Home / Տեսանյութեր / Եզդիական համայնք․ կրթական խնդիրներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Եզդիական համայնք․ կրթական խնդիրներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Արագածոտնի մարզի եզդիական գյուղերում կրթական ոլորտի բազմաթիվ խնդիրներ կան։ Դրանց մի մասը նույնն է, ինչ հայաբնակ համայնքներում, սակայն կան խնդիրներ, որոնք բնորոշ են միայն Հայաստանում բնակվող եզդիական համայնքին։

Գոմ հիշեցնող շինությունն Արագածոտնի ամբողջությամբ եզդիական բնակչություն ունեցող Կանիաշիր գյուղի դպրոցն է, որը 1985 թվականի կառուցումից ի վեր չի վերանորոգվել։ Այդ մասին հունիսի 10-ին Արագածոտնի մարզ այցելած Epress.am֊ի թղթակցին պատմել են գյուղի բնակիչները։

Կնյազ Թաժդինյանը գյուղի դպրոցում արդեն 36 տարի է շախմատ է դասավանդում։ Նրա խոսքով՝ առաջին անգամ գյուղ եկողների համար դպրոցը գոմի հետ շփոթելը սովորական է դարձել։ 1-ին և 2-րդ դասարանցիների 4 պատուհանները դպրոցը վերջերս է իր հաշվին փոխել, իսկ մյուս դասարաններում վիճակն անմխիթար է։

Կանիաշիրի դպրոցի շենքը

1yazidi

«Ամեն երեխա օրական 2 կիլո փոշի ա կուլ տալիս։ Երեխաները օրական 10 հատ մուկ են բռնում։ Դպրոցի անմխիթար վիճակի պատճառով սենյակներում 2 դասարան միաժամանակ են անցկացնում դասերը․ օրինակ, 1-ին և 2-րդ դասարանցիները միասին են նստում, 3-րդ և 4-րդ դասարանները՝ միասին», ֊ պատմել է Թաժդինյանը։

Ուսուցչի խոսքով՝ ձմռանն ամեն դասարանին տրամադրվող 3.7 լիտր նավթը չի բավարարում սենյակները վառարանով տաքացնելու համար․ «Թեկուզ օրական 10 լիտր էլ տան, չի տաքանա, որովհետև ջարդած պատուհաններից ու պատերից փչում է, վերևից էլ կաթում։ Անձրևների ժամանակ անձրևանոցով են նստում, իսկ ձմեռն երեխեքը զինվորական տելագրեյկայով են կարում մենակ նստեն»։

Թաժդինյանի խոսքով՝ դպրոցի անմխիթար վիճակի մասին իրենք շատ անգամ են ահազանգել պետական կառույցներին, ընդհուպ մինչև երկրի նախագահին, սակայն արձագանք երբեք չի եղել։

«Վերջին անգամ մարզպետն է եկել ու իրա աչքով տեսել դպրոցի վիճակը։ Ասեց՝ սպասեք, տեսնենք դպրոցների կոմպլեկտացումը ինչ է լինում, նոր կորոշենք։ Մենք ամեն տարի դիմում ենք հանարավոր բոլոր պետական կառույցներին, անգամ նախագահն ա եկել ստեղ, կանգնացրել ենք դպրոցի դեմը, ասել ենք վերանորոգման համար, բայց մինչև հիմա ոչ մի բան չեն արել», ֊ նշել է ուսուցիչը։

kaniashirschool

Համայնքների միավորումից հետո կրթական խնդիրները կշատանան

Դպրոցների անմխիթար վիճակը եզդիական գյուղերի հարցերից մեկն է միայն։ Խնդիրները գնալով շատանում են․ այժմ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է համայնքների խոշորացման ծրագիրը, համաձայն որի Արագածոտնի մարզի մի քանի գյուղեր կարող են միավորվել, ինչը, ըստ գյուղի բնակիչների, նոր խնդիրներ կառաջացնի իրենց համար։ Մասնավորապես, նրանք մտավախություն ունեն, որ այդ դեպքում փոքր գյուղերի դպրոցները կարող են փակվել, իսկ երեխաները ստիպված կլինեն հաճախել հարևան գյուղի դպրոց։ Որոշ համայնքների համար երեխային 10 կամ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող դպրոց ուղարկելը խնդիր է։ Թաժդինյանի կարծիքով՝ եզդիական գյուղում շատերը իրենց երեխաներին չեն ուղարկի գյուղից շատ հեռու գտնվող դպրոց։ Ըստ ուսուցչի՝ դպրոցների միավորման պարագայում իրենց երեխաները կանգրագիտանան։

«Եզդի երեխաները տարրական դասարաններում հայերեն լեզվի հետ կապված խնդիրներ ունեն, և նրանց հետ առանձին աշխատանք է տարվում։ Դրանից բացի, մեծ խնդիր է հեռավորությունը։ Ոչ մի եզդի իրեն թույլ չի տա, որ իր աղջիկ երեխան գնա ուրիշ գյուղի դպրոց սովորելու․ մարդիկ կան սկի առաջին դասարան չեն տանի էրեխուն։ Կա նաև ճանապարհի խնդիր, քանի որ ձմռանը ճանապարհները մի քանի ամսով փակվում են ու 10 կիլոմետր հնարավոր չի լինի գնալ։ Եթե անգամ տրանսպորտ տրամադրեն, ձմռանն անհնար է երեխաներին տեղափոխելը», ֊ նշել է Թաժդինյանը։

3yazidi

շաբաթական 1-2 ժամ եզդիերեն

Ազիզ Բուբոյանը Կանիաշիրի դպրոցի եզդիերենի ուսուցիչն է արդեն 3 տարի։ Նույն դասագրքում ներառված է թե՛ եզդիերենը, թե՛ եզդիական գրականությունը․ «Եզդիերեն դասավանդում ենք 2-րդ դասարանից, 3-9 դասարաններում՝ շաբաթական 2 ժամ, իսկ 2-րդ դասարանցիները միայն շաբաթական մի ժամ են անցնում»։

Ուսուցիչը համոզված է, որ նախատեսված դասաժամերը բավարար են երեխաների համար և մյուս առարկաները եզդիերենով անցկացնելու կարիք չկա։

«Երեխաներն առանց այն էլ, երբ դպրոց են գալիս, հայերենի խնդիր են ունենում։ Եզդիերենով այլ առարկաներ անցնելու կարիք չեմ տեսնում, քանի որ նախատեսված դասաժամերով իրենք կարողանում են պահպանել իրենց լեզուն, իսկ հայերենը պետք է, որ հետո կարողանան ուսումը շարունակեն և հասարակության մեջ ինտեգրվեն», ֊ մեզ հետ զրույցում նշել է Բուբոյանը։

Եզդիական նախակրթարաններ չկան

511 բնակիչ ունեցող Ալագյազ գյուղի դպրոցի տնօրենը լրագրողի հետ հրաժարվեց խոսել դպրոցի խնդիրների մասին։ Նա պնդեց, որ իրեն «չի թույլատրվում խոսել»՝ չնշելով, թե ով է արգելում դա անել։

Գյուղում շրջելիս՝ զրուցեցինք բնակիչների հետ, ովքեր նշեցին եզդիական համայնքների համար կարևորագույն կրթական խնդիրներից մեկի՝ եզդիական մանկապարտեզների բացակայության մասին։

Ալագյազում բնակվող Գոհար Աթաշյանը երկու երեխա ունի, սակայն նրանցից ոչ ոք մանկապարտեզ չի գնացել։ Տարածաշրջանի 12 եզդիական գյուղերում միայն մեկ մանկապարտեզ կա, որը կրոնական՝ բողոքական ուղղվածությամբ է, իսկ եզդիների կրոնը Շարֆադինն է, ու Աթաշյանը չի ցանկանում, որպեսզի իր երեխաները կրոնական այլ ուսմունք դավանող կազմակերպության մանկապարտեզ հաճախեն։

«Մանկապարտեզը հիմանականում հոգևոր ուղղվածությամբ է՝ «50-ականների» հիմնածն է, իսկ մեր կրոնն այլ է, ու չեմ կարող երեխաներիս այդ մանկապարտեզ տանել։ Ես կուզեի, որ մեր ազգի կրոնն ու լեզուն ունեցող մանկապարտեզ լիներ, թեկուզ մի քանի գյուղի համար մի մանկապարտեզ կառուցեին, քանի որ մոտակա բոլոր գյուղերում 90 տոկոսը եզդիներ են»,- ասել է Գոհար Աթաշյանը։

Ջամշլուի գյուղապետ Միրազմ Ուռուսյանի խոսքով՝ բնակչության փոքր թվի պատճառով իրենք երբեք չեն ունեցել ոչ մանկապարտեզ, ոչ էլ կրթական այլ հաստատություն՝ բացի միջնակարգ դպրոցից․ «Մեր գյուղին շատ մոտ ա Ալագյազ գյուղը, ու շատ կուզեինք, որ թեկուզ այնտեղ մի մանկապարտեզ լիներ։ Երեխաներին առավոտը կտանեինք, իրիկունը կբերեինք։ Մի կիլոմետր ճանապարհ ա»։

Ջամշլուի դպրոցի շենքը

jamshluschool

Մեզ հետ զրույցում «Եզդիների ազգային կոմիտե» կազմակերպության փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների համար նախակրթական հաստատությունները հատկապես մեծ նշանակություն ունեն, քանի որ դրանց շնորհիվ երեխաները կրթության որոշակի մակարդակ են ունենում մինչև դպրոց հաճախելը։

«Նախակրթարանի կամ մանկապարտեզի առկայությունը կարևոր է մանավանդ ազգային փոքրամասնությունների համար, իսկ եթե մանկապարտեզում եզդիներ դասավանդեն՝ հրաշալի կլինի։ Եթե գոնե խոշոր գյուղերում ստեղծվի նախակրթարան, որը կծառայի մի քանի գյուղի, դա կլուծի մինչև դպրոց գնալը երեխաների կրթական մակարդակ ունելու հարցը», ֊ ասել է Սուլթանյանը։

Աղջիկների մի մասը լիարժեք կրթություն չի ստանում

Եզդիական հասարակական կազմակերպությունները բարձրաձայնում են մեկ այլ խնդրի՝ կանանց և աղջիկների կրթություն ստանալու իրավունքի խախտման մասին։ 2016֊ին Զեմֆիրա Քալաշյանն ու Բորիս Մուրազին ներկայացրել են «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտում» զեկույցը, որում, մասնավորապես, նշված է, որ Արագածոտնի մարզի 12 եզդիաբնակ գյուղերի հիմնական (9-ամյա) դպրոցներում 2003-2015թթ․ ընդունվել է 174 եզդի աղջիկ, իսկ ավարտել է 104-ը: Ռյա-Թազա, Ալագյազ և Ճարճակիս համայնքների միջնակարգ (12-ամյա) դպրոցներ ընդունվել է 135 եզդի աղջիկ, նրանցից միայն 105-ն են ավարտել դպրոցը: Զեկույցի հեղինակները նշում են, որ ուսումնասիրված 15 եզդիաբնակ համայնքներում 2003-2015 թվականներին դպրոց է ընդունվել 473 եզդի աղջիկ, որից 234-ը ավարտել է 9-րդ դասարանը, 122-ը ստացել է 12-ամյա կրթութուն, իսկ 117 աղջիկ օրենքի խախտմամբ չի ստացել անգամ 9-ամյա կրթություն:

Սաշիկ Սուլթանյանի խոսքով՝ կանանց կրթություն ստանալու իրավունքի խախտումը եզդիական համայնքի ներքին խնդիրն է. «Սա մտածողության փոփոխության հարց է և դիսկրիմինացիայի հետևանք: Սակայն պետք է նշել, որ այս հարցում կա որոշակի դրական տեղաշարժ: 5 տարվա կտրվածքով կարող եմ ասել, որ 20-30 տոկոսով այս խնդիրը վերացրել ենք: Սրա ապացույցն այն է, որ համալսարանում սովորող եզդի աղջիկների թիվը մեծացել է վերջին տարիներին, և 10 տարի հետո այս խնդիրը լուծված կլինի: Այս խնդիրն, ըստ էության, նույնպես կապված է կրթական մակարդակի բարձրացման հետ, որովհետև բարձրագույն կրթություն ստացած մարդը չի կարող արգելել իր երեխային շարունակել կրթությունը»:

Ուսուցիչների պակաս կա

ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ այսօր եզդիական համայնքի գլխավոր խնդիրներից մեկը մասնագետների բացակայությունն է։

«Ցավոք, այսօր ունենք մասնագիտական կադրերի խնդիր: ԽՍՀՄ տարիներին կային բավական լուրջ մասնագետներ, սակայն նրանց մի մասն արդեն ծեր է, մի մասը՝ չկա, մյուսներն էլ արտագաղթել են», – ասել է Ասցատրյանը:

Նրա խոսքով՝ մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրը լուծելուն է ուղղված կառավարության այն նախագիծը, որով եզդի դիմորդները կարող են բուհ ընդունվել առանց մրցույթի, եթե հաղթահարեն ընդունելության քննությունների նվազագույն անցումային շեմը։

Սուլթանյանը համոզված է, որ մասնագետների բացակայության հիմնական պատճառներից մեկը շատ ցածր աշխատավարձն է․ «Գյուղերում եզդիերեն դասավանդող ուսուցիչների աշխատավարձն այնքան ցածր է, որ նրանք չեն կարողանում դրանով իրենց ճանապարհածախսն անգամ հոգալ։ Եթե, օրինակ, հայոց լեզվի մասնագետը կարող է դասավանդել հայոց լեզու և գրականություն ու ստանալ միջին աշխատավարձ, ապա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ովքեր դասավանդում են միայն լեզու, ստանում են շատ ցածր աշխատավարձ»։

Նրա կարծիքով՝ եզդիների կրթական խնդիրների լուծմանը մեծապես կնպաստի կրթական ոչ ֆորմալ միջավայրի ստեղծումը։ «Եթե դպրոցներին կից ստեղծվի եզդիական պարի ու երգի, կամ այլ խմբակներ, ապա այն կլուծի և՛ լեզվի, և՛ եզդիական մշակույթի պահպանման, և՛ մոտիվացիայի խնդիրը։ Այս կերպ կբարձրանա մարդկանց ինքնագիտակցությունը, որի շնորհիվ արդեն համայնքն ինքը ձեռնամուխ կլինի իր խնդիրները լուծմանը», – նշել է Սուլթանյանը։

Վերջինիս հավաստմամբ՝ իրենց գլխավոր նպատակը եզդիների ինքնությունը պահպանելն է․ «Եթե եզդիները ոչինչ չանեն, 50 տարի հետո կկորցնեն իրենց ազգային ինքնագիտակցությունը՝ կձուլվեն, և եզդի ժողովուրդը, որպես այդպիսին, այլևս չի լինի»։