հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Տողան ոչ աշխատանքային օրով․ ինչպես են դպրոցները խթանում հայրենասիրությունը

Տողան ոչ աշխատանքային օրով․ ինչպես են դպրոցները խթանում հայրենասիրությունը

Թեև հունվարի 28-ը որպես Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օր ոչ աշխատանքային էր հայտարարված, Կրթության և գիտության նախարարության նախապես իջեցված հրահանգով երեխաների մի մասին դպրոց են կանչել:

Դպրոցներում պարտադիր է եղել Բանակի օրվան նվիրված միջոցառում անցկացնել: Նախարարությունից դպրոցներ է ուղարկվել նաև միջոցառումների ցանկ․ պարտադիր էր տողանը, խրախուսվում էր բեմադրություններ անել բանակային թեմաներով, նախատեսվում էր նաև ռազմագիտության ուսուցչի կողմից բաց դասի անցկացումը կամ զեկույցի ընթերցումը:

Դպրոցները նախազգուշացվել էին, որ միջոցառումներին ներկա են լինելու զորամասերից մեկ կամ մի քանի ներկայացուցիչներ:

Epress.am-ի հետ զրույցում դպրոցներից մեկում միջոցառման կազմակերպիչը պատմել է, որ իրենք ցրտի պատճառով չեն պարտադրել տարրական դասարանի աշակերտներին տողան կանգնել: Նրանցից շատերը, այնուամենայնիվ, եկել են դպրոց՝ տոնական միջոցառումներին մասնակցելու, սակայն չեն մնացել 9֊րդ դասարանցիների բեմադրած ներկայացումը դիտելու համար: Ներկայացման հերոս երիտասարդն անհամբեր սպասում է բանակ գնալուն, հայրենիքին ծառայելուն, իսկ նրա մայրը անհանգստանում է որդու համար, չի ցանկանում, որ վերջինս գնա: Սակայն ծառայության ընթացքում նա խնդիրներ չի ունենում և 2 տարի ծառայելուց հետո վերադառնում է տուն:

Ներկայացումից հետո ներկաները դիտել են նաև ԿԳՆ-ի կողմից ուղարկված տեսանյութերը և լուսանկարների ցուցաշարը, որտեղ հանգամանալից ներկայացվում է բանակի կազմավորման պատմությունը:

Մեր զրուցակցի խոսքով՝ նախարարության պահանջը իրենք ստացել են հունվարի կեսին, այդ պատճառով չեն հասցրել ավելի մեծ ծրագիր կազմել: Նա նշել է, որ այս միջոցառումները պարտադիր էին ՀՀ կրթության և գիտության, Պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև «Երկրապահ կամավորական միության» միջև նախորդ տարի կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ Այդ հուշագրի նպատակն է խթանել ուսանողների հայրենասիրական դաստիարակությունը:

Մեր զրուցակիցը պատմել է, որ Բանակի օրը նշելը յուրօրինակ մեկնարկ էր, որով հող է նախապատրաստվում դպրոցներում հայրենասիրական խմբակների ստեղծմանը: Նշենք, որ 2015 թվականի պետբյուջեով դպրոցներում հայրենասիրական խմբակներ բացելու համար նախատեսված է 65 միլիոն դրամ:

Լուսանկարը՝ tsayg.am, Բանակի օրը նշում են Շիրակի մարզի դպրոցներից մեկում