Home / Հայաստան / Տխուր Մայիսի 1

Տխուր Մայիսի 1

Մայիսմեկյան շնորհավորական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել աշխատողներին պահանջել գործատուներից, որ գրանցեն իրենց աշխատատեղերը: Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրերն ուղղված են եղել առաջին հերթին այն ընկերություններին, որոնք աշխատել են օրենսդրության ճշգրիտ պահպանմամբ։ Դրանով կառավարությունն, ըստ վարչապետի, «գնահատանքի տուրք» է մատուցել օրինապաշտ աշխատավորներին, բայցև օգտվել է «այն պատեհությունից, որ գրանցված աշխատողին շատ ավելի հեշտ է նույնականացնել» և ներառել թիրախային աջակցության ծրագրում։ Գրանցված աշխատանք ունենալը, եզրափակել է Փաշինյանը, աշխատանքային իրավունքների պաշտպանության կարեւոր երաշխիք է։ Նա կոչ է արել գրանցել աշխատատեղերը և գրանցվել որպես աշխատող։ 

Հայաստանի ստվերային աշխատաշուկան և չգրանցված աշխատանքի մեծ ավանդույթը պատուհաս են ոչ միայն պետության, այլև հենց աշխատողների համար՝ համաճարակի ժամանակ, համաճարակից առաջ, դրանից հետո։ Վարչապետի կոչն այս առումով ողջունելի է, նույնիսկ հաճելի, բայց անպիտան, եթե պետության՝ աշխատանքային ոլորտի համակարգման գործիքակազմը սահմանափակվում է տոնական հորդորներով և գնահատանքի տուրքերով։

Գրանցված աշխատողների մշուշոտ արտոնությունները և բավական անպաշտպան կարգավիճակը վաղուց լղոզել են գրանցված լինելու և չլինելու միջև սահմանագիծը։ Այս տրամաբանությունը հատկապես արմատացել է բանվորական և սպասարկման ոլորտներում։ Համաճարակն այստեղ անակնկալ բացառություն է, ոչ թե օրինաչափություն։ Շնորհիվ կարանտինի՝ գրանցված լինելու հանգամանքն առաջին անգամ իմաստավորվեց պետական աջակցությունների (ճգնաժամային նպաստների) տեսքով։ Մինչհամաճարակային Հայաստանում այն ընկալվում էր որպես պայմանականություն («պատեհություն»), որը ներկա ժամանակում ոչինչ չի տալիս և ոչնչից չի պաշտպանում։ 

Գրանցվել նշանակում է աշխատավարձից դուրս գրել հարկերը։ 100 հազար դրամ ստացող աշխատողը կարող է ականջալուր լինել առաջնորդի կոչին, պահանջել գրանցել իր աշխատատեղը (հետևաբար՝ աշխատավարձի 23 տոկոսը փոխանցել պետական բյուջե) և «աջակցել կառավարությանն իր իսկ իրավունքները պաշտպանելու հարցում», եթե կառավարությունն իսկապես դրանք պաշտպանելու ցանկություն ու հնարավորություն ունենա։ Բայց կառավարությունը չունի։ Գործատու-աշխատող անհավասար մենամարտում այն ստանձնել է հրավիրյալ հաշտարարի դերը․ նորմերն առաջարկում է, բայց չի պարտադրում։

Պետական մեծահոգությունից բացի՝ ընթացող համավարակը պատկերազարդեց Հայաստանի աշխատաշուկայի թշվառությունը և կառավարության անզորությունը խոշոր գործատուների, արտադրամասերի տնօրենների և տեղական կալվածատերերի առջև։ 

Մեծահարուստ ձեռներեցները բացեիբաց շրջանցում են իրենց «օրինական» պարտականությունները․ պատգամավոր և օլիգարխ Գագիկ Ծառուկյանը, օրինակ, հրապարակավ հայտարարում է, որ մտադրություն չունի վճարել հարկադիր պարապուրդի մատնված աշխատողների (այդ թվում՝ գրանցված) աշխատավարձերը։ Եվ չի վճարում՝ անտեսելով աշխատանքային օրենսգրքի նորմերը։ «Առինջ մոլում» աշխատողներին ստիպում են վճարել տաղավարների վարձերը անկախ դրանց փակ լինելուց: Մոլի փոխտնօրեն, Երևանի ավագանու ծառուկյանական անդամ Արմեն Ներսիսյանը սա կոչում է «ջերմ ընտանեկան հարաբերություն» և «խնդրում չմտնել մատի և մատանու արանքը»: «Ընտանեկան ջերմ հարաբերություններ» են նաև նախկին պատգամավոր և խոշոր ձեռնարկատեր Արտակ Սարգսյանի «ՍԱՍ Գրուպ»-ում․ աշխատողներին այստեղ հարկադիր ստորագրությունների դիմաց ափաշկյարա անվճար պարապուրդի են ուղարկում: Նախկին պատգամավոր և օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող սննդամթերքի արտադրամասերում բանվորներն (նաև գրանցված) աշխատում են օրական 8 ժամի փոխարեն 16 և նույնիսկ 18 ժամ՝ 2 հազար դրամ հավելավճարի դիմաց, իսկ պարետի որոշմամբ փակված գործարանների աշխատողները ուղարկվում են տուն առանց որևէ փոխհատուցման։ Մեծերից հետ չեն մնում նաև փոքրերը։ Ահազանգերը շատ են, բայց աշատ է լուռ բարդակը։ Իրավական գնահատականներ չկան։ Իրավիճակը մեղմելու համար կառավարությունը որոշել է վճարել օլիգարխների փոխարեն՝ բյուջեի, այսինքն հարկատուների, այսինքն գրանցված աշխատողների հաշվին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի արձագանքն այս դասավորությանն անկեղծ էր։ Մարտի 21-ին նախարարը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր համաճարակի ժամանակներում գործատուների աճպարարություններին և գրել․ «Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրենքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար»։ Նա կոչ էր արել գործատուների կամայականություններից տուժած աշխատողներին դիմել Սաքունցի գրասենյակ։ Մեկնաբանություններում պարզաբանել էր՝ նախարարությունն իսկապես ոչնչով օգնել չի կարող․ «դիմե՛ք դատարան»։ [Հաջորդ օրը նախարարն իր այս գրառումը ջնջել էր]։

Պարզվեց՝ «վերահսկելու» որևէ գործառույթ չունի նաև վարչապետի ենթակայությամբ գործող Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը։ Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թ․ հունիսի 11-ին հաստատված կանոնադրության համաձայն, տեսչական մարմինը իրավասու է վերահսկել աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառումը։ Աշխատանքային իրավունքի մնացած նորմերի, այդ թվում՝ աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը, ըստ տեսչական մարմնի, դեռևս [1] դուրս է իր լիազորությունների շրջանակից: 

Տեսչական մարմնի և նախարար Բաթոյանի բացատրությունները արտացոլումն են այն արտակարգ իրադրության, որ ձևավորվել է Հայաստանում համաճարակից տարիներ առաջ․ 2013 թվականից սկսած աշխատանքային ոլորտի կարգավորման համար պատասխանատու գերատեսչությունները օրենքի ուժով իրավասու չեն կարգավորել ոլորտը, որի պատասխանատուն համարվում են։

Բարեխիղճ խմբագիրն այս գերատեսչությունների անվանումներից աշխատանք բառը կջնջեր, եթե չլինեին միջազգային պայմանագրերով ստանձնած պարտականությունները։ Այդ պարտականությունների ձևական ապահովումն, ըստ էության, մասն է գլոբալ տնտեսական կոնսենսուսի, որի շրջանակներում աշխատանքային արժանապատվության արտոնությունը բլոկադային Հայաստանին չի վերապահվում ի սկզբանե։

Դրանց սնանկությունը շրջագծելու համար տեղին կլինի հիշել, որ Խորհրդային միության փլուզումից հետո 13 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունը Աշխատանքային օրենսգիրք առհասարակ չուներ․ երկնաքարի արագությամբ շուկայական տնտեսություն կառուցող Հայաստանում մինչև 2004 թվականը գործում էր Սովետական Աշխատանքային օրենսգիրքը, որը շուկայական տնտեսությունն առհասարակ արգելում էր։ Չկար նաև Աշխատանքի նախարարություն․ Սոցապն պաշտոնապես անվանափոխվել և դարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն միայն 2000-ականների կեսերին՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ֆորմալ չափանիշները բավարարելու և ԱՄԿ-ին միանալու համար։ Օլիգարխիկ տնտեսության ձևավորմանը զուգահեռ Հայաստանում մինչև 2012-2013 թվականները գործում էր Աշխատանքի պետական տեսչությունը, որն ուներ աշխատավայրերում ստուգումներ անելու լիազորություն, բայց չուներ քաղաքական կամք։ Իրականությունը փաստաթղթերին մոտեցնելու մղումով 2013 թվականին տեսչական մարմինն ի վերջո լուծարվեց, նախկին տեսչության փոխարեն ստեղծվեց նորը՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը։ Նոր մարմնի նոր կանոնադրությունից ստուգումներ անելու լիազորությունները ջնջեց շուկայի անտեսանելի ձեռքը։ Պարզ ասած՝ եթե մինչ այդ տեսչական մարմինն ուներ պետության անունից աշխատանքային ապօրինությունները կասեցնելու ֆորմալ լիազորություն, իրավասու էր կարգավորել աշխատանքային ոլորտը և վերահսկել օրենդրական նորմերի կիրառումը, 2013-ին աշխատանքային իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը օրենքի ուժով հանվեց կառավարության ուսերից և ամբողջապես դրվեց աշխատողների ուսերին։

Եթե գործատուն ոտնահարում է ձեր իրավունքները, հրաժարվում է վճարել հասանելիք աշխատավարձերը, ստիպում է շուրջօրյա աշխատել, պահում է հավելավճարները կամ զրկում արձակուրդայինները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Առողջապահության և աշխատանքը տեսչական մարմինը իրոք ոչնչով օգնել չեն կարող։ Եթե ձեր աշխատավարձերը չեն վճարվում համաշխարհային համաճարակի ժամանակներում, դուք կարող եք օգտվել գրանցված լինելու «պատեհությունից» և հասանելիք աշխատավարձի փոխարեն ստանալ պետական աջակցություն՝ օրինակ, 8-րդ միջոցառման շահառուների ցանկում ներառված լինելու բերումով։ Համաշխարհային համաճարակի ավարտից հետո «գնահատանքի տուրքեր» այլևս չեն լինի, կմնան միայն խրախուսանքները՝ պահաջել գործատուից կամ գոնե դիմել «Սաքունցի գրասենյակ», որը կօգնի դատական հայց ձևակերպել։ Որպես օրինաչափություն՝ աշխատանքից հեռացվելուց հետո։

Դատարան դիմող աշխատողներին հայ գործատուները չեն սիրում։ Հայկական պետությունն իրավազոր չէ նրանց հակակրանքին պատասխանել երաշխիքներով, որոնք «պահանջկոտ» աշխատողներին կպաշտպանեին գործատուի կամայականությունից։ Պետական գերատեսչությունների հաստիքային շնորհավորանքները ու մայիսմեկյան կոչերը՝ պաշտպանել, պահանջել, անհրաժեշտության դեպքում պայքարել դատարանում, բովանդակությունից զուրկ են։ Օրենքը պայմանական հնարավորություններ է ընձեռում՝ գործնականում վերափոխվելով իսկական անհնարինության։ Վարչապետի ուղերձի պես՝ այն գործում է որպես գնահատանքի տուրք և տոնական կոչ, որին հետևելու արտոնությունից օգտվում են հիմնականում նրանք, ովքեր բազմաթիվ այլ արտոնություններ ունեն։ Հետհեղափոխական Հայաստանում որքանո՞վ է վերափոխելի այս իրականությունը։ Նիկոլ Փաշինյանի սրտացավությունը կասկածներ դեռ չի հարուցում, և հետխորհրդային տարածքի համար աննախադեպ սոցիալական ծրագրերը և հակաճգնաժամային աջակցության մեծ նախագծերը թվում են համոզիչ։ Բայց իրական աշխատանքային փոփոխությունների հետ դրանք կապ չունեն։

Նոր Հայաստանի վարչակազմը ապավինում է կարկատաններ դնելու ծախսատար և անարդյունավետ քաղաքականությանը։ Գուցե որովհետև ի վիճակի չէ հակադրվել տեղական օլիգարխիայի շահերին (նրանց լոյալությունը պայմանավորված է նաև այս դանդաղկոտությամբ) և միջազգային ներդրողների չափանիշներին, որոնց համար Հայաստանը եթե գրավիչ է, ապա իր հանքերով և անպաշտպան աշխատուժով։ Գուցե որովհետև բավարար քաղաքական կամք իրոք չկա։

Զառա Հարությունյան

[1] 2019 թավականի դեկտեմբերին՝ հեղափոխությունից ավելի քան մեկուկես տարի անց, փոփոխություններ են կատարվել Աշխատանքային օրենսգրքում․ օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը։ Սահմանվել է, որ նոր խմբագրությամբ 33-րդ հոդվածն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից: Վերահսկողական լայն լիազորությունների վերականգնումը մեկուկես տարով հետաձգելու որոշումը հիմնավորվել է նրանով, որ գործող տեսչական մարմինը մարդկային, ֆինանսական և ինստիտուցիոնալ լուրջ հզորացման կարիք ունի։ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր տեսչական մարմնի «հզորացմանն» ուղղված միակ տեսանելի քայլը, սակայն, եղել է նոր պետի նշանակումը․ վերջինս կարծում է, որ պետք չի «շատ ֆետիշացնել» աշխատողի իրավունքները, որ «ավելի լավ է մի փոքր տուժի աշխատողի իրավունքը, քան բիզնեսի», նաև՝ որ ներդրողները խուսափում են երկրներից, որտեղ պաշտպանված են աշխատողների իրավունքները, որտեղ «իրենց կյանքը բացի հարկայինից սկսում է ուտել նաև աշխատանքային տեսչությունը»։



27.04.2018