Home / Հայաստան / Հընթացս

Հընթացս

Սուտը

Երբ Ս.Ս.-ն մի քանի տարի առաջ հայտարարում էր, որ վարչապետ չի լինելու, իսկ 2018-ի ապրիլին գնում վարչապետության, ելնում էր հանրության վերաբերյալ կոնկրետ պատկերացումից, որ հանրությունն այդ՝ ըստ էության ստի վերաբերյալ վրդովմունք չի կարող ունենալ՝ սուտն անվերապահորեն փոխկապակցած լինելով իշխանությանը՝ իբրև դրա բնութագրիչներից մեկը։ Այսինքն հանրությունն իշխանություններից ակնկալում է լսել հենց սուտ և սովորության հիմքով ստի հանդեպ այլևս անընկալունակ է՝ էդպես էլ պիտի լինի կանխադրույթով։ Իսկ եթե նույնիսկ վրդովվի, հանրային վրդովմունքը գործոն չի կարող լինել քաղաքականության մեջ, որովհետև ասված է մարդկանց կողմից, որոնք գործորդ չեն, ոչ մի դերակատարում և ձայն չունեն քաղաքականությունների մեջ, նրանց գինը հինգից տասը հազար դրամ է կամ մի քիչ ավել։ Ուստի հանրային հնարավոր վրդովմունքն էլ նման է եղանակի հերթական անբարեհաճությունից գյուղացու վրդովմունքին. ոչ այնքան վրդովմունք է, որքան ծես։ Այս պայմաններում ստից հանրային նման վրդովմունքի առաջ գալը շոկ է. ինչո՞ւ հերթական սուտը չի մարսվում։

Սոցիոլոգներին առիթ-անառիթ հղող իշխանություններին ծանոթ սոցիոլոգները պետք է որ բացատրած լինեին հանրային գործընթացների ոչ գծայնության և սոցիալական համաճարակների զարգացման հնարավորության մասին։

Ցանցեր և բազմազանություն

Հանրությանը բանի տեղ չդնող համակարգում դրա դեմ դիմադրությունն իրականացվեց հանրությանը վստահող գործընթացով. շարժման ամեն մասնակցի ասվեց՝ դու ազատ ես, մի սպասիր՝ քեզ ասեն ինչ անել, ինչ հարմար ես գտնում՝ ինքդ արա այս սկզբունքների և շրջանակի մեջ։ Իրենց անզոր ու հանրային առումով անպիտան համարող մարդիկ արժեվորված, սոցիալական առումով սեփական դերը գտած լինելու զգացողություն ունենալու հնարավորություն ունեցան։ Ապակենտրոնացված գործելու սկզբունքները թույլ տվեցին բացահայտել մեր հասարակության ցանցային ներուժը, որ մինչ այս արդյունավետ օգտագործվում էր միայն իշխանությունների կողմից՝ բացասական իմաստով։ Պակաս կարևոր չի նաև անհնազանդության և դիմադրության ձևերի բազմազանությունը, որ առաջ է գալիս ապակենտրոնացման հետևանքով բազմաթիվ մտքերի գործադրման միջոցով։ Սա հնարավոր է դարձնում սկզբունքորեն կամայական կերպ միանալ շարժմանը՝ արտահայտել բողոքդ. մեքենայի շչակը վարելիս սեղմելուց, քայլելիս մերթընդմերթ հայտնի կոչերը գոռալուց մինչև մասնակցության առավել ընդլայնվաղ ձևեր։ Այս բազմազանությունն ու պահանջվող ջանքերի տարբեր չափաբաժինները հնարավոր են դարձնում առավել լայն հանրային ընդգրկում։ Բոլոր դեպքերում մարդիկ ընտրության հնարավորություն են ունենում, ինչը նպաստում է նաև ընդհանրապես հանրային ընտրություն իրականացնելու, որոշումներ կայացնելու, պատասխանատվություն ձևավորելու կարողությունների զարգացմանը։ Ամենակարևոր հանրային հետևանքն այսպիսով կարող է լինել նախկինի համեմատ մարդկանց ավելի մեծ խմբերի կողմից սեփական գործորդության գիտակցումն ու ձևակերպումը։

Դեռահասները

Երիտասարդությանն ուղղված հիմնական ուղերձը, որ հնչում է տարաբնույթ գովազդներից և այլ մեդիաարտադրանքից՝ ակտիվությունն է։ Վիրտուալ իրականության հեռարձակման ռեժիմում ապրող սերունդը փնտրում է քիչ խոսք, շատ գործողություն, էքշըն, որն ապահովելու եղանակը մեդիան նույնպես մատնացույց է անում։ Երկու թարմ նմուշ. 2016-ին էկրաններ բարձրացավ Առաջին դեմք ֆիլմը։ Կարդում ենք ֆիլմի նկարագրությունը. ֆիլմը պատմում է մի սովորական երիտասարդի մասին, ով շատերի պես սիրում է բողոքել ամեն ինչից և առաջարկել իր ամենատեղին և արդյունավետ լուծումները։Երիտասարդ մատուցողն իր հիմնական բողոքներում հիմնականում անդրադառնում է կառավարությանը։ Բայց ի տարբերություն մեզանից շատերի՝ մեր հերոսը օրերից մի օր արթնանում է որպես Առաջին դեմք և ստանում իր բոլոր մտահղացումներն իրագործելու բացառիկ հնարավորություն։

Յութուբում այս տարվա հունվարի երեքին տեղադրված տարբերակն արդեն իսկ շուրջ մեկ միլիոն դիտում է ունեցել՝ գումարված կինոթատրոնների և հեռուստատեսության բազմաթիվ ցուցադրությունների հաստատապես ոչ պակաս հանդիսատեսներին։ Բոլորովին վերջերս հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից մեկը լայն գովազդային արշավ իրականացրեց, որի սյուժեն կառուցված էր ցույցերի ու պահանջներ ձևակերպելու վրա [Ազատ, անկախ շփում, յուքոմիացում], ակտիվորեն պտտվող տեսա և աուդիոհոլովակներին զուգահեռ ամբողջ քաղաքը զարդարում էր վեր բարձրացված կանաչ բռունցքը։ Երկու օրինակներում էլ գլխավոր դերերում այսօրվա դեռահասության համար ռեֆերենտ կերպարներ էին՝ մեդիայի կողմից ակտիվորեն շրջանառվող և քարոզվող՝ Արամ MP3 և Սոս Ջանիբեկյան։ Նշանակալի կերպարների կողմից սոցիալական նման վարքի անընդհատ ցուցադրումը այդ վարքը դարձնում է կրկնօրինակելի սոցիալական այդ խմբերի կողմից։ Այսինքն դեռահասները պատրաստ էին փողոց դուրս գալ և ընդվզել գործողությանը՝ դա տեսած լինելու և ճանաչելու հիմքով։ Դեռահասների և երիտասարդների մասնակցությունը էականորեն խթանում է ևս մի հանգամանք. ակցիաների բնույթը. դրանք ենթադրում են ակտիվություն և ոչ երկարժամյա ելույթների պասիվ ունկնդրում, որոնք կյանքի բոլորովին ուրիշ ռիթմ ու տեմպ ունեցող մարդկանց բողոքներ էին։ Անընդհատ քայլելը, տարբեր վայրերում փողոցներ փակելը, վարքի այլ ակտիվ ձևերը համահունչ են այս տարիքային խմբի կենսառիթմին։

Դեռահասների մասնակցությունը խթանող հանգամանք կարող է լինել նաև հենց այն կրթական բովանդակությունը, որ պաշտոնապես երաշխավորված է դպրոցներում մատուցման համար. այսպես դեռ չորրորդ դասարանի շրջակա միջավայրի դասագիրքը սովորեցնում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Իհարկե, դեռահասների ակտիվությունը բացատրելի է նաև այլ գործոններով, ինչպես էականորեն այլ իրավիճակում ձևավորվելը. ոչ թե հետխորհրդային, այլ ուշհետխորհրդային, որոնց համար խորհրդային անցյալը նույնքան մոտիկ է, ինչքան ասենք Տիգրան Մեծը։ Ուստի որակապես այլ են այս սերնդի մտածելակերպն ու կանոնները։ Հարկ է նշել, որ դեռահասների ակտիվության այս ցուցանիշները ամենևին էլ Հայաստանին բնորոշ մի բան չեն. Ռուսաստանում վերջին տարիներին տեղի ունեցած հատուկենտ բողոքի դրսևորումներում դպրոցական տարիքի մասնակիցներն այնքան շատ էին, որ այդ բողոքները նույնիսկ անվանել էին աշակերտական բողոքներ։ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում դպրոցներից մեկում տեղի ունեցած բռնության դեպքից հետո այս տարվա մարտին զանգվածային բողոքի մասնակիցների մեծ մասը նույնպես դպրոցականներ էին։
Դեռահասների մասնակցությունը լեգիտիմացնում է հանրային աջակցությունը շարժմանը և դելեգիտիմացնում դրա ճնշման փորձերը՝ երեխաներին ազգային արժեք հռչակած հասարակությունում։ Դրանք մեր երեխաներն են. պետք է աջակցել՝ հանրության կողմից, և դրանք մեր երեխաներն են. պետք չէ կոտրել՝ իշխանության կողմից։ Ընդ որում, ազգային արժեքի այս ծուղակից իշխանությունը բռնությամբ դուրս գալու դեպքում կորցնում է ավելին, քան հնարավոր բռնության կոնկրետ հետևանքներն են. իր իսկ ձեռքով խնդրականացնում է ազգային արժեքներից մեկը, որ պաշտոնական գաղափարախոսական շրջանակի մի մասն է՝ ի դեմս ընտանիքի [օջախի] իշխանության։

Խաղաղությունը

Ռազմականացումը պաշտոնական գաղափարախոսություն հռչակած պետության համար, ինչպես ազգ-բանակ հայեցակարգն ու քաղաքականությունն է մեր հասարակության դեպքում, խաղաղ ու ոչ բռնի հանրային դիմադրությունը ռազմականացումն ու դրա արդյունավետությունն իբրև քաղաքականություն հիմքից խնդրականացնող գործընթաց է։ Ազգ-բանակը հնարավոր է միայն ռազմականացված տրամաբանությամբ գործող հանրությունում։ Խաղաղությունն իբրև գործելու հիմնական սկզբունք հռչակող, մեկ այտին ապտակելու դեպքում մյուս այտը ապտակին դեմ տալու վարքականոնը պնդող դիմադրությունն իբրև խնդրի լուծման ելք տեսնող հասարակությունն սկզբունքորեն չի կարող լինել ռազմականացված։ Այսպիսով, հանրային դիմադրության այս շարժումը սոցիալական պրակտիկաների մակարդակում խնդրականացնում է պաշտոնական հռչակված ռազմականացման քաղաքականությունը։ Այդ խնդրականացումը ռեֆլեքսիվ կարող է դառնալ սոցիալական պրակտիկաներից սոցիալական իմաստների ձևակերպման միջոցով։ Սոցիալական իմաստների ձևակերպման ճանապարհը խոսքն է՝ դեռևս թերարժեվորված գործողության կողքին։

Կանայք

Շարժումը տեսանելի է դարձնում կանանց հանրային այն ներկայությունը, որը ձևակերպված չի։ Ընդ որում, կանանց ներկայությունը թե բուն շարժմանը նախաձեռնողական մասնակցության ձևաչափով է, երբ տարբեր կանանց խմբեր փորձում են շրջանառել սեփական կոչերը, իրականացնել առանձին գործողություններ, թե շարժմանը կողքից դիտարկման-մասնակցության։ Այս վերջին պարագայում նույնպես, ինչպես երեխաների դեպքում, ուրվագծված է այն իրավիճակը, երբ ազգային հռչակված արժեքը՝ ի դեմս մայրերի սրբության, խաղում է հենց իշխանության կողմից հնարավոր բռնության դեմ.

-Էս ի՞նչ ես անում, այ տղա,- ձեռքի տոպրակով ոստիկանին մայրաբար հարվածում է տարեց կինը,- բա մե՞ղք չեն մեր ջահելները։

Ոստիկանը կարկամում է տարիքասեռային անհնար պատնեշի դեմ։ Այդ պատնեշը ավագ տարիքի կանանց ընձեռում է բուֆերային մի կարգավիճակ՝ առանց հետևանքի դիմադրելու իշխանությանը՝ աջակցելով այս պարագայում առավել խոցելի խմբերին, ինչպես երիտասարդ տղաներն են։

Փոփոխությունը

. Ուզում եք մի բան փոխեք՝ սկսեք նրանից, որ մի չրթեք-թափեք գետնին, կարողա մի բան փոխվի,- շարժման առաջին օրերին ուսապարկը պիջակին անփույթ գցած ֆրանսիական հրապարակից արհամարհանքով հեռանում էր ևս մի չհասկացված նուրբ հոգի։

. Մամ, մերժիսերժինն ի՞նչ ա,- սքեյթ քշելով իմիջիայլոց մորից ճշտում էր մոտ հինգ տարեկան մի տղա։

. Մերժիսերժին չէ, Սերժ, մեր թագավորն ա, բայց մարդիկ բողոքում են, որ լավը չի ու ուզում են փոխեն իրան, լավ թագավոր ունենանք, դրա համար ասում են՝ քայլ արա, մերժիր Սերժին, այսինքն քայլելով մերժիր սերժին, այսինքն ոնց որ հիմա դու քայլես ու ամեն քայլով փոխես իրան։

Փոփոխության համատարած խոսակցությունն աննկատ կերպով մեր հնարավոր ասելիքը բերում-տեղավորում է այն ընդհանուր տրամաբանության մեջ, որում պետք է հավատաս, որ փոխվես ու փոխես աշխարհը։ Հատկանշական է, որ նախընտրական այս երգն էլ տվել էին երգելու ռեինկարնացիա անունով խմբին՝ ասես մատնացույց անելով, որ ինչ անես-չանես՝ փոխվելու ու փոխելու պատումը հառնելու է փյունիկի նման՝ պատումի մեջ ապրեցնելով իշխանական կուռ թվացող տրամաբանությունը։ Ու պատումը հառնում է եվրոպականացված երիտասարդի և ավանդախոս մոր իբրև թե չհատվող մտքերում։ Որոնք երկուսն էլ առերևույթ իշխանական չեն։ Իրոք. ինչ փոփոխության մասին ես խոսում, եթե ինքդ չես կարող չչրթել գետնին։ Եվ ի՞նչ կապ ունի իշխանությունը։

Իրականում իշխանությունը հիմնված է հենց այդ հարցի վրա, իր՝ մեր կյանքի խնդիրների հետ իբրև անկապության վրա։ Որ մենք չենք տեսնի [տեսնում] կապերը։ Որ այդ կապերը, եթե կան էլ, մեր անձնական մեղավորությունից դեպի բոլորիս մեղավորությունը ձգվող կապերն են, որոնք իրականում կապեր չեն, այլ իշխանության անկապությունն ապահովելու ևս մի միջոց՝ կոլեկտիվ մեղքի զգացման հաշվին։ Այն տարածքը, որում իշխանությունը հակված է ցուցադրել, բացարձականացնել կամ իրեն վերագրել կապը հանրային կյանքի հետ, հանրության կողմից դրական ընկալվող երևույթներն ու իրադարձություններն են։ Ինչ լավ է՝ մեր [իշխանության] շնորհքն է, ինչ վատ է՝ ձեր [հանրության] անշնորհքությունը։ Սա է իշխանության բանաձևը։

Այս բանաձևը նաև փորձ է պայմանների մասին խոսքը փոխարինել էութենական՝ էության մասին խոսակցությամբ։ Եթե մարդիկ չեն հաջողում, լավ չեն ապրում, իրենցից է. Աշխատասեր չեն, մեծամիտ ու տգետ են ու էլի լիքը պատճառ կարելի է գտնել՝ թշվառ գոյությունը անձի թշվառությամբ հիմնավորելու կուռ տրամաբանության շրջանակներում։ Այս տրամաբանությունն այնքան կենսունակ էր, որ դրանով խոսեց նաև ընդդիմությունը՝ հանրությանը մեղադրանքներ հնչեցնելու մոտիվ սարքելով և կամ աղքատ, բայց հպարտ հասարակություն լինելով փոփոխության ռոմանտիզացված կոչեր հղելով։

Այս խոսակցությունները հիմնովին փուչ են։ Փոփոխության մասին խոսակցությունը բովանդակություն ունի միայն իբրև պայմանների փոփոխություն։

Ասենք երբ խոսում ենք աղքատության մասին, սովորաբար շեշտում ենք նյութական նվազագույն կարիքները հոգալ չկարողանալու մասին։ Բայց աղքատությունը նաև ձայնազրկություն է, սեփական ոչնչության և անզորության պատկերացում։Փոխել և փոխվել հնարավոր է այն դեպքում, երբ փոխվեն պայմանները, որոնք հնարավոր կդարձնեն մարդկանց կողմից սեփական ձայնի վերգտնումը։

Մարդկանց կոչելով չվճարել կոմունալ վարձերը՝ շարժման կազմակերպիչները կարծես բռնում են հենց այս փոփոխությունների ճանապարհը։

Խոսք ու գործ

Այս շարժումն առավելապես գործողության շարժում է։ Տեքստերն անհուսալիորեն քիչ են կամ չկան։ Շարժման սկզբնական հաջողությունը մեծամասամբ պայմանավորված է նաև դրանով. տեքստերի բացակայությամբ, երբ կոնկրետ քայլելու և մեկ անձի մերժելու կոչը իր կոնկրետությամբ միավորեց նրանց, որոնք մեծածավալ տեքստերի դեպքում բազմաթիվ հակասություններ կարող էին հայտնաբերել և ձեռնպահ մնալ հանրային դիմադրությանը միանալուց։ Տեքստի բացակայությունը չի չեղարկում խոսակցության կարևորությունը։ Երեկոյան խոսակցության և վերլուծության համար նախատեսված հանրահավաքներն ըստ էության ցույց են տալիս, որ գործընթացն առանց տեքստի չի կարող ունենալ արդյունավետ շարունակություն, այն կարող է վերածվել ներփակ ծիսական շրջանակի՝ դառնալով խոցելի դրա համեմատ ավելի բարդ և հետևաբար ավելի զորեղ համակարգի համար։

Ժաննա Անդրեասյան
22.04.2018