հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Մալթայում պայթեցրել են կոռուպցիայի դեպքերի մասին գրող լրագրողին

Մալթայում պայթեցրել են կոռուպցիայի դեպքերի մասին գրող լրագրողին

Մալթայում պայթեցվել է իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կոռուպցիոն գործեր հետաքննող լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի մեքենան։ Լրագրողի հետաքննության արդյունքում «Պանամական փաստաթղթերում» հրապարակվել էին երկրի վարչապետի կոռուպցիոն գործարքները բացահայտող տեղեկություններ, գրում է ՌԲԿ լրատվական գործակալությունը։

Լրագրողը մահացել է երկուշաբթի երեկոյան՝ իր անձնական մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: Հանցագործության կազմակերպիչներն ու իրագործողները դեռևս հայտնի չեն։ ՌԲԿ֊ի փոխանցմամբ՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ Գալիցիայի մեքենան դուրս է թռել ճանապարհից, իսկ բեկորները ցրվել են մոտակա դաշտերի ողջ տարածքով։ Երկու շաբաթ առաջ լրագրողը սպառնալիքների վերաբերյալ դիմում էր ներկայացրել ոստիկանություն։

Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը տեղի ունեցածն անվանել է «բարբարոսական հարձակում»։ «Ես չեմ հանգստանա, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել»,֊ ասել է նա։ Վարչապետն ապա հավելել է, որ «բոլորը գիտեն՝ Գալիցիան իմ քաղաքականության խիստ քննադատ էր»։

The Guardian բրիտանական պարբերականը գրում է, որ Գալիցիայի բլոգը, որում լրագրողը գրում էր երկրում տիրող կոռուպցիայի մասին, ժողովրդականության մակարդակով գերազանցում էր տեղական բոլոր թերթերը։ 2016 թվականի ապրիլին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել էր 11,5 միլիոն փաստաթուղթ աշխարհի չորրորդ խոշորագույն օֆշորային իրավաբանական ընկերության՝ Mossack Fonseca֊ի տվյալների բազայից։ Փաստաթղթերի արտահոսքը, որը ստացել է «Պանամական փաստաթղթեր» անվանումը, իրականացվել է անհայտ աղբյուրի կողմից գերմանական Süddeutsche Zeitung թերթին, որն էլ, իր հերթին, դրանք փոխանցել է ICIJ֊ին։

Ընկերության պաշտոնական փաստաթղթերը բացահայտել էին, թե ինչպես են հարյուրից ավել քաղաքական գործիչներ, այդ թվում՝ տասներկու պետությունների առաջնորդներ ու նրանց մերձավորները, օգտագործում գաղտնի օֆշորային մեխանիզմներ հարկերից խուսափելու, փողերի լվացման ու այլ ֆինանսական խարդախությունների նպատակով։ Փաստաթղթերում հիշատակվում են Պակիստանի վարչապետ Նավազ Շաիֆի, Իրաքի նախկին փոխնախագահ Այադ Ալավիի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Եգիպտոսի նախկին նախագահի որդու՝ Ալաա Մուբարակի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Իսլանդիայի վարչապետ Դավիդ Գուննլաուգսոնի անունները։ Իսլանդիայում բարձրացած բողոքի ալիքի հետևանքով վերջինս հրաժարական էր ներկայացրել։

Դաֆնա Կարուանա Գալիցիայի վերջին հետաքննությունը վարչապետ Մուսկաթի երկու օգնականների հետ առնչություն ունեցող օֆշորային ընկերությունների մասին էր։ Այս ընկերությունների միջոցով կատարվում էին վճարումներ Ադրբեջանի կառավարության կողմից։

«Պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո Եվրախորհրդարանի պատգամավորները բացահայտորեն պահանջում էին Մուսկաթի հրաժարականը․ գաղտնազերծված փաստաթղթերում կար տեղեկություն այն մասին, որ Մուսկաթի կինը կապված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր կողմից վճարումներ ստացող ընկերության հետ։ Հետագայում՝ 2017 թվականի ապրիլին, Գալիցիան իր բլոգում գրեց, որ նախագահի դուստը՝ Լեյլա Ալիևան, Դուբայի ազատ գոտում գրանցված Al Sahra FZCO ընկերության վերջնական շահառուն է։

Տվյալ ընկերությունը «վարկերի վճարումների» անվան տակ գումարներ էր փոխանցում Hearnville Inc., Tillgate Inc. և Egrant Inc. ընկերությունների հաշիվներին։ Հաջորդ օրը լրագրողը հայտարարեց՝ Մալթայի Pilatus Bank բանկում առկա է անվտանգության արկղ, որում պահվող փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Egrant Inc.֊ի սեփականատերը Մալթայի վարչապետի կին Միշել Մուսկաթն է։