Home / Դատարան / Դոգն ու նարկոբարոնը հեռակա ցույց արեցին Երևանում

Դոգն ու նարկոբարոնը հեռակա ցույց արեցին Երևանում

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը [հայտնի է որպես Քեթրինի Միհրան] և ռազմական ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյանը [հայտնի է որպես Դոգ] այսօր հեռակա բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանում։ Նրանց օնլայն կոչին հետևելով՝ Հանրապետության հրապարակում հավաքվել էր մոտ 400 մարդ։ Հանրահավաք-երթը ավարտվել է ձերբակալություններով։

Միհրան Պողոսյանը, ով մոտ մեկ ամիս առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից և «Հայոց համազգային միասնություն» անունով կուսակցություն հիմնել, օրեր առաջ վերջնաժամկետ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով «չկապել ՀԱՊԿ-ի ձեռքերը» և «չհանձնել Հայաստանի տարածքները»։ Տրված ժամանակի ավարտից հետո Պողոսյանը իր կուսակիցներին և աջակիցներին հորդորել է բողոքի ցույց անցկացնել Հանրապետության հրապարակում։

Image8

Epress.am-ը փորձեց իմանալ՝ ինչ են պահանջում քրեական հետախուզումից արտերկրում թաքնվող նախկին պաշտոնյաների աջակիցները։ Հարցազրույց տվեցին ՀԿ-ների ղեկավարները, Պողոսյանի և Ղուկասյանի նորաստեղծ կուսակցությունների տեղական ակտիվը։ Անհատները հիմնականում հրաժարվում էին տեսախցիկի առջև խոսել, երբեմն խուսափում էին կարծիք հայտնելուց։ Որոշ դեպքերում նրանց թույլ չէին տալիս արտահայտվել իրենց կողքին կանգնած՝ հանրահավաքի մյուս մասնակիցները։

— Նարկոբարոնն էր խոսում, հետո Դոգն էր խոսում, ասեց, որ միանում ա նարկոբարոնին։ Բարոնը 72 ժամ ժամանակ տվեց Նիկոլին, – ասում էր ցուցարարներից մեկը, որ հրապարակ էր եկել Քեթրինի Միհրանի կոչով։ 

ԴԱՀԿ նախկին պետը անցնում է մեկ տոննա կոկայինի մաքսանենգության գործով։ Հանրահավաքի մասնակիցներից որոշները նրան ընկերաբար «նարկոբարոն» էին անվանում։

— Ես կյանքում ցույցերի չեմ մասնակցել ու չեմ էլ ուզում մասնակցել, – պատասխանում էր ցուցարար տղամարդը։

Image7

Կարծիքներ կային, որ «նախկինները իրենց փողերը այ հիմա պիտի ծախսեն, որ հեղափոխություն կազմակերպեն»։

— Մի հատ կարգին հայ ենք ման գալիս, հետը պայքարենք։

— Հնդիկներին 500 դրամ տանք՝ թող կանգնեն ստեղ։

— Նախկին-ներկա կապ չունի, հայրենիք ենք կորցնում։

— Կարևորը աստվածն է, որ պետք է մեզ փրկի։

Ղուկասյանի աջակիցները հարցերին պատասխանում էին սիրելի բլոգերի արտահայտությամբ․ «Դրակոնի հետ էլ կհամագործակցենք, միայն թե Նիկոլին հեռացնենք»։

«Մերժիր գժին» սպիտակ շապիկով ցուցարարների խումբը հրապարակել էր եկել հենց Վարդան Ղուկասյանի կոչով։ «Միայն Դոգին եմ վստահում ու սիրում։ Նենց եմ սիրում՝ ոնց ա ինքը խոսում», – ասում էր նրանցից մեկը։

Image5

լրագրող․ — Ո՞ր կազմակերպությունից եք։
ցուցարար․ — Կազմակերպություն-բան չգիտեմ։ Դրանք երկար գոյություն չեն ունենում։ Ո՞ւր է հիմա Հռոմեական կայսրությունը, ո՞ւր է ֆյուրերը։

լրագրող․ — Ո՞րն է ցույցի պահանջը։
ցուցարար․ — Երջանկության մեխանիկան տեսե՞լ եք, որ ասում ա՝ կամաց-կամաց կծանոթանանք։

Ցուցարարների կեսը սպասում էր Վարդան Ղուկասյանի նոր լայվին։ Ուղիղ հեռարձակման ժամանակ նախկին ոստիկանը ասեց, որ վաղը՝ ապրիլի 25-ին, ժողովուրդը փորձելու է փակել ճանապարհները։

Image10

Միհրան Պողոսյանը մեղադրվում է ԴԱՀԿ պետ աշխատելու տարիներին առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, փողերի լվացման, պաշտոնեական դիրքը չարաշահելու հոդվածներով: Անցնում է նաև Պանամայի օֆշորի գործով։ 2023-ից հետախուզվում է մեկ տոննա կոկայինի մաքսանենգության համար։ Պողոսյանը թաքնվում է Ռուսաստանում, որը հրաժարվել է նրան արտահանձնել։

Մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Վարդան Ղուկասյանը՝ շորթում, զրպարտություն և այլն։ Կա հայտարարված հետախուզում։ Որտեղ է նա թաքնվում՝ հայտնի չէ։ Ակտիվ քաղաքականություն է մտել իր յութուբյան լայվերով՝ կոմպրոմատներ, հայհոյանքներ, շանտաժ և էքսպրեսիա։ Մի քանի ամիս առաջ Դոգը դեռ ղեկավարում էր «Հանրային ձայն» կուսակցությունը, որը Երևանի ավագանի մտնելուց հետո հեռացրեց իր առաջնորդին կուսակցության ղեկավար մարմնից։ Ղուկասյանն իսկույն նորը հիմնեց՝ «ԴՕԿ» կուսակցություն։ Հապավումը բացվում է որպես «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»։

Image3

Միհրան Պողոսյանի և Վարդան Ղուկասյանի հրավիրած հանրահավաքին ֆիզիկապես միացել էր նաև նախկին ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և 2018-ին ստեղծված «Հեղափոխության պահապաններ» ՀԿ-ի անդամները։ 2020-ի պետարզմից հետո «հեղափոխության պահապանները» տեսանյութ էին տարածել, որում մի տղամարդու ստիպում էին ներողություն խնդրել վարչապետ Փաշինյանից՝ նրա հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել էր տուժողի և կասկածյալի հաշտվելու հիմքով։ 

Image1

Այսօրվա ակցիայի մասնակիցների մեծ մասը մոտ 3 ժամ սպասելով և հետագա քայլերը չհասկանալով՝ հեռացավ հրապարակից։ Մնացածները երթ արեցին։ Երթի ընթացքում, ըստ Վարդան Ղուկասյանի, ձերբակալվել է վեց հոգի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։