Home / Հայաստան / Վրաստանը Ալիեւին լրագրող է նվիրել

Վրաստանը Ալիեւին լրագրող է նվիրել

Վրաստանը ապրիլի 6-ին արտաքսել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Սադիգովին, թեև Եվրոպական դատարանն արգելել էր նրա արտահանձնումը Ադրբեջանին. ընդդիմադիր գործչին իր երկրում սպասվում էր քաղաքական հետապնդումներ։

Արտաքսման որոշումը կայացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ Թբիլիսի կատարած պաշտոնական այցից ժամեր առաջ։ Ըստ Վրաստանի ընդդիմադիրների՝ այսպիսով Վրաստանի իշխանությունները փորձել են «նվեր մատուցել» Ալիևին։ «Վրացական երազանքը առաջին իշխանությունն է, որը հանուն Ադրբեջանի հետ հարաբերությունները պահպանելու կամ նորմալացնելու խախտեց իր պարտավորությունները, որոնք հանձնառել էր մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միանալով(..․) Սա տանում է ինքնիշխանության կորստի», – ասել է «Լելո» կուսակցության անդամ Լանա Գալդավան։

Լրագրողի արտաքսման որոշումը կայացվել է Թբիլիսիի դատարանում ապրիլի 4-ին՝ գիշերը։ Սադիգովը բերման է ենթարկվել իր տանից առանց որևէ բացատրության։ Մեկ ժամ անց հայտարարվել է, որ նրան ձերբակալել են սոցիալական մեդիայում Վրաստանի ոստիկանությանը վիրավորելու հոդվածով։

Azel․tv-ի գլխավոր խմբագիր Սադիգովի պաշտպանները միջնորդել, որ լրագրողին թույլատրեն գնալ երրորդ երկիր։ Դատարանը մերժել է միջնորդությունը։

Վրաստանը շուրջ երկու տարի է՝ արգելում է Սադիգովին մեկնել այլ երկիր։ 2024 թվականի հունիսին Թբիլիսի օդանավակայանում նրան չեն թողել թռնել Թուրքիա՝ ասելով, որ կարող է վերադառնալ միայն Ադրբեջան։ Օգոստոսին լրագրողին ձերբակալել են։ Փաստաբանները բողոքարկել են ձերբակալությունը, առաջարկել են գրավի դիմաց ազատ արձակել։ Դատարանը մերժել է միջնորդությունը։ Լրագրողը դիմել է Վրաստանի միգրացիայի հարցերով դեպարտամենտ՝ քաղապաստան հայցելու խնդրանքով։ Սեպտեմբերի 16-ին միգրացիոնը պաշտոնապես մերժել է հայցը։ Սադիգովը հայտարարել է հացադուլ և այն դադարեցրել միայն 170-րդ օրը, երբ կայացվել է իր օգտին ՄԻԵԴ վճիռը։

Սադիգովի պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Տամտա Միկալիձեն պատմում է, որ արտահանձնումը պայմանավորված է եղել երկու երկրների միջև։ Ապրիլի 1-ին Ադրբեջանը դադարեցրել է Սադիգովի դեմ շորթման հոդվածով սկսված քրեական գործը և տեղեկացրել Վրաստանին։ Ապրիլի 3-ին Վրաստանը հանել է նրա դեմ տեղաշարժման սահմանափակումը։ Ապրիլի 4-ին նրան բերման են ենթարկել։ Այսպես, Վրաստանը հույս ունի, որ Սադիգովի վերադարձնելն Ադրբեջանին այլևս «արտահանձնում» չէ, այլ ուղղակի «արտաքսում»։

«Այս տերմինների պրոցեդուրալ տարբերությունները կապ չունեն։ Արգելքն ունի բովանդակություն. հետապնդվող մարդուն չի կարելի ուղարկել այն երկիր, որտեղ նրան հետապնդում են։ Այդ պատճառով Ստրասբուրգյան դատարանը կտա շատ կոշտ գնահատական», – ասել է Transparency International-ի Վրաստանի գրասենյակի նախագահ Ալեքսանդր Բարամիձեն։