Home / Հայաստան / Ղուրան վառողի սպանության գործով կա 5 ձերբակալված

Ղուրան վառողի սպանության գործով կա 5 ձերբակալված

Շվեդիայում սպանել են իրաքցի փախստական, իսլամի քննադատ, 38-ամյա ակտիվիստ Սալվան Մոմիկային։ Նրա դին՝ հրազենային վնասվածքներով, գտել են Սյոդերթելյե քաղաքի նրա բնակարանում՝ հունվարի 30-ին գրել են  SVT-ն և Expressen-ը։ 

Դեպքը հունվարի 29-ին է տեղի ունեցել։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, սպանության գործով կա առնվազն 5 ձերբակալված։

Մոմիկայի մահվան մասին հաղորդել է նրա զուգընկերը՝ Սալվան Նաջեմը։ «Հաջորդը ես եմ», – գրել է նա X-ի իր էջում։ Ոստիկանության հաղորդագրության մեջ անուններ չէին նշվում։

Սալվան Մոմիկան հայտնի է իր հակամահմեդական ակցիաներով՝ հիմնականում Ղուրան էր վառում։ Նա և նրա զուգընկերը Շվեդիայում մեղադրվում էին ռասայական թշնամանք հրահրելու մեջ։ 2023-ին նրանք 4 ակցիա են արել՝ վառել են սուրբ գրքի օրինակները։ Դատավճիռը, ըստ նախատեսվածի, պետք է հրապարակվեր հունվարի 30-ին։ Ստոկհոլմի դատարանը հետաձգել է նիստը «մեղադրյալներից մեկի մահվան» հիմքով։

Մոմիկան առաջին Ղուրան վառողը չէր։ Մինչ այդ Շվեդիայում դրանով զբաղվում էր աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդան։ 2022-ին բողոքի ցույցի էին դուրս եկել Շվեդիայի մահմեդականները։ 2023-ին զանգվածային բողոքի ցույցեր էին Իրաքում, Եմենում, Թուրքիայում, Պակիստանում։ Բաղդադում դրանք ավարտվել էին Շվեդիայի դեսպանատան գրավմամբ։

Իրաքյան Էլ-Քուֆա քաղաքում, ըստ Expressen-ի, երկու միլիոն դոլարի պարգևատրում և երկու կիլո ոսկուց ձուլված Ղուրանի օրինակ էին խոստացել նրան, ով կսպանի Մոմիկային։ Իրաքի իշխանությունները պահանջել էին նրան արտահանձնել։

Սալվան Մոմիկան տեղափոխվել է Շվեդիա 2018 թվականին։ 2023-ի աշնանը՝ ակցիաներից հետո, նրա ժամանակավոր կացության իրավունքը զրոյացվել է, նա փորձել է ապաստան ստանալ Նորվեգիայում, բայց ստիպված է եղել վերադառնալ Շվեդիա, որտեղ 2024-ին կրկին կացության իրավունք է ստացել։ Միգրացիոն ծառայությունը համարել է, որ Իրաք արտաքսվելու պարագայում ակտիվիստին կյանքին և առողջության վտանգ է սպառնալու։

ԿՈՆՏԵՔՍՏ

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո սկանդինավյան երկրները, այդ թվում Շվեդիան, հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշման մասին։

Ղուրան վառելու ակցիաներ մինչ այդ էլ են եղել, բայց 2023-ին դրանք վերածվել էին միջազգային լրահոսի համար մեկ թեմայի։ Մահմեդական երկրներում բողոքի ցույցեր էին։ Շվեդիայի անդամակցությունը պարբերաբար հետաձգվում էր Թուրքիայի վետոյի պատճառով։

Անկարան իր որոշումը պատճառաբանում էր Ղուրանի հրկիզման ակցիաներով, բայց Շվեդիայից զիջումներ կորզելուց հետո (Ստոկհոլմը չեղարկեց զենքի էմբագոն և Թուրքիա արտահանձնեց քուրդ փախստականներին) մտափոխվեց և հանեց վետոն։ 

The New York Times-ը՝ հղվելով Շվեդիայի պաշտպանության նախարարությանը, ենթադրում էր, որ բարձրացված աղմուկի հետևում Ռուսաստանն է կանգնած։ Առաջին Ղուրան վառողներից էր դանիացի քաղգործիչ Ռասմուս Պալուդան, որի ակցիայի համար պետտուրքը վճարել էր շվեդ լրագրող Չանգ Ֆրիկը, որը մինչ այդ աշխատել է ռուսական ԶԼՄ-ներում։

Ինչ վերաբերում է Սալվան Մոմիկային՝ նա համաձայնել էր գրավոր պատասխանել The New York Times-ի հարցերին, և դադարել էր կապի դուրս գալ, երբ լրագրողը հարցրել էր Ռուսաստանի հետ նրա կապերի մասին։