Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության գործով քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ՝ հայտարարել է Ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ հաղորդման՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, Պողոսյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել:
Պաշտոնավարման տարիներին միլիոններ կուտակած Միհրան Պողոսյանին իրավապահները արդեն 4 տարի է, ինչ հետախոզում են։ ԴԱՀԿ նախկին պետն անցնում է մի շարք կոռուպցիոն գործերով (օֆշորներ, փողերի լվացում, ապօրինի բիզնեսներ և այլն)։ Նա թաքնվում է Ռուսաստանում։ Մոսկվան մինչ այս մերժել է նրան արտահանձնելու Երևանի դիմումը։
Տոննաներով կոկաին
Մայիսի 17-ին Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր, որ «մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորից պատվիրված ապրանքի հետ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել մոտ 1 տոննա կոկաին»․ կոկաինը հայտնաբերվել է և գտնվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում։ Թրմանյութի արժեքը ԱԱԾ-ն մոտ 250 միլիոն եվրո է գնահատում։
Մինչ այդ Իտալիայում առգրավել էին 2.7 տոննա կոկաին, որն, ըստ իտալացի իրավապահների, Վրաստանի Բաթումիի նավահանգստով պետք է ուղարկվեր Հայաստան։ Կոկաինի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Առգրավված թմրանյութի արժեքը իտալացի իրավապահները շուրջ 800 միլիոն եվրո էին գնահատել և հավելել՝ չափազանց բարձր որակի և հիանալի պահպանված վիճակում» էր։
Օրեր անց Հայաստանի հատուկ ծառայությունները բացահայտել են կոկաին և բանան ներմուծող ընկերության անունը՝ «Մրգենի» ՍՊԸ։ Հաղորդվել էր «հանցավոր խմբի անդամ», «Մրգենիի» ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի ձերբակալության (հետագայում՝ կալանավորման) մասին։
Միհրան Պողոսյանի բանանները
«Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։ ՍՊԸ-ն գրանցված է այն նույն հասցեում, որում գրանցված է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպը», որը ժամանակին բանանի ներկրման մենաշնորհ ուներ Հայաստանում։
«Մրգենին» փաստացի պատկանում է հենց Պողոսյանին։ Պողոսյանը հավաստիացնում է, որ այն «իրականում» պատկանում է իր «մտերիմին»։
«Բանանի փոխարեն հայտնաբերել են փոշենման զանգված»
«Մրգենի» ընկերության կապը կոկաինի ներկրման հետ նա հերքում է։ Մի քանի լրատվամիջոցներին ուղարկած նամակում նախկին պաշտոնյան պնդել է, թե ինքն անձամբ է զանգել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու հայտնել, որ բանանի ներմուծմամբ զբաղվող ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ ակնկալվող բանանի փոխարեն հայտնաբերել են անհայտ ծագման փոշենման զանգված։
Պողոսյանի «Քեթրին գրուպը» Հայաստան էկզոտիկ մրգեր ներկրող ամենախոշոր ընկերություններից էր։ Պետական ռեգիստրի տվյալներով, ընկերության գործունեությունը 2019 թվականից սահմանափակված է, դատարանում սնանկ ճանաչելու գործ կա, իսկ 2022 թվականից «Քեթրին գրուպին» արգելված է բաժնետոմսերի հետ կապված գործարք անել։
օրեից՝ գեներալ
Միհրան Պողոսյանի կարիերան, մասնավորապես, այսպես է սկսվել․
— 1998-2000 թվականներին ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում
— 1997-ին հիմնադրել է «Քեթրին Գրուպը»
— 2000-2006-ին եղել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության օպերլիազոր
— 2006-2007-ին եղել է Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ ավագ օպերլիազոր, կոչումը՝ մայոր
․․․
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2012-ին դարձել է Արդարադատության գեներալ-մայոր։
հ․գ․
Իրավապաշտպանները հարց են տալիս՝ արդյո՞ք առանց պաշտոնյաների իմացության և ներգրավվածության 1 տոննա կոկաինը կարող էր անարգել հատել սահմանը և հայտնվել Հայաստանում։