Home / Տեսանյութեր / «Կրթական համակարգն ամորձատված է, քանի որ քաղաքականացված է»

«Կրթական համակարգն ամորձատված է, քանի որ քաղաքականացված է»

Կրթական բնագավառի խնդիրներն ակնառու դարձան անցած տարվա դեկտեմբերի 6-ին (Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը ֊ խմբ․), երբ ուսուցիչներն ընդգրկվեցին իշխանությունների կեղծիքների մեջ։ Ազգային ժողովում այսօր «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նախագիծը ԱԺ֊ում ներկայացրել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ նոր օրենքով հստակեցվելու են նպատակային ընդունելության մեխանիզմները։

Անդրադառնալով օրինագծին՝ Մանուկյանը, մասնավորապես, ասել է․ «Նախագիծը դրական է, բայց ես երևույթներին նայում եմ ընդհանրական, ոչ թե դետալներով։ Այն համակարգը, որտեղ փորձում ենք քայլեր կատարել, հիվանդ է, քաղաքականցված է ու օգտագործվում է իշխանությունների կողմից իրենց խնդիրը լուծելու համար։ Դա ակնհայտ էր անցած տարվա դեկտեմբերի 6–ի հանրաքվեի ժամանակ։ Տեղի ունեցած կեղծիքներին մասնակից են եղել ուսուցիչներ, ովքեր իրավունք չունեին ներգրավվել, խուժանի հետ հավասար ընտրական տեղամասերում դեբոշներ, լցոնումներ, այլանդակություններ կատարել:

Հայաստանի իշխանությունները հանրակրթական հաստատություններում արտադրում են վախեցած մարդկանց, ովքեր կոմպլեքսավորված են և վախենում են իրենց աշխատանքից զրկվելուց, այդ պատճառով կատարում են քաղաքական պատվերներ։

20 տարվա ընթացքում չորս անգամ պակասել է գիտաշխատողների թիվը: Դպրոցից բուհ անցման ժամանակ Հայաստանում մրցունակություն գոյություն չունի, որի արդյունքում բժիշկներ են արտադրվում, ոչ թե ավարտում, ուսուցիչներ են արտադրվում, որոնք վախեցած մարդիկ են և հետագայում պետք է ենթարկվեն իշխանություններին։ Հայաստանի կրթական համակարգն ամորձատված է, քանի որ քաղաքականացված է»։

Պատգամավորը նշել է նաև, որ իշխանությունների նկատմամբ ունեցած վախը նոր սերունդներն ունենալու են նաև արտաքին թշնամու նկատմամբ․ «Դուք մի ամբողջ սերունդ եք ոչնչացնում՝ ուսուցիչներին ներգրավելով այդ վատ գործընթացներում: Ես առաջարկում եմ նոր նախագիծ մշակել, որ ուսուցիչները դատավորների, դատախազների նման ևս իրավունք չունենան դառնալ հանձնաժողովի անդամներ։ Մեր խեղճ քաղաքացին հարուստ չէ, նա հարուստ է, երբ ըմբոստ է և պայքարում է իր իրավունքների և ազատության համար: 2014 թվականի համեմատ 24 տոկոսով ավելացել է ինքնասպանությունների թիվը, որոնց թվում մեծամասնությունը տղամարդիկ են: Սա ըմբոստ քաղաքացու ոչնչացո՞ւմ է, թե՞ ոչ։ Քաղաքացին այսպիսին է դառնում կրթական համակարգում»:

Նրա ելույթին արձագանքել է ԱԺ նախագահ, ՀՀԿ֊ական Գալուստ Սահակյանը՝ ասելով. «Ուսուցիչներին մեղադրել կոռուպցիայի մեջ կարող եք, որովհետև ուսուցիչները չեն հակադարձում։ Մի պահ էլ կգա, հետո էլ կասեք բժիշկները պետք է չմասնակցեն, հետո իրավաբանները։ Ընտրական օրենսգիրքը քվեարկելուց, կգրենք, որ ով ՀԱԿ–ին ձայն չի տալիս իրավունք չունի մասնակցել ընտրությանը։ Այս ամբիոնն օրենսդիրների ամբիոն է, որը զբաղվում է քաղաքականությամբ, ոչ թե միտինգների…»: