Home / Մեդիա / Ֆրանսիայում աշակերտը խոստովանել է, որ զրպարտել է իսլամը վիրավորելու համար գլխատված ուսուցչին

Ֆրանսիայում աշակերտը խոստովանել է, որ զրպարտել է իսլամը վիրավորելու համար գլխատված ուսուցչին

Փարիզի արվարձանում գտնվող Կոնֆլան-Սենթ-Oնորին քաղաքում, որտեղ մի քանի ամիս առաջ իսլամը ծաղրելու համար գլխատել էին պատմության ուսուցիչ Սեմյուել Փաթիին, աշակերտներից մեկը խոստովանել է, որ խաբել է, երբ ասել է, որ ուսուցիչը մահմեդական աշակերտներին խնդրել է դուրս գալ դասարանից՝ Մուհամեդի ծաղրանկերը ցույց տալու ժամանակ։ Հենց այդ պատմությունից հետո էլ սոցիալական ցանցերում արշավ էր սկսվել ընդդեմ Փաթիի։

13֊ամյա աշակերտուհին խոստովանել է, որ պատմության ուսուցչի գլխատման պատճառը իր սուտ պատմությունն էր, որը հորինվել էր հոր կողմից գովասանքի արժանանալու համար։

Աղջիկն այն ժամանակ պատմել էր, որ 47-ամյա ուսուցիչը մահմեդական աշակերտներին խնդրել է դուրս գալ դասարանից, եթե չեն ուզում խոսքի ազատության թեմայով դասի ժամանակ տեսնել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը։ Հետո աշակերտուհին հորը պատմել էր, իբր իրեն երկու օրով ազատել են դասերից՝ Փաթիին քննադատելու համար։ Հայրն ուսուցչի վրա բողոք էր գրել, ինչից հետո էլ մեկնարկել էր Փաթիի դեմ առցանց արշավը։

2020 թվականի հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձանում գտնվող քոլեջի մոտակայքում հայտնաբերվել էր Սամյուել Փաթիի գլխատված մարմինը։ Սպանության մեջ մեղադրվում է ծնունդով Չեչնիայից 18-ամյա Աբդուլլա Անզորովը։ Ուսուցչին գլխատելուց հետո Անզորովը փորձել է մեքենայով փախչել, ոստիկաններին ատրճանակով սպառնալով։ Ոստիկանները կրակ են բացել երիտասարդի ուղղությամբ։

Ուսուցչի գլխատումից երկու շաբաթ առաջ նախագահ Էմանուել Մակրոնը վիճահարույց մի ելույթ էր ունեցել, որում իսլամը բնորոշել էր որպես «կրոն, որն այսօր ճգնաժամի մեջ է ամբողջ աշխարհում»: Սամյուել Փաթիի սպանությունից հետո Մակրոնը կարծիք էր հայտնել, որ Ֆրանսիայում անհրաժեշտ է կառուցել իսլամ, որը համատեղելի կլինի լուսավորության գաղափարների հետ:

Մի շարք մահմեդական երկրների առաջնորդներ այս հայտարարություններն անմիջապես որակել էին որպես «իսլամաֆոբիայի և փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության» դրսևորում։