Խաչակնքվում են և մտնում հանք․ գործատուները ճնշում են արհմիություններին
Հանքատերերն ու գործարանների մենեջերները արգելում են արհմիություններին նույնիսկ արտադրական տարածքներ մտնել։ Աշխատողների շահերը ներկայացնելու հնարավորություն նրանք չունեն։ Անցած տարի դատարանը նախադեպային վճիռ էր կայացրել հօգուտ արհմիության, որը գործատուն հրաժարվել է կատարել։
Առաջինը աշխատողների ինքնակազմակերպումն արգելեց մոլիբդենի խտանյութ արտադրող Մաքուր երկաթի գործարանը, որի 400 աշխատակիցներից 280-ն արհմիության անդամ էին։ Մեծամասնությանը ստիպեցին դիմում գրել և դուրս գալ արհեստակցական կազմակերպությունից։ Արհմիության ղեկավար կազմը հեռացվեց աշխատանքից, նախագահի մուտքը գործարան ուղղակի արգելվեց։ Երեք դատական վճիռ կա, երեքն էլ՝ հօգուտ աշխատողների։ Բայց արդեն մեկ տարուց ավելի հիմնարկի տնօրինությունը հրաժարվում է կատարել նաև դատարանի ցուցումները։
Հիմա էլ Սոթքի ոսկու հանքն է արգելել արհմիության ղեկավարին մտնել հիմնարկի տարածք և դիտարկել՝ արդյոք փակ հանքավայրում աշխատանքային պայմանները համապատասխանում են սահմանված նորմերին։
«Աշխատողը չի կանգնում ու գործատուի ճակատին ասում՝ իմ գլխին քար է ընկնում, բերեք, սետկա կապեք։ Նա դիմում է մեզ, իսկ մեր ձեռքերը կապված են։ Մեզ չեն թողնում նույնիսկ ներս մտնել», — Epress.am-ին ասել է Սոթքի հանքի արհմիության ղեկավար Սարգիս Հակոբյանը։
Արհեստակցական միությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է Հայաստանում, բայց հանքերի մենեջերները չեն պատժվում նույնիսկ դատական վճիռների դեպքում։
«Ո՞վ պիտի երաշխավորի, որ օրենքները կատարվեն։ Իհարկե, պետությո՛ւնը», — ասում է Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային արհմիության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը։
Աշխատանքային վեճերում կառավարությունը պաշտպանում է բիզնեսին։ Փահլևանյանը հույս չունի, որ իրենց միությունը կկարողանա ազդել հանքերի վրա տեղական իշխանությունների միջոցով, և փորձում է ճնշել դրանց տրանսազգային սեփականատերերին միջազգային արհմիութենական ցանցերով։
Մաքուր երկաթի գործարանն, օրինակ, պատկանում է գերմանական Քրոնիմեդ ընկերությանը։ Հայաստանցի մետալուրգները վերջերս դիմել են Գերմանիայի մետալուրգներին․
«Ոնց է ստացվում, որ Գերմանիայում իրենք լավ են աշխատում, բայց երբ գնում են ուրիշ երկիր որպես տրանսազգային կազմակերպություն՝ ոտնահարում են աշխատողների իրավունքները։ Գերմանական ԻԳԱ մետալն ունի բավական ռեսուրս, որ կարողանա բացատրել իրենց սեփականատերերին, թե ինչ քաղաքականություն են նրանց վարձու մենեջերները վարում այստեղ»։
Սոթքի հանքը պատկանում է ռուսական Գեոպրոմայնինգին։ Արհեստակցական միությունն այստեղ վերջերս է վերականգնվել։ Միանգամից դիմել են գործատուին․ «Ասեցին՝ հաջողություն ձեզ, մենք ստեղ արհմիություն չենք ուզում»։
Կազմակերպության ղեկավարը ահազանգեր է ստացել հանքի աշխատողներից, բայց բանավոր բողոքներին ընթացք տալու համար պիտի կարողանա մուտք գործել հիմնարկ․ «Արգելում են։ Չեն էլ հիմնավորում, թե ինչու»։
«Տրանսազգային կազմակերպությունները ունեն ընդամենը մեկ նպատակ՝ շահույթ։ Ինչ ձևով էլ լինի՝ մենակ թե շահույթ։ Այդ շահույթն իրենք ապահովում են աշխատողների հաշվին, — ասում է Փահլևանյանը․ — Հայաստանում նրանք կաշկանդված չեն անգամ օրենքներով»։
Աշխատողների միավորման իրավունքը երաշխավորված է ներպետական օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով, բայց չի գործում․ գործատուն կարող է չկատարել նույնիսկ դատական վճիռները։
Գործադուլների մասին օրենքը ձևակերպված է այնպես, որ օրինական գործադուլ կազմակերպելը լինի փաստացի անհնարին։ ԶՊՄԿ-ում, օրինակ, համընդհանուր գործադուլից հետո ութ բանվորի ազատեցին աշխատանքից որպես պատիժ։ Քանի որ գործադուլը ճանաչված չէր որպես այդպիսին, գործադուլավորներն իրավական պաշտպանություն չունեին։
«Սրա հետևանքներից է նաև Ախթալայի դեպքը։ Մարզպետը կանչեց Ախթալայի կոմբինատի տնօրինությանը, թե՝ մի բան դուք զիջեք, մի բան էլ թող գործադուլի մասնակիցները զիջեն, և աշխատանքային կոնֆլիկտը կհամարվի լուծված։ Տնօրինությունը ասեց, թե որպես զիջում պատրաստ է ապահովել աշխատանքային պայմաններ։ Բայց աշխատանքային պայմաններ ապահովելը զիջում չէ՝ դա իրենց պարտականությունն է։ Իրենք բռնում, դա են դնում բանակցության սեղանին։ Հասկանո՞ւմ եք անհեթեթությունը։ Անվտանգության մինիմալ պայմանները նրանք դարձրել են բանակցելու հարց», — պատմում է ճյուղային արհմիության ղեկավարը։
Ձմեռվա ցրտին մոտ մեկ ամիս կանգնելուց հետո Ախթալայի հանքի 52 հորատողները վերադարձան աշխատանքի՝ հավատալով մարզպետի խոստումներին, թե գործատուն վերահաշվարկ կանի և կբարձրացնի աշխատավարձերը։ Դա տեղի չունեցավ։ Աշխատանքային պայմանների բարելավում էլ չկա․ «Խաչակնքվում են, նոր են մտնում հանք, չգիտեն՝ դուրս են գալու, թե չէ»։
Հայաստանում կա նաև Աշխատանքի տեսչական մարմին, որը պետական վերահսկողություն պիտի ապահովի պայմանների նկատմամբ։ Կառույցն անանուն ահազանգներ չի ընդունում, ավելին՝ ահազանգների մասին առաջինը տեղեկացնում է գործատուին, որին մեկ շաբաթ ժամանակ է տալիս «խնդիրները շտկելու» համար․ «Աշխատանքի միջազգային կազմակերպության 81-րդ կոնվենցիան ընդհանրապես չի նախատեսում այսպիսի նախազգուշացումներ, հստակ գրված է՝ 24 ժամվա ընթացքում տեսչականը, եթե կա ահազանգ, իրավունք ունի ներխուժելու հիմնարկ։ Մեզ մոտ մի շաբաթ շուտ պարտավոր են զգուշացնել գործատուին, որ գալու են ստուգման։ Մինչև գան, էնտեղ սաղ դասավորած կլինի»։ Սրան գումարվում է աշխատողների վախը․ «Ոչ մեկ անվանական դիմում չի ներկայացնելու, քանի դեռ վախենում է աշխատանքը կորցնելուց»։
Լեռնագործների և մետալուրգների ճյուղային արհմիությունն առաջիկայում դիմելու է Աշխատանքի միջազգային կազմակերպությանը՝ Հայաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու խնդրանքով։ Մաքուր երկաթի գործարանի դեպքը նրանք համարում են վատ նախադեպ, որն արդեն շարունակություն է ստացել Սոթքի հանքում։ Եթե խնդրին իրավական լուծում չտրվի, դիմելու են բողոքի ակցիաների։
***
Ընտրություններից առաջ կառավարությունը մայիսմեկյան պարադ էր կազմակերպել Հանրապետության հրապարակում։ Աշխատողների իրավունքները օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում էր որպես Աշխատանքի օր՝ նվիրված խոշոր գործատուներին։ Արհմիությունները հանդիպել էին ոլորտի պաշտոնյաների հետ, որ խնդրեն վերանայել ռեպրեսիվ օրենքները։ Բանակցությունները օգուտ չեն տալիս արդեն մի քանի տարի։ Միակ ձեռբերումը Տեսչական մարմնի վերականգնումն էր 2021 թվականին։ Նոր տեսչության «հեղափոխական» նախագահը ամենասկզբից զգուշացրել էր՝ «չեն ֆետիշացնելու» աշխատողների իրավունքները, որովհետև «ավելի լավ է մի փոքր տուժի աշխատողի իրավունքը, քան բիզնեսի: Ներդրողները չեն ուզում գալ երկիր, որտեղ իրենց կյանքը բացի հարկայինից սկսում է ուտել նաև աշխատանքային տեսչությունը»։