելյան շրջաններից եկած միգրանտ աշխատողները համերաշխության զուգահեռ մշակույթ էին ձևավորում Instagram-ում, որտեղ տեսանյութեր էին տարածվում, թե ինչպես են, օրինակ, Պանիպատի Indian Oil-ի աշխատողները քարեր նետում պարազինվորական ուժերի ուղղությամբ։ Այդ կադրերի տարածումը նպաստեց նրան, որ տարբեր շրջաններում և տարբեր ոլորտերում աշխատող մարդիկ սկսեն տեսնել իրենց որպես նույն աշխատավոր դասակարգի մաս։
Պետության արձագանքը հետևեց արդեն ձևավորված դաժան նախադեպերին։ 2011–2012 թվականներին Մանեսարի Maruti Suzuki գործարանի աշխատողները պայքարում էին անկախ արհմիություն ստեղծելու իրավունքի համար։ 2012 թվականի հուլիսին տեղի ունեցած բախումներից հետո, առանց որևէ քննության, աշխատանքից ազատվեց 546 մշտական և 1,800 պայմանագրային աշխատող։ Ավելի քան 147 մարդ բանտարկվեց, գործադուլի տասներեք առաջնորդներին դատապարտեցին ցմահ ազատազրկման՝ հիմնվելով ապացույցների վրա, որոնք, ըստ People’s Union for Democratic Rights կազմակերպության զեկույցի, կեղծված էին։ Գործադուլների ճնշումը և դրանց քրեականացումը զգալիորեն թուլացրեցին ռեգիոնի կազմակերպչական ենթակառուցվածքը։
Այս տարի ևս պետությունն ու ոստիկանությունը փորձում էին քրեականացնել գործադուլավորներին։ Նրանք պնդում էին, թե արդյունաբերական ոլորտում բողոքի գործողությունները հրահրված են արտաքին սադրիչների կողմից։ Գործադուլները ներկայացվում էին որպես WhatsApp-ով կազմակերպված դավադրություն։
Երբ դա չաշխատեց, սկսեցին խոսել Պակիստանի, նաքսալականների (Naxalism) հետ կապերի՝ մի խոսքով, ինչ-որ բաների մասին, որոնք կշեղեին ուշադրությունը բուն խնդրից՝ աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից։
Մանեսարում հարյուրավոր աշխատողներ են ձերբակալվել, թիրախավորվել են նաև կազմակերպիչները և ակտիվիստները։ Inquilabi Mazdoor Kendra աշխատավորական կազմակերպության անդամներին ձերբակալել են ավտոպահեստամասեր արտադրող Bellsonica ընկերության աշխատողների հետ միասին․ նրանց պիտակավորել են որպես դավադիրներ և կալանավորել։ Հազարավոր աշխատողներ են բերման ենթարկվել նաև Նոյդայում։ Թիրախավորվել են նաև գործադուլներին աջակցող մարդիկ՝ օրինակ, մի ծրագրավորող, որը խաղաղ բողոքի կոչով տեսանյութ էր հրապարակել, կամ փորձառու մի լրագրող, որը արդեն տասներկու տարի այդ քաղաքում չի էլ եղել։ Այնուհետև կիրառվեց Ազգային անվտանգության մասին օրենքը (National Security Act), որը թույլ է տալիս «կանխարգելիչ» կալանքի ենթարկել՝ առանց մեղադրանքի կամ դատավարության։ Հարյուրավոր աշխատողներ մինչ օրս բանտարկված են սպանության փորձի մեղադրանքով։ Փաստագրվել են նաև կալանքի ընթացքում խոշտանգումների դեպքեր։

Նոյդա, Ուտար Պրադեշ / ապրիլի 13-14, 2026 / աղբյուրը՝ Reuters
Հունիսին տարածաշրջանով մեկ արտադրությունը վերականգնվեց, թեպետ ձերբակալություններից հետո փախուստի դիմած շատ աշխատողներ այդպես էլ չկարողացան վերադառնալ աշխատանքի։ Շարժմանը հաջողվեց հասնել մի կարևոր զիջման․ մոբիլիզացիայից ընդամենը մի քանի օր անց թե՛ Հարյանայի, թե՛ Ուտար Պրադեշի իշխանությունները վերանայեցին նվազագույն աշխատավարձի չափը։ Ձեռքբերումները հավասարաչափ չէին։ Շատ գործատուներ մինչ օրս չեն կիրառել նոր դրույքաչափերը, պայմանագրերը չերկարաձգելու միջոցով իրականացվող լուռ հաշվեհարդարը շարունակվում է, հարյուրավոր աշխատողներ դեռ բանտարկված են, կազմակերպիչների և ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են։
Գործադուլները չկարողացան փոխակերպել այն աշխատանքային ռեժիմը, որը ծնել էր դրանք, բայց ակնառու դարձրեցին Հնդկաստանի տնտեսական մոդելի հիմնարար հակասություններից մեկը։ Վերջին տասնամյակում Մոդիի կառավարությունը արտադրական ոլորտը դարձրել էր տնտեսական աճի իր ռազմավարության կենտրոնական բաղադրիչը, Դելի–NCR արդյունաբերական միջանցքի գործարանները, լոգիստիկ ցանցերը և հսկայական մատակարարման շղթաները ներկայացվել են որպես այդ ռազմավարության գլխավոր նվաճումը՝ ապացույց, որ Հնդկաստանը վերածվում է համաշխարհային արտադրական ուժի։ Արդյունաբերական այս խթանը հիմնված է «ճկուն» աշխատանքային ռեժիմի վրա, որը բնութագրվում է խորը անապահովությամբ, աշխատավարձերի լճացմամբ և աշխատողների աճող դժգոհությամբ: Այդ դժգոհությունը հնարավոր չէ անվերջ ճնշել հակաաշխատավորական օրենքներով։
Գարնանը բռնկված գործադուլները սրա վկայությունն էին։ Արդյոք դրանք շրջադարձային կլինեն՝ կախված է նրանից, թե ինչպիսի կազմակերպչական ենթակառուցվածք կստեղծվի դրանց հետևանքով։
Ռաշի Ագրավալ
Անգլերեն բնագիրը՝ New Left Review ամսագրում