Առողջապահական հիմնադրամի «սխալների» համար կվճարեն ընտանեկան բժիշկները
Առողջապահության ապահովագրության հիմնադրամը բժշիկներից հետ է ուզում տարեսկզբից մինչև օգոստոս փոխանցված աշխատավարձերի մի մասը։ Բուժամբուլատորիաների վարիչներին, ընտանեկան բժիշկներին, պոլիկլինիկաների տնօրեններին ծանուցում են ուղարկել, որ ԱրՄեդ համակարգում արհեստական բանականությունն արել է աուդիտ և բացահայտել սխալներ. բուժհիմնարկներին շատ փող է փոխանցվել, և նրանք դա պետք է հետ վերադարձնեն։ Չափը տատանվում է 4-ից 6 միլիոն դրամի սահմաններում յուրաքանչյուր հիմնարկի համար։
Փող վերադարձնելու պահանջը ազդում է հատկապես մարզային և գյուղական բուժամբուլատորիաների վրա, որոնք ընդամենը 2-3 աշխատող ունեն։
Բուժաշխատողները վստահ են, որ տեխնիկական սխալ իրականում չի եղել, ուղղակի Առողջապահության նախարարությունը որոշել է պակաս շռայլ լինել հանրային ծախսերի մեջ։ Ընտրություններից հետո որոշել են «վերանայել» համակարգը և կրճատել ծախսը՝ ի վնաս բժիշկների կամ բուժառուների։
Ապահովագրության համակարգը ներդրվեց 2026-ի հունվարից և դարձավ նախընտրական քարոզարշավի մաս։
«Շատ լավ է, որ մարդիկ, որոնք կյանքում բժշկի չեն գնացել, եկան, ստուգցվեցին, դեղեր ստացան, բայց այդ լավությունը մեր հաշվին պիտի լինե՞ր», - Epress.am-ին ասել է բժիշկներից մեկը։
Ըստ նրա՝ համակարգը ներդրվել է հապճեպ, առանց բյուջեի հաշվարկման և պլանավորման․
«Ապահովագրությունն ընդունեցին, կես ժամանոց զում քոլ արեցին ֆոնդի նախագահի հետ, որին բժիշկների կեսը չկարողացավ միանալ, քանի որ զում քոլում տեղ չկար։ Հետո ո՛չ ուղեցույց տվեցին, ո՛չ դասընթաց արեցին։ Բժիշկներով մեկս մյուսին հարցնելով լրացնում էինք հայտերը ԱրՄեդ օնլայն համակարգում։
Հիվանդների թիվը եռապատկվել էր, հարյուրավոր մեծահասակներ եկան, որ իմ մոտ են գրանցված, բայց կյանքում իրենց տեսած չկայի։ Թղթաբանությունը կրկնապատկվել էր, բժիշկները քիթ քորելու ժամանակ չունեին։ Օգոստոսին ծանուցում ստացանք, որ մեր աշխատած ութ ամսվա համար հետ են պահանջում խորհրդատվության համար փոխանցված գումարները։ Եթե սխալ էինք լրացնում, թող մերժեին վճարման հայտերը։ Ութ ամիս լռեցին, որ ընտրություններից հետո սխալ գտնե՞ն»։
Թերապևտներին ուղարկել են 8-րդ հավելվածը՝ հիվանդությունների ցանկ հիվանդանոց ուղեգրումների համար․
«Հիմա նամակ են ուղարկել, որ այդ հիվանդությունների դեպքում միայն կարող էինք ստանալ խորհրդատվության վճար՝ 6000 դրամ։ Այդ ցանկով հիվանդ չեմ բուժել, ուրեմն ես խորհրդատվություն չե՞մ արել։ Ակնաբույժը մի անգամ նայում է՝ տաս հազար դրամ է ստանում։ Ես թոքաբորբ եմ բուժել, տաս անգամ այդ հիվանդը եկել է բուժզննության, ռենտգենի եմ ուղարկել, դեղ եմ նշանակել, դա խորհրդատվությո՞ւն չի։ Եթե դա խորհրդատվություն չի, ինչո՞ւ է ԱրՄեդը հայցը հաստատել․ երեք օր քննում է ամեն հայց, նոր հաստատում է կամ մերժում։ Թո՛ղ չընդուներ։
Հետո մի հատ այլ ծանուցում եկավ՝ ստորագրե՛ք, որ համաձայն եք, որ մինչև տարեվերջ «ձեր պարտքը» պահվի գալիք ամիսների աշխատավարձային ֆոնդից։ Ես ո՞նց պիտի պահեմ իմ աշխատողներին, բուժքույրներին։ Զանգում էին մեզ ոչ աշխատանքային ժամերին, ասում էին՝ հիմա ստորագրեք, որ համաձայն եք։
Իրենք ենթադրում են, որ բոլոր հիվանդությունների դեպքում այսուհետ խորհրդատվություն պիտի անի «նեղ մասնագետը»։ Ընտանեկան բժիշկը դառնում է զուտ ուղեգիր գրող։ Մեր աշխատավարձը գնալով պակասում է։
Իրենք ֆոնդը խնայում են ոչ միայն մեր, այլ նաև բուժառուների հաշվին։ Քանի որ ես այլևս իրավունք չունեմ սկրինինգ անել, օրինակ, շաքարային դիաբետով հիվանդի գլուկոլիզացված հեմոգլոբինը ստուգել։ Նեղ մասնագետը կարող է ստուգել երկու անգամ։ Բայց այդ սկրինինգը պետք է արվի տարին չորս անգամ։ Այսինքն՝ հիվանդին անուղղակի ասում են, որ կեսը պիտի իր գրպանից վճարի։ Հիմա դպրոցականների սկրինգինգը պիտի արվի՝ ականջ, աչք, քիթ-կոկորդ։ Ծնողն ասում է՝ դուք եք որոշել, որ ստուգեք երեխային, ինչի՞ պիտի ես դրա համար վճարեմ։
Բժիշկների համար հիմա միայն նոր ծախսեր են ավելացնում։ Մինչև դեկտեմբեր պիտի հայց ներկայացնենք, որ մասնակցենք քննության, ստանանք բժիշկ աշխատելու լիցենզիա։ Քննությունը վճարովի է՝ վարորդական քննության նման։ Ուզում եք 25 տարվա բժշկին ատեստացիա անեք, ինչի պիտի բժիշկն ինքը վճարի դրա համար»։
«Հայկական բժշկական ասոցիացիան» խնդրել է նախարարությանը գումարների վերադարձի պահանջը կասեցնել և նախաձեռնել քննարկումներ մասնագիտական հանության հետ։
Բժիշկները խոսում և դժգոհում են փակ չատերում, հարցազրույց են տալիս անանունության պայմանով։ Սա ամենաչկազմակերպված համայքներից մեկն է Հայաստանում։ Հիվանդանոցներում արհմիություններ հիմնականում չկան, բժիշկները գրեթե երբեք չեն դիմում գործադուլի։
Հիշեցնենք, որ Առողջապահության ապահովագրության հիմնադրամը գործարկվեց ընտրույթուններից վեց ամիս առաջ։ Բարեփոխումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարևոր դրոշակներից մեկն էր հունիսին սպասվող ընտրությունների նախընտրական քարոզարշավում։ Ընդդիմադիր ուժերից որոշները պետական ապահովագրության ներդրումը համարում էին նախընտրական «կաշառք» թոշակառուներին և միջին եկամուտ ունեցող ընտրազանգվածին։ Ապահովագրության մասին ՔՊ թեկնածուները հիշում էին նաև բակային զրույցների ժամանակ. «Գոհ չե՞ս, որ միլիոն դրամ արժեցող ստենդը ձրի դրեցին»։
Հիմնադրամը գործարկվեց առանց հարկերի ավելացման։ Սկզբից հայտարարվեց, որ գրանցված աշխատողները պիտի վճարեն առողջապահական ֆոնդին 10 800 դրամ։ Հետո որոշեց առաջին տարում այդ գումարի մի մասը վերցնել «Զինապահ» հիմնադրամից և մյուս մասն էլ փոխհատուցել սոցիալական կրեդիտներով։ Աշխատողներին մնաց վճարելու ընդամենը 500 դրամ։ Այսպես հարկային բեռի ավելացում ունեցան միայն անհատ ձեռներեցները։ 2026-ի հունվարին հայտարարվեց, որ ԱՁ-ներին 2025 թվականի շրջանառությունը կարող է պարտադիր ապահովագրավճարի հիմք տալ։ Այս որոշումը քննադատվեց հետադարձ կիրառման համար, բայց մեծ հանրային դժգոհություն չառաջացրեց։