հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Քաղաքական առևտրին կմասնակցի նաև Դոգը

Քաղաքական առևտրին կմասնակցի նաև Դոգը

Երևանի ավագանու ընտրությունները աչքի ընկան ՔՊ-ական տասովշչիկներով, ընտրողների անտարբերությամբ, անկայուն արդյունքներով և «Դոգով»։ 

Երեկվա ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 28․46 տոկոսը՝ 234.553 մարդ։ Քվեարկության ընթացքը նշանավորվել է ընտրատասովշչիկների վերակենդանացմամբ՝ նախկին ՀՀԿ-ական, նախկին ԲՀԿ-ական զանգվածները, թաղային ջահելները, լոկալ հեղինակությունները մեծամասամբ աշխատում էին հօգուտ ՔՊ-ի։ Գործիքակազմը ստանդարտ էր և ոչ բռնի՝ զանգում էին ընտրության չեկածներին, դիմավորում եկածներին, ցուցումներ տալիս, համագործակցում յուրային հանձնաժողովականների հետ, օգտվում վարչական լծակներից և ոստիկանության լոյալությունից։ Ի՞նչ փոխհատուցում են ենթադրում նրանց ծառայությունները՝ կերևա ընտրություններից հետո։ Քվեարկության արդյունքները, ամեն դեպքում, վկայում են նրանց անարդյունավետության մասին՝ ընտրողների մեծ մասը նախընտրել է չմասնակցել։ Սա պատմական նոր հակառեկորդ է։

Նախնական արդյունքները հետևյալն են՝  իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 32.5 տոկոսը, նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանին առաջադրած «Ազգային առաջընթացը»՝ 18.9 տոկոսը, Անդրանիկ Թևանյանի և Զարուհի Փոստանջյանի «Մայր Հայաստանը»՝ 15,4 տոկոսը, Արտակ Զեյնալյանին առաջադրած «Հանրապետությունը»՝ 11,3 տոկոսը, Վարդան «Դոգ» Ղուկասյանի «Հանրային ձայնը»՝ 9,7 տոկոսը։ Մյուս կուսակցությունների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկրի», հավաքած ձայները անցողիկ 4 տոկոսից պակաս են։

Վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի սեպտեմբերի 24-ին՝ քվեարկությունից 1 շաբաթ անց, այդ ժամանակ պարզ կլինի նաև մանդատների վերջնական բաշխումը։ Մինչ այդ Ընտրական օրենսգրքում եղած բանաձևի ու քվեարկության նախնական թվերի միջոցով կարելի է ստանալ հետևյալ պատկերը.

Երևանի ավագանու 65 մանդատներից 24-ը կստանա «Քաղաքացիական պայմանագիրը», 14-ը՝ Ազգային առաջընթացը, 12-ը՝ «Մայր Հայաստանը», 8-ը՝ «Հանրապետությունը» և 7-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը։

Ի՞նչ կա կոալիցիաներից

Հավանական կոալիցիաներն են՝ «Քաղաքացիական պայմանագիր»+«Հանրապետություն» մի կողմից, մյուս կողմից՝ «Մայր Հայաստան»+«Հանրային ձայն»+Հայկ Մարության։

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած խորհրդարանական ուժից և հակակառավարական խմբերից ելած «Մայր Հայաստանը» արդեն իսկ հայտարարել է Մարությանին աջակցելու հնարավորության մասին, կոալիցիա կազմելու պատրաստակամություն է հայտնել նաև նախկին ոստիկան, այժմ հետախուզման մեջ գտնվող բլոգեր Վարդան «Դոգ» Ղուկասյանի «Հանրային ձայնը», որի ընտրական ցուցակի մի մասը այժմ կալանավայրերում է նստած՝ առանձնապես խոշոր չափերի շորթումների, շանտաժների, փողեր լվանալու և բլոգերի գործունեության հետ կապված այլ հանցանքների պատճառով։

Մարությանը ավելի ուշ պայմաններ է առաջ քաշել՝ աջակցել իր թեկնածությանը «առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների»։ Եթե ընդդիմադիր ուժերը ինչ-ինչ պատճառնելորվ չհամաձայնեն այս տարբերակին, ապա, ըստ Մարությանի, կարելի է գնալ նոր ընտրությունների։

Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» Մարությանը այս առաջարկը մերժել է։ Դոգը հայտարարել է, թե այնպիսի մի փաստաթուղթ է պահանջում, «որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն»՝ այնքան ժամանակով, մինչև «Նիկոլ Փաշինյանին բանտարկեն»։

«Միմիայն փաստաթուղթ։ նստում ենք և ստորագրում ենք։ Դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ կտաս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը»,- դիմելով Մարությանին՝ ասել է Ղուկասյանը։

Տեղական դիտորդական առաքելությունները՝ «Անակախ դիտորդը», «Ականատեսը», «Հայաքվեն», ահազանգել են մի շարք խախտումների մասին՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրողների ուղղորդում, տեղափոխություն։ «Անկախ դիտորդը» և «Ականատեսը», այնուամենայնիվ, պնդում են, որ այս խախտումները արդյունքների վրա ուղղակիորեն չեն ազդել։ Ընդդիմադիր «Հայաքվեն», որի անդամներին կարելի էր տեսնել քոչարյանական «Մայր Հայաստանի» նախընտրական միտինգներին, պնդում է, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար և ժողովրդավար լինելուց։