Հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների միայն 50%-ն է, որ ունի մեկ անբողջ դրույք, մնացածը աշխատում են մի քանի ժամ դաս տալով՝ «զբաղվելու» համար։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է ԵՊՀ դոցենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Փորձագետի խոսքով՝ դա նշանակում է, որ դպրոցը որոշ ուսուցիչների համար ոչ միայն կրթական, այլ նաև կարգավիճակ ստանալու խնդիր է լուծում, ինչը չի կարող չազդել կրթության որակի վրա։
«Եվրոպական հետազոտությունների համաձայն, եվրոպական երկրներում ուսուցիչների 83 տոկոսը մեկ դրույքով է աշխատում, Հայաստանում դրանց թիվը միայն 50 տոկոս է»,- ասել է Խաչատրյանը։
Անդրադառնալով դպրոցում ուսումնառության տարիների ավելացմանը՝ փորձագետն ասել է, որ տարբերություն չի տեսնում 10 տարվա և 12 տարվա ուսուցում առաջարկող (Հայաստանում ներկայումս 12 տարի – խմբ․) դպրոցների միջև, եթե դրանից ոչինչ չի փոխվել։ Օրինակ, եթե աշակերտը ձանձրանում է, նրա ձանձրույթի տարիներն են միայն ավելացել։
«Երբ մենք անցնում էինք 12-ամյա դպրոցի, նպատակներից մեկը բեռնաթափումն էր՝ գիտելիքը բաժանել [տարիների] և հեշտացնել աշակերտի կողմից այն մարսելը։ Այս նպատակը մենք չենք լուծել»,- ասել է Խաչատրյանը։
Որպես մեկ այլ խնդիր Խաչատրյանը նշել է այն, որ դպրոցներում չեն սովորեցնում մտածել։
«Ինչքան էլ տանք ինֆորմացիա, դա գիտելիք չի դառնում։ Պատկերացրեք՝ համակարգիչը կարող է աշխատել առանց օպերացիոն համակարգի։ Նույն էլ երեխան է, եթե չունեն մտածելու ընդունակություն, ինչքան էլ ինֆորմացիա տանք, դա վատ ուտելիքի նման է լինելու, ուղեղում ստեղծելու է ինֆորմացիոն աղմուկ», – ասել է Խաչատրյանը։