Դպրոցական ծրագրում պարտադիր առարկաների ներառմանը պետք է խիստ զգուշորեն մոտենալ: Յուրաքանչյուր որոշում պետք է հիմնվի դպրոցականի սահմանափակ ժամանակի հնարավորինս արդյունավետ օգտագործման և հանրակրթության հռչակված նպատակների համադրելիության վրա: Ցավոք սրտի, Հայաստանում այդ համադրությունը չկա: Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ՀՀ կրթության նախարարության որոշմանը՝ հանրակրթական հիմնական մի շարք դպրոցների 7-րդ դասարանում ներմուծել «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը։
«Կա երեխա, որը պետք է սովորի, խաղա, սիրի կյանքը և կան մի խումբ մարդիկ՝ իրենց հավակնություններով, որոնք վերաբերում են այդ երեխայի ժամանակից մի քիչ էլ վերցնելուն, այդ երեխայի գլուխը մի քիչ էլ անհասկանալի բաներ ճխտելուն: Դպրոցի մեր հայեցակարգը հիմնված չէ այն գաղափարի վրա, որ երեխան պետք է սիրի դպրոցը, այն հիմնված է նրա վրա, որ դպրոցը պարտականություն է: Պարտականությունն էլ հարթ կերպով վերածվում է պարտադրանքի», ֊ նշել է Անդրեասյանը:
Հանրակրթական դպրոցի ծրագրում «Ազգային երգ և պար» առարկան դեռ 2014 թվականից ներդրվել է մի շարք դպրոցների ավելի ցածր դասարաններում, դարձյալ փորձնական կարգով և այժմ ՀՀ կրթության նախարարությունը գնում է փորձնական ծրագրի ընդլայնմանը։
Անդրեասյանն ընդգծում է, որ սպեցիֆիկ առարկաների ներդրման հետ կապված խնդիրները շատ-շատ են. սկսած այդ առարկաների ներդրման հանրային պահանջի կամ գիտական հիմնավորվածության առկայությունից, դրանց ներդրման համար անհրաժեշտ մարդկային ներուժի առկայությունից՝ անհրաժեշտ թվով որակյալ ու գիտակ մանկավարժներ, համապատասխան կրթական բովանդակության և ռեսուրսների՝ պատշաճ դասագրքեր և ուսուցողական նյութեր, միջոցներ, տարածքներ, դպրոցից դուրս երեխային աջակցության հնարավորություններից։ Հարկ է նաև հասկանալ՝ ինչքանով են ընտանիքներում պատրաստ նման նորամուծություններին։
«Օրինակ, շախմատի ներդրումից հետո պարզվել է, որ շատ ընտանիքներում շախմատ իմացողներ չկան և այդ ընտանիքներում երեխաները դպրոցում չհասկացած նյութը չէին կարող մարսել նաև տանը, ինչը Հայաստանի պարագայում, երբ դպրոցը գնալով վերածվում է հանձնարարությունների տրման կենտրոնի, խիստ կարևոր է», ֊ նշում է փորձագետը:
Անդրեասյանն ընդգծում է՝ պետք է հասկանալ, որ պարի ուսուցանումը չէ, որ վատ և մերժելի գաղափար է․ «Պարը՝ որպես արվեստի տեսակ և ընդհանրապես արվեստի ճանաչումը վաղ տարիքից խիստ կարևոր է երեխաների ստեղծագործականության, երևակայության, ինքնուրույն և քննադատ մտածողության զարգացման համար: Այն մեխը, որը ստիպում է բացասական վերաբերել առաջին հայացքից արվեստը դպրոցին մոտեցնող այդ նախաձեռնությունը՝ հռչակված ու իրագործվող նպատակներն են, այն է՝ «դրանց միջոցով հայեցի դաստիարակության, ազգային ինքնության, ինքնագիտակցության, ինքնաճանաչողության [որ այս դեպքում նույնանում են առաջին երկուսին փաստորեն] և ի վերջո ՀԱՅ քաղաքացի դաստիարակելու» (ՀՀ կառավարության որոշման մեջ նման ձևակերպումներ են ընդգրկված ֊ խմբ․ ) մասով: Չէ, մենք մենակ չենք. նման նպատակներ իր առջև դրել է նաև Հարավային Օսեթիան՝ սերնդի պատշաճ բարոյական և հոգևոր դաստիարակության համար ազգային պարերի ուսուցանումը ներդնելով դպրոցներում 2013 թվականից»:
Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կառավարության վերոնշյալ ձևակերպումները շատ հակասական են, որովհետև ՀՀ քաղաքացի կարող է լինել յուրաքանչյուրը, ով կհայտնի այդ ցանկությունը և կբավարարի քաղաքացիություն ստանալու անհրաժեշտ իրավական պայմանները, այնինչ «ազգային երգի ու պարի ուսուցումը ուղղված է ՀԱՅ քաղաքացի դաստիարակելուն (ընդգծումը ծրագրի հեղինակներինն է), այսպիսով, ՀՀ քաղաքացին տվյալ դեպքում նույնացվում է ՀԱՅ քաղաքացուն, ինչը տարրական խտրականություն է մեր հասարակության անդամ ցանկացած այլազգի ներկայացուցչի նկատմամբ, ում մենք սովորաբար հաջողությամբ չենք նկատում»:
«Որսորդական պարերի ու ռազմապարերի ուսուցանումը ռազմահայրենասիրական դաստիարակության հռչակված նպատակին հասնելու ուղղակի քայլ է, այսինքն՝ խիստ տրամաբանական: Ուստի այստեղ խնդիրը այդ պարերի ներառում-չներառումը չէ, այլ կրթական քաղաքականության նպատակի հարցադրումը: Ընդ որում, պետք է նկատել, որ այդ նպատակի իրագործմանն է ծառայում ոչ միայն այս փորձնական ծրագիրը, այլև մի շարք այլ առարկաներ՝ հայրենագիտություն, հայոց և եկեղեցու պատմություններ և այլն: Ազգայինից համամարդկայինի անցումը (ՀՀ կառավարության որոշման մեջ ներառված ևս մեկ ձևակերպում ֊ խմբ․ ) տվյալ կոնտեքստում հնչում է որպես դեմագոգիա, որովհետև նման մոտեցմամբ մենք ոչ թե ապահովում ենք այդ անցումը, այլ սեղմում դրա ճանապարհները, ասենք՝ ինչպե՞ս է ազգայինից համամարդկայինին անցմանը նպաստելու Քեռձիի կամ Շարանի ռազմական ծիսապարերի իմացությունը: Ազգայինից համամարդկայինի անցումը հնարավոր է այն ժամանակ, երբ դու համադրության հնարավորություն ունես, երբ դու քոնը ճանաչում ես ամբողջի մեջ՝ համեմատելով, դրանով իսկ քոնը բացահայտելով առավել ամբողջական», ֊ նշում է փորձագետը:
Նա համարում է, որ կրթական քաղաքականության կրողների իրական մասնակցությունը որոշումների մշակմանը, քննարկմանը և կայացմանը խիստ ցածր է շատ տարբեր պատճառներով:
«Կրթական գործընթացը միակերպ չի ողջ հանրակրթության համար: Վերցնենք, օրինակ, Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Հանրակրթական դպրոցների մեծ մասում յոթ տարի պարտադիր ուսուցանման ենթակա այս առարկան այդպիսին չէ մի շարք, այսպես կոչված, արտոնյալ դպրոցների համար: Ստացվում է՝ ուզում ես երեխադ զերծ մնա կրթական պատեհ ու անպատեհ որոշումների հետևանքներից, վճարի՞ր: Սա ստեղծում է իրական անհավասարություն կրթական այն բովանդակության տեսանկյունից, որ հասանելի է մեր հասարակության նույն տարիքային խմբի տարբեր անդամներին, և այդ անհավասարությունը խորանում է: Սրա հետևանքով նույնիսկ այն ծնողները, որոնք չեն ցանկանում արտոնյալ այդ դպրոցների բաժին դառնալ՝ վճարունակ լինելու պարագայում սովորաբար ընտրում են թողնել-պետական դպրոցներից հեռանալը: Այս միտումը վտանգավոր է, որովհետև պետական դպրոցներում կրթությունը հետզհետե դարձնում է կրթություն աղքատների համար», ֊ ընդգծում է Անդրեասյանը:
Սոցիոլոգի խոսքով՝ ինքը որպես ծնող վատ է վերաբերում «Ազգային երգ և պար» առարկան հանրակրթական դպրոցներում ներառելու որոշմանը։ Այնուամենայնիվ, Անդրեասյանը ճիշտ չի համարում դատական ճանապարհով փորձել երեխային ազատել այդ առարկան ուսուցանելու պարտադրանքից։
«Հանրակրթության ոլորտում ցանկացած որոշում ծնողի կողմից չի վերաբերում իրեն, վերաբերում է իր երեխային: Իմ խորին համոզմամբ, ծնողի կողմից երեխային վերաբերող նման ռադիկալ որոշման կայացումը ոչ պակաս բռնատիրություն է այդ երեխայի հանդեպ, ինչքան կրթական այդ գործընթացը: Սա անհատական գործընթաց է իր հիմքում՝ վերաբերելով յուրաքանչյուր երեխայի զարգացմանն ու կայացմանը՝ որպես անհատ և քաղաքացի, հենց էդ պատճառով է այդքան կարևոր, որպեսզի հիմքում այդքան անհատական գործընթացի կարգավորումը լինի հնարավորինս հանրային: Այսինքն, ոչ թե պետք է խռովել կրթական հաստատություններից, հանել երեխային և իբրև թե լուծել հարցը, իսկ իրականում ոչինչ չլուծել՝ գումարած գուցե նաև հոգեբանական լուրջ խնդիրներ առաջ բերել այդ երեխայի մոտ, ով կրում է քո որոշման հետևանքը, այլ խոսել ծնողների՝ կրթական բովանդակության և կազմակերպման հարցերում ներգրավվածության կարևորության մասին, բարձրաձայնել այդ հարցերը, շահերի խմբեր ձևավորել մտահոգ այլ ծնողների հետ, փոխել գործընթացի տրամաբանությունը», ֊ եզրակացրել է փորձագետը: