Օրինական կապիտալիզմը հանցավոր կապիտալիզմից սովորել է, որ փողերի աշխարհում միայն օրինախախտներն են գոյատևում, անգլիական Guardian պարբերականի կայքում նոյեմբերի 18-ին հրապարակած իր հոդվածում գրում է իտալացի լրագրող Ռոբերտո Սավիանոն՝ անդրադառնալով օֆշորային գոտիներին վերաբերող սկանդալներին․
Ընդամենը 19 ամիս առաջ հրապարակվեցին Պանամական փաստաթղթերը: Այժմ էլ Դրախտային փաստաթղթերը գրավել են անգլիական և եվրոպական թերթերի առաջին էջերը: Երբ հրապարակվեցին Պանամական փաստաթղթերը, ես գրեցի, որ եթե դրանցում չլիներ Դեյվիդ Քեմերոնի, նորությունը, հավանաբար, նման ազդեցություն չէր ունենա: Այսօր ես մտածում, որ մենք նման կերպ չէին քննարկի Դրախտային փաստաթղթերը, եթե դրանցում չլիներ Եղիսաբեթ թագուհու անունը:
Երկու դեպքում էլ մենք տեսանք, որ [օֆշորներում փող լվանալու] մեխանիզմները նույնն են: Միայն խորհրդատվական ընկերությունների և կղզիների անուններն են փոխվել: Դրախտային փաստաթղթերում կա ամեն ինչից քիչ-քիչ՝ օրինական, չնայած բարոյական տեսանկյունից խնդրահարույց, օֆշորային ընկերությունների գրանցումից մինչև ցածր հարկային պարտավորություն ունեցող հոլդինգային ընկերություններ, որոնք, հնարավոր է, թաքցնում են հանցավոր սկզբնաղբյուր ունեցող ակտիվներ:
Հարկային դրախտն այն վայրն է, որտեղ հանցավոր կապիտալիզմը և օրինական կապիտալիզմը հանդիպում են և միավորվում:
Ես սա ավելի վաղ եմ ասել, բայց արժե կրկնել: Նաև պետք է նշել այն փաստը, որ մաֆիայի միավորումներն առաջինն են ստեղծել և դյուրացրել փողերի լվացման մեխանիզմները հարկային դրախտավայրերի միջոցով:
80-ականներին կոլումբիական Կալի հանցավոր կարտելի առաջնորդ Խիլբերտո Ռոդրիգես Օրեխուելան դարձավ Պանամայի Առաջին Միջամերիկյան բանկի խոշորագույն բաժնետերը: Կարտելը դա արեց, որպեսզի դյուրացնի թմրամիջոցների վաճառքից ստացված փողերի լվացումը և դրանց ներդրումը շրջանառության մեջ:
Անցյալ տարի հայտնի դարձավ, որ մեքսիկական նարկոբիզնեսի ղեկավարներից մեկը՝ Ռաֆայել Կարո Կինտերոն, օֆշորային ընկերություն ուներ Պանամայում։ Նրա կողքին ակտիվներ ունեին մի շարք եվրոպացի խոշոր գործարարներ և քաղաքական գործիչներ: Այդ ակտիվները տարբեր սկզբնաղբյուրներ ունեին՝ մի մասը օրինական, մյուս մասը՝ անօրինական, բայց բոլորն էլ օգտվում էին նույն ծառայություններից և վայելում նույն օգուտները:
Պանամա, Բերմուդներ, Սինգապուր, Կիպրոս, Մալթա՝ սրանք այն վայրերն են, որտեղ դու կարող ես գումարներ թաքցնել: Այս ցանցի կենտրոնում Լոնդոնն է:
Եվ այս ամենը միշտ չէ արվում օրինական ճանապարհով: Փաստն այն է, որ Պանամական փաստաթղթերի կարգի տեղեկատվության արտահոսքը հարված է որոշների իմիջին, բայց դրա հետևանքը նրանց բանտարկումը չէ:
Ինչպես երևում է, իմիջային կորուստները շատ քիչ վտանգ են պարունակում անդրազգային կորպորացիաների համար. օֆշորային ակտիվներ ունեցող հայտնի ընկերությունները ջրից չոր են դուրս գալիս:
Երբ մենք իմանում ենք, որ Microsoft-ի, Google-ի կամ Apple-ի կարգի ընկերությունները օֆշորային հաշիվներ ունեն և տեսնում ենք, որ դրանց իմիջը և բաժնետոմսերի գները չեն տուժում, դա բերում է նման ֆինանսական գործելաոճի լեգիտիմացմանը:
Դրա շնորհիվ ստացվում է, որ հարկեր վճարելը միայն նրանց համար է, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ չվճարել դրանք:
Հարկային տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությունը փաստում է, որ ամենաբարձր եկամտաբերությամբ ամերիկյան 500 ընկերություններից 366-ը օգտագործում են հարկային դրախտավայրերում գրանցված դուստր ընկերություններ՝ իրենց շահութահարկը նվազեցնելու նպատակով: Դրանց թվում են խոշոր բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, դեղագործական կորպորացիաներ, հագուստի և սննդի ոլորտում աշխատող հայտնի ընկերություններ:
Դրա արդյունքն այն է, որ Հռոմի արվարձանում բնակվող էլեկտրիկը կամ Լիվերպուլում փոքր բիզնեսի տեր մարդն ավելի լուրջ հարկային ճնշման տակ է գտնվում, քան հսկա ընկերությունները, որոնք անհամեմատ շատ փողեր են աշխատում:
Ռոբերտո Սավիանո
Փաստ է, որ չնայած Պանամական և Դրախտային փաստաթղթերի սկանդալների և տարբեր կառավարությունների (այդ թվում՝ Շվեյցարիայի և Ավստրիայի կարգի հարկային դրախտավայրերի) խոստումների պայքարել փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ, ակտիվների չափը օֆշորային գոտիներում վերջին տարիներին միայն աճում է: Եվ դա պատահականություն չէ:
Ավելին՝ երբ որոշ դրախտավայրեր դուրս են մղվում (քաղաքական որոշմամբ կամ այն պատճառով, որ մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվում), այնտեղ պահվող ակտիվները տեղափոխվում են նոր, ավելի վստահելի հարկային դրախտավայրեր:
Ես վստահ եմ, որ Պանամական և Դրախտային փաստաթղթերն այսբերգի երևացող մասն են միայն, և մենք պատկերացում էլ չունենք խնդրի իրական չափերի մասին:
Պանամական և Դրախտային փաստաթղթերի արտահոսքից մենք հասկացանք միայն, որ կոկաինի շրջանառությունից, հարկերից խուսափելուց ստացված փողերը և օրինական գումարները հարկային դրախտում միասին են ապրում՝ լեգիտիմացնելով միմյանց:
Օրինական կապիտալիզմը հանցավոր կապիտալիզմից սովորել է, որ փողերի աշխարհում միայն օրինախախտներն են գոյատևում: Նարկոբիզնեսով զբաղվողներն ազատ շուկայի այդ մոդելի առաջամարտիկներն էին, և այդ մոդելը հետզետե յուրացրեց նաև օրինական տնտեսությունը:
Կոկաինը միավորում է մերօրյա կապիտալիզմի բոլոր սյուները՝ արագություն, գլոբալիզացիա և տնտեսական ուժ: Այդ սինթեզը լավագույնս երևում է օֆշորային դրախտավայրերում: