Ո՞վ է իրականում կանգնած Ռուսաստանի վերջին ահաբեկչական գործողությունների հետևում
Մաս 1
Կարևոր է հասկանալ, թե ինչով է ծայրահեղական իսլամը տարբերվում այն ավանդական իսլամից, որը դավանում են Հյուսիսային Կովկասի ժողովուրդները։
Ռուսական ներկայությունը Հյուսիսային Կովկասում սկսվել է 16-րդ դարից` Իվան Ահեղի ժամանակներից։ Հյուսիսային Կովկասում արդեն կային մահմեդականություն դավանող ժողովուրդներ։ Իրանից և Ադրբեջանից սուֆիական իսլամը Դաղստան էր հասել բավականին վաղ շրջանում։ Ավելի ուշ այդ տեսակի մահմեդականություն էին ընդունել նաև Չեչնիայում և Ինգուշեթիայում։
Ինչպես բոլոր այլ կրոնները, իսլամը ևս տրասնֆորմացվում է ժամանակի ընթացքում։ Վերջին տասնամյակների և հարյուրամյակների ընթացքում իսլամը միտում ունի վերադառնալ սկզբնական վիճակին, ինչպես Մուհամմադ մարգարեի օրոք էր, այսինքն՝ վերադարձ ավելի մաքուր, ժամանակի հետ առաջացած շերտերից և «զարգացումից» զերծ վիճակի։ Այդ տեսակի մահմեդականությունը Ռուսաստանում հայտնի է որպես վահաբիտական կամ սալաֆիտական իսլամ։ Ռադիկալ իսլամիստական ընդհատակը, որի մասին մենք խոսում ենք, կապ ունի հիմնականում հենց այս ուղղությունների հետ։
Շարիաթը Չեչնիայում փորձում էին հաստատել դեռևս 18-19-րդ դարերի ազգային շարժումների առաջնորդները, օրինակ՝ Շեյխ Մանսուրը 1780-ականներին կամ Իմամ Շամիլը 1830-ականներին։ Ինչ-որ տեսակի օրենք հաստատելը տեղերում, որտեղ նախկինում հստակ սահմանված կարգ չկար, կարող է տարբեր նպատակներ ունենալ։ Չինգիզ խանի օրոք, օրինակ, Մեծ Տափաստանում օրենք հաստատվեց։ Մինչ այդ Տափաստանով անցնելն ու կենդանի մնալը գրեթե անհնար էր, իսկ օրենքի հաստատվելուց հետո ամեն ինչ հարաբերականորեն կարգավորվել էր։ Շատ հաճախ, սակայն, օրենքի հաստատումը լրիվ այլ նպատակներ է ունենում։ Իմամ Շամիլը Չեչնիայում շարիաթ էր հաստատել շատ կոնկրետ կարիքից դրդված. պետք էր ինչ-որ ձևով համակարգել զինված խմբավորումները։ 16-17-րդ դարերից սկսած Չեչնիայում ռազմական դեմոկրատիա էր։ Զինյալները ոչ միայն պայքարում էին դաղստանցի և կաբարդացի իշխանների դեմ, այլև կեղեքում էին սեփական արիստոկրատիային։ Սովորական լեռնային օրենքներով կամ Ադաթով որևէ տեսակի հիերարխիա հաստատելը պարզապես անհնարին էր թվում, նույնիսկ այն հիերարխիան, որն անհրաժեշտ է պատերազմական գործողություններ վարելու համար։ Այսպես Իմամ Շամիլը որոշեց շարիաթ ընդունել։
Ի հակադրություն, ինգուշները չէին վերացնում իրենց ցեղական արիստոկրատիային։ Նրանց մոտ թեյփային կառուցվածքը գրեթե առանց փոփոխությունների պահպանվել է մինչ օրս։ Դրա շնորհիվ ինգուշները տարբեր բարդ իրավիճակներում ավելի կազմակերպված են։ 19-րդ դարում, երբ նրանք հավատարմության երդում էին տալիս Ցարական կայսրությանը, կար ժողովրդի ներկայացուցիչ, որը կարող էր համաձայնագիր ստորագրել։ Չեչեններն, օրինակ, այդպես չէին կարող. մեկը կարող էր ստորագրել, բայց մնացածի համար դա արժեք չէր ունենա։
Թե՛ Ինգուշեթիայում, թե՛ Չեչնիայում այդ ժամանակ թարիքատ կամ սուֆիական իսլամ էր, որը բերել էր կրոնական ուսուցիչ Քունտա Հաջի Քիշիևը։ Հարկ է նշել, որ Հաջի Քիշիևի բերած այդ ուսմունքը շատ ավելին էր, քան պարզապես կրոնը։ Լավ օրինակ է շրջանաձև զիկրայի ավանդույթը, երբ գյուղի բոլոր տղամարդիկ հավաքվում են աղոթքի, շրջանաձև քայլում կամ վազում են, մեկը երգում է, մեկը աղոթք է կարդում… Սա գործողություն է, որում ներգրավված է ողջ գյուղը, գյուղի բոլոր տղամարդիկ։ Իսկ այն ժամանակ նույն գյուղում կարող էին տարբեր լեռնային խմբեր ապրել, և այս ավանդույթի շնորհիվ գյուղը ներկայանում էր որպես մեկ միասնական համայնք։ Շարժվում են շրջանաձև, շրջանի մեջ չկա առաջինը և վերջինը, հավասար են ծերերն ու երիտասարդները։ Սա էապես փոխում է համայնքի սոցիալական կառուցվածքը։ Ընդ որում, այս ուսմունքը տարածվել է 1850-ականներին, այսինքն՝ 19-րդ դարի Կովկասյան պատերազմից հետո։ Այս մասին չկան հիշատակումներ Կովկասյան պատերզմի մասնակից ռուսական զինվորականների հուշագրություններում։
Հետո գալիս է 20-րդ դարը, Խորհրդային իշխանություն, արտաքսումներ, վերադարձներ 1957-ին։ Չեչեններին թույլ չէին տալիս բնակություն հաստատել Գրոզնիում, հատկապես 1958-ի հակաչեչենական ջարդերից հետո։ Նրանք հիմնականում ապրում էին գյուղական բնակավայրերում և շարունակում էին գաղտնի դավանել իրենց կրոնը և անել այդ զիկրաները։
Գաղտնի էր գործում նաև շարիաթը, այսինքն՝ շարիաթի դատավարությունները։ Այդպիսի դատերի ժամանակ վճիռ էին կայացնում ծերունիները՝ ըստ Ադաթի, ավանդույթի, շարիաթի։ Պարադոքսալ փաստ. Խորհրդային իշխանության օրոք համարվում էր, որ Չեչնիայում հանցավորության մակարդակը ցածր է։ Ինչո՞ւ։ Որովհետև բոլոր այն դեպքերում, երբ հարցը հնարավոր էր լուծել ծերունիների միջոցով, բոլորը դիմում էին նրանց և հարցերը լուծում էին ըստ Ադաթի կամ շարիաթի։ Եթե այսպիսի ավանդական դատավարությունից հետո կողմերից մեկը դժգոհ էր մնում, այդ դեպքում նոր դիմում էին ռուսական քննիչին։ Այսինքն դեպքերի մեծ մասը դուրս էր մնում պաշտոնական վիճակագրությունից։
Ոչ միայն կրոնը, այլև կրոնով կարգավորվող օրենքը գործում էր նույնիսկ այն ժամանակներում, երբ համարվում էր, որ նման բան չկա, այսինքն՝ Խորհրդային իշխանության օրոք։ Հետո ամեն ինչ փլուզվում է. փլուզվում է այդ իշխանությունը, փլուզվում է խորհրդային տնտեսությունը, կոլխոզներն ու սովխոզները։ Խորհրդային իրավունքը, ինչպես և հետխորհրդային ռուսական իրավունքը, հարմարված չէր փոքր բիզնեսի հարաբերությունների կարգավորման համար։ Ի՞նչ էին անում մարդիկ։ Կենտրոնական Ռուսաստանում դիմում էին «լավ տղեքին», որոնք ինչ-որ «պանյատներով» լուծում էին հարցերը՝ երբեմն ավելի լավ, քան խորհրդային, իսկ հետո արդեն հետխորհրդային ռուսական դատարանները։ Իսկ շարիաթը՝ իսլամական իրավունքը, ծնվել է մեր թվարկության վեցերորդ դարում՝ մանր վաճառականների և արհեստավորների շրջանում։ Այսինքն, իսկզբանե հարմարեցված էր այդպիսի հարաբերություններ կարգավորելու համար։ Դաղստանի Կարամախի գյուղում գործում էր իսլամական կառույց, որը լուծում էր մանր և կարևոր հարցեր, կապված մարդկանց ունեցվածքի բաշխման, կենցաղային երևույթների և այլ ոլորտների հետ։ Այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ գյուղը կարող է վերածվել պատերազմի դաշտի և ամբողջությամբ ավիրվել։ Դա այն իրավական վակուումի հետևանքն էր, որում հայտնվել էր հետխորհրդային Ռուսաստանը։
Այն բնակավայրերում, որոնցում ինչ-որ տեսակի իրավական կարգավորումներ ամեն դեպքում ներմուծվել էին, մարդիկ կարողանում էին խուսափել կոնֆլիկտներից, նաև՝ կրոնական։ Օրինակ, Կաբարդա-Բալկարիայում ծայրահեղ իսլամի հետ կապված ամենանշանակալի ապստամբությունը 2005 թվականի հոկտեմբերի 13-14-ինն է, երբ Շամիլ Բասաևի առաջնորդած զինյալների խումբը հարձակվում էր ռուսական ռազմական օբյեկտների վրա։ Մարտերը շարունակվում էին 2 օր, հարյուրավոր մարդիկ էին սպանվում, տարիներով դատավարություններ էին ընթանում։ Ո՞րտեղից այս ամենը։ Հարևան Կարաչայ-Չերքեզիայում, արմատական իսլամի շուրջ թեմաներ ևս կային։ Օրինակ, 1999-ի Մոսկվայի և Վոլգոդոնսկի պայթյունները կապում են համար երկու մահմեդական համայնքի՝ հենց Կարաչայ-Չերքեզիայի ջամաաթի հետ։ Բայց դրանից հետո այդտեղից ոչ մի տագնապային ազդանշան չէր գալիս, ոչ մի մասշտաբային իրադարձություն տեղի չէր ունենում։ Սոցիոլոգները, որոնց ես հակված եմ վստահել, սա կապում են պարզ հանգամանքի հետ. Կարաչայ-Չերքեզիայում կար տեղական հողային օրենսդրություն և պրակտիկա, որով հողի մասնավորեցումը կարգավորվում էր ռուսական օրենսդրության համաձայն։ Իսկ Կաբարդա-Բալկարիայում հողը, իհարկե, սրբություն էր, և անվերջ վեճեր էին առաջանում արոտավայրերի ու միջգյուղական տարածքների շուրջ։ Այդ վեճերը իրավական ճանապարհով լուծելը բարդ էր։ Դրանք ռացիոնալիզացվում էին որպես էթնիկ կամ միջկրոնական հակամարտություններ, եթե գոնե աննշան տարբերություններ կային հավատի մեջ, ու սկսվում էր…
1990-ականներից Հյուսիսային Կովկասում արմատական իսլամի տարածումը բացատրվում է ոչ թե նենգ արտասահմանյան կենտրոնների չար հնարքներով, այլ իրավական վակուումով։
Բայց Չեչնիայում ուրիշ հանգամանք էլ կար։
ամբողջական տեքստը՝ աուդիոտարբերակով․
Չեչնիայի պատերազմները
1995 թվականին Ջոխար Դուդաևը կանգնած էր նույն խնդրի առաջ, ինչ Իմամ Շամիլը նախորդ դարում. անհրաժեշտ էր համակարգել զինված խմբավորումները։ Զինյալները ըստ ցանկության էին ենթարկվում հրամանատարին, և ուրիշ առաջնորդ չէին ընդունում։ Իսկ ինչո՞ւ ենթարկվել ինչ-որ մեկին։ Չեչենները հիերխիաներ չեն ընդունում։ Տարածված լեգենդ կա, թե իբր 90-ականներին Ռուսաստանում ուժեղ հիերարխիայով ճյուղավորված չեչենական մաֆիա էր գործում. նման բան երբևէ չի եղել։ Երբ հարձակում էր լինում ինչ-որ չեչենական ընտանիքի վրա, այդ ընտանիքի անդամները զենք էին ճարում ու կռվում։ Բայց որ դիմեն ավելի բարձր կանգնած մեկին ու պաշտպանություն խնդրեն՝ նման բան չի եղել։ Դա կհակասեր իրենց ավանդույթներին։
Իսկ այստեղ, Ջոխար Դուդաևի մոտ պատերազմ է գնում, դիսցիպլինա է պետք։ Զինյալների շրջանում հիերարխիա հաստատելու և գործողությունները համակարգելու համար հղվում էին շարիաթին։ Օրկնակ, չեչենական հանրապետության՝ Իչկերիայի գլխավոր դատախազ Ուսման Իմաևը, որը կրթություն էր ստացել Մոսկվայի ՄԳԻՄՈ-ում, անկասկած խելացի քաղաքական գործիչ էր և հաստատ իր շրջապատում ամենավատը չէր – ես դատում եմ ըստ գերիների ազատ արձակման և անհետ կորածների որոնողական աշխատանքների մասին պատմությունների – իր ստորաբաժանումը համակարգում էր ըստ շարիաթի կանոնների։
Բացի այդ, 1995 թվականի սկզբներին Չեչնիայում ի հայտ էին եկել փոքրաթիվ կամավորական ջոկատներ Մերձավոր Արևելքից։ Օրինակ՝ Խատտաբի ջոկատը։ Նրանք Չեչնիայում հայտնվել էին Գրոզնիի ազատագրման մարտերից հետո, զգալի ազդեցություն չեն ունեցել 1994-1995-ի ձմռան իրադարձությունների վրա։ Բայց ռազմական գործողությունները շարունակվում էին, չեչենական դիմադրությունը գնալով ավելի արմատական էր դառնում, Մերձավոր Արևելքից եկած կամավորականների ջոկատները սկսում էին նկատվել, նրանց գաղափարները գնալով ավելի ընդունելի էին դառնում չեչենական հրամանատարների համար։ 1996-ին, օրինակ, ըստ շարիաթի դատվարություն էր իրականացրել Շամիլ Բասաևը. ռուսական կողմի հետ համագործակցության մեջ մեղադրվող գյուղապետը այդպիսով դատապարտվել էր մահվան։ Չեչենական Վեդենսկի շրջանում կազմակերպված այս դատավարությունը մերձավոր-արևելյան խմբավորումների հետ սիմբիոզի հետևանք էր։
Կարևոր է ևս մեկ անգամ նշել, որ այդ կամավորական ջոկատների ներգրավվածությունը երբևէ էական նշանակություն չի ունեցել։ Այո, Խատտաբն ամուսնացել էր Կարամախիի իսլամիստներից մեկի դստեր հետ։ Այո, նա կարևոր էր Չեչնիայում միջպատերազմական ժամանակներում իսլամիստների միջև կոնսոլիդացիայի ժամանակ։ Բայց հաստատ ամեն ինչ նա չէր որոշում։
Ո՛չ արաբները, ո՛չ էլ նրանց փողերը երբևէ էական նշանակություն չեն ունեցել չեչենական զինված դիմադրության համար։ Չեչնիայի ու մյուս տեղերի համար կարևոր էին հոգևորականները, մզկիթների իմամները։ Խորհրդային իշխանության օրոք բոլոր կրոններում էլ հոգևոր սպասավորների պակաս կար։ Երբ 1990-ականներին իսլամի նկատմամբ հետաքրքրությունը սկսեց աճել, պարզ դարձավ, որ մզկիթներում ծառայություն իրականացնելու համար բավարար մարդ և կրոնական կրթական հաստատություններ չկան։ Ստիպված գնում էին Մերձավոր Արևելքում սովորելու։ Կոնֆլիկտներ էին առաջանում նոր և հին հոգևորականների միջև։ Նոր կրթություն ստացածները շատ արմատական չէին, թեև ծանոթ էին ավելի ռադիկալ ուղղությունների հետ։ Ավելի հին հոգևորականները տեսնում էին, որ իրենց տեղը նեղանում է։ Սալաֆիտական և ավանդական իսլամների միջև տարաձայնությունները 1990-ականների վերջում արդեն բավականին սրված էին։ Օրինակ, Կարաչայ-Չերքեզիայում կամ Դաղստանում հոգևորականների հակամարտությունն այնպիսի կետի էր հասել, որ սալաֆիտ համայքների առաջնորդները՝ վախենալով հնարավոր բռնաճնշումներից, փախչում էին Չեչնիա։ Նրանց հետևից Չեչնիա էին տեղափոխվում նաև իրենց համակիրները։ Արդյունքում հարյուրավոր երիտասարդ մահմեդականներ թե՛ Դաղստանից, թե՛ Կարաչայ-Չերքեզիայից բնակություն էին հաստատում Չեչնիայում՝ նույն Խատտաբի ճամբարներում, որտեղ էլ մարտական պատրաստություն էին անցնում, իսկ 1999-ի պատերազմում արդեն մասնակցում էին ռազմական կամ ահաբեկչական գործողություններին։
Հին ու նոր հոգևորականության մեջ աստվածաբանական տարաձայնություններին գումարվում էին նաև վարչական հանգամանքները։ Օրինակ, Դաղստանի Ներքին գործերի նախարար Ադիլգերեյ Մագոմեդթագիրովը Շեյխ Սաիդ Աֆանդի ալ Չիրկավիի հետևորդ էր։ Դա հարաբերականորեն փոքր սուֆիական համայնք էր, որը դեմ էր նոր առաջացած սալաֆիտական ուղղություններին։ Այսինքն, Դաղստանի ոստիկանությունը սալաֆիտների դեմ իր գործողությունների համար դավանաբանական արդարացում ուներ։ Դաղստանում 1990-ականների վերջերից մինչև 2010-ականների սկիզբ շարունակվող պատերազմը սալաֆիտների և իշխանությունների միջև ուներ գրեթե կրոնական հիմնավորում։ Ադիլգերեյ Մագոմեդթագիրովը, փաստացի, պետական մակարդակով կանաչ լույս էր տալիս երիտասարդ մահմեդականների դեմ մեղմ ասած դաժան բռնաճնշումներին, որոնք տարածվում էին ողջ սալաֆիտ համայնքի վրա, անկախ նրանից փախել են Չեչնիա, թե՝ ոչ, մասնակցում են պատերազմական կամ ահաբեկչական գործողություններին, թե՝ ոչ, կապ ունեն Խատտաբի հետ, թե՝ ոչ։
Ինչ նկատի ունենք, երբ ասում ենք դաժան բռնաճնշումներ։ Մեզ մոտ ոստիկանությունը ինչպե՞ս է ցուցմունք կորզում։ Ոչ ոք չի սիրում, երբ տղամարդկանց նստացնում են շշի վրա։ Իսկ երբ վատ ձևակերպված մեղադրանքի համար մարդը 2-3 տարի նստում ու դուրս է գալիս բանտից, ի՞նչ կարող եք սպասել նրանից։ Դաղստանի ՆԳՆ մի քանի բաժիններում սպանել են անխտիր բոլոր աշխատակիցներին։ Հենց Ադիլգերեյ Մագոմեդթագիրովը սպանվել է դիպուկահարի կրակոցից։ Շեյխ Սաիդ Աֆանդի ալ Չիրկավիին պայթացրել են 2012-ին։
Սա կրոնական հակամարտություն էր, բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Կան իշխանության հարցեր։ Երբ հակամարտությունը շարունակաբար մեկնաբանվում է որպես դավանաբանական, այն ի վերջո դառնում է դավանաբանական։ Նույնիսկ ոստիկանական իշխանությունն էր իր գործողություններին կրոնական մեկնաբանություններ տալիս։ Սա շատ բարդ պատկեր է՝ թե՛ կրոնական տարբեր ուղղությունների առաջացման, թե՛ դրանց հետագա զորեղացման պատճառները հասկանալու տեսանկյունից։ Այսինքն, երբ խոսում ենք ռադիկալ իսլամական ընդհատակի մասին չեչենական երկրորդ պատերազմից հետո, կարևոր է հասկանալ, թե ինչ հիմքերի վրա է այն առաջացել։
Ալեքսանդր Չերկասով
իրավապաշտպան
Շարունակությունը՝
Պատերազմը ձեն է տանում ու բերում. Կովկասյան ընդհատակ (մաս 2)
Ահաբեկիչները օդից չեն հայտնվում. Կովկասյան ընդհատակ (մաս 3)
Ռուսերեն սկզբնաղբյուրը՝ Նովայա Գազետա
Epress.am Լուրեր Հայաստանից