Իջևանի կարի ֆաբրիկայում նորից գործադուլ է․ տնօրինը սպառնում է դեպորտով
Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝ խոստանալով բանակցություններ սկսել երկուշաբթի, բայց ոչինչ չեն ձեռնարկել: Այսօր դերձակները կրկին դուրս են եկել փողոց։
Քիչ առաջ իրավիճակը ավելի է սրվել։ Հնդկաստանցի աշվատողները պատմել են Epress.am-ին, որ ֆաբրիկայի տարածք են եկել ոստիկաններ։ Արտադրամասի տնօրենը, որը 3 օր անտեսում էր գործադուլը և նույնիսկ աշխատողների զանգերին չէր պատասխանում, հանդիպել է իրենց, հայհոյել և սպառնացել արտաքսումով, ինչպես անում է նաև աշխատանքի ընթացքում՝ ասել է դերձակներից մեկը։
Մայիսի 8-ին մի քանի տասնյակ աշխատողներ գնացել էին Իջևանի ոստիկանության բաժանմունք՝ տնօրինության դեմ հաղորդում ներկայացնելու։ Ոստիկանները չեն ընդունել նրանց դիմումը և խնդրել են վերադառնալ արտադրամաս։ Նրանց անտեսել է նաև Հնդկաստանի դեսպանատունը՝ հորդորելով ինքնուրույն լուծել գործատուի հետ խնդիրները։
Գործադուլի մասնակիցները պատմել են Epress.am-ին, որ աշխատում և ապրում են ֆաբրիկայի տարածքում։ Պայմաններն անտանելի են, հաճախ հիվանդանում են, բայց ոչ մի բուժօգնություն չեն ստանում։
Տնօրենը ստիպում է նրանց պայմանավորվածից ավել բաճկոններ կարել, ինչը գործնականում անհնարին է։ «Նա իսկապես խոշտանգում է մեզ», — նշել է մեր զրուցակիցը։ Հավելավճարների մասին խոսք չկա։
Դերձակներից մյուսը պատմել է, որ 8 ժամի փոխարեն իրենց ստիպում են 11-12 ժամ աշխատել․ «Նորման ավելացրել էին օրական մինչև 120 կտոր համազգեստ, հիմա 200 են պահանջում կարել, դա անհնարին է՝ աշխատանքային խոշտանգում է»։
«Տնօրենը խաբել է մեզ։ Գնացինք ոստիկանական բաժանմունք, մտանք ներս։ 4-5 հոգի խոսում էին։ Բայց ոստիկանությունը փախչում է մեզնից։ Մեր բողոքը չեն գրանցում, չեն լսում մեզ», — պատմել են դերձակները։
Իջևանի ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։
ՆԳՆ-ից Epress.am-ին ասել են, թե ոչ մի խնդիր էլ չկա, ակցիա չի եղել, բողոք չի ներկայացվել։
Ութ ամիս առաջ՝ միգրանտների նախորդ գործադուլի ժամանակ, Հնդկաստանի դեսպանությունը և Հայաստանի աշխատանքի տեսչությունը, արձագանքելով հրապարակումներին, ստիպված եկել էին ֆաբրիկայի տարածք և խոստումներ կորզել տնօրինությունից, որ աշխատավարձը կբարձրանա, աշխատանքային պայմանները կբարելավվեն։
«Սկզբից որոշ փոփոխություններ եղան, դադարցրին մեզ ատրճանակով սպառնալը: Հետո նորից խաբեցին ու սկսեցին տանջել», — Epress.am-ին ասել են մեր զրուցակիցները։
Կարի ֆաբրիկան գտնվում է Իջևանի նախկին հանրախանութի տարածքում։ Բանվորները այստեղ ոչ միայն աշխատում են, այլ նաև ապրում և սնվում։ Նրանց շուրջօրյա հետևում են 41 տեսախցիկների և բազմաթիվ հսկիչների միջոցով։
Անցած տարվա գործադուլի ժամանակ աշխատողները պատմում էին, որ տնօրինությունը սահմանափակում է իրենց մուտքն ու ելքը, արգելվում է անձնական հարաբերություններ ունենալ, գարեջուր խմել, գնալ Իջևանի կենտրոնական սրճարաններ։ Օրական 11 ժամ են աշխատում՝ մեկ ժամ ընդմիջումով և երկու 15 րոպեոանոց կոֆե-բրեյքով։
Գրաֆիկից շեղվողներին կամ դանդաղ աշխատողներին հսկիչներն առաջ սպառնում էին ատրճանակով։ «5 հատ զենք ունեին, հենց դանդաղ էիր աշխատում՝ հանում, ցույց էին տալիս, ասում էին՝ շուտ-շուտ կարի», — պատմել էին նախորդ գործադուլի մասնակիցներից մի քանիսը։ «Շուտ-շուտ կարի» արտահայտությունը միակն էր, որ բոլորը գիտեին և ասում էին հայերենով։
Ատրճանակի կիրառման դեպքի առթիվ ոստիկանությունը նույնիսկ ուսումնասիրություն էր նախաձեռնել։ Բայց պատժվածներ չկան։
Անցած տարվա գործադուլից հետո տնօրինությունը խոստացել էր, որ աշխատողներին էլ զենքով չի սպառնա և չի դիմի ֆիզիկական բռնության։ Խոստացել էին նաև թեթևացնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, վճարել չվճարված աշխատավարձը, վերանայել դրույքաչափը։
Հիմա նորից ծանրաբեռնվածությունը մեծացել է, աշխատողներին ստիպում են 8 ժամից ավել աշխատել, սահմանվածից շատ կարել, սպառնում են և այլն։
«Գրանդ տեքստիլում» աշխատող միգրանտները գերշահագործման և բռնությունների մասին անցած տարվա գործադուլից առաջ էլ են ահազանգել։ Դեռ 2020 թվին ֆաբրիկայից մի խումբ հնդիկներ էին փախել․ նրանք դիմել էին ոստիկանություն, դիմումի հիման վրա քրեական գործ էր հարուցվել թրաֆիքինգի հատկանիշներով։ Բողոքողները աշխատանքի էին անցել Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայում, աշխատավարձ ստանալուց հետո՝ լքել Հայաստանը և վերադարձել Հնդկաստան։ Իջևանում մնացած նրանց գործընկերների համար էլ Հնդկաստան վերադարձի տոմսեր էր գնել տնօրենությունը։ Դրա շնորհիվ քրեական գործը կարճվել էր՝ բողոքների ֆիզիկական բացակայության հիմքով։ Ահազանգներին ոչ այն ժամանակ էր պատշաճ ընթացք տրվել, ոչ էլ անցած տարվա գործադուլից հետո։