Home / Եկեղեցի / Ծաղրանկարները՝ Ֆրանսիայի հետ «հակամարտելու» առիթ

Ծաղրանկարները՝ Ֆրանսիայի հետ «հակամարտելու» առիթ

Անկարայի հանրապետական դատախազությունը այսօր քրեական հետապնդում է սկսել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրակազմի նկատմամբ՝ նախօրեին ամսագրի շապիկին հայտնված Ռեջեփ Էրդողանի ծաղրանկարի պատճառով, հայտնում է թուրքական NTV ալիքը։

Ամսագրի աշխատակիցները մեղադրվում են Թուրքիայի նախագահին անարգելու մեջ՝ թուրքական ՔրՕր-ի միանգամից երեք հոդվածներով։


վերևի գրառումը՝ «Մասնավոր կյանքում Էրդողանը բավականին չարաճճի է», ներքևինը՝ «Ա՜խ, Մարգարե»

Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ  Charlie Hebdo-ի ծաղրանկարը «քսենոֆոբ, իսլամոֆոբ և անհանդուրջող միջավայրի արտադրանք է», որը խրախուսվում է Ֆրանսիայի ղեկավարության կողմից։

Ով ումից նեղացավ և ինչ կապ ունի Charlie Hebdo-ն

Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին մեկ շաբաթվա ընթացքում աննախադեպ լարվածության են հասել։ Իսլամի, եվրոպական արժեքների, իսլամաֆոբիայի և խոսքի ազատության, հավատավորների զգացմունքների շուրջ բանավեճը կրկին միջպետական և աշխարհաքաղաքական բովանդակություն է ստացել Ֆրանսիայում Charlie Hebdo-ի ծաղրանկարներից մեկը ցուցադրած ուսուցչի գլխատումից հետո, նաև՝ դրան նախորդած և հաջորդած ելույթների պատճառով։

Հասարակագիտության ուսուցիչ Սամյուել Փաթին աշակերտներին ցուցադրել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներից մեկը, որի պատճառով 2015 թվականին մի խումբ մահմեդական գրոհայիններ զինված հարձակում էին կազմակերպել ամսագրի փարիզյան գրասենյակի վրա․ Charlie Hebdo-ի աշխատակիցներից 12-ը սպանվել էր, ևս 11-ը՝ վիրավորվել։ Պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Ալ Քաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական կազմակերպությունը, ավել ուշ՝ նաև «Իսլամական պետությունը»։

Ուսուցիչը ծաղրանկարը ընտրել էր որպես խոսքի ազատության սկզբունքների և սահմանների շուրջ բանավեճի առիթ, ինչը զայրացրել էր տեղի մահմեդական համայնքի որոշ ներկայացուցիչներին։


2011 թվականին լույս տեսած այս շապիկը Charlie Hebdo-ի վրա առաջին հարձակման առիթն էր դարձել․ մի խումբ ծայրահեղականներ մոլոտովի կոկտեյլներով այրել էին խմբագրության գրասենյակը: Շապիկին պատկերված մարգարեն սպառնում է ընթերցողներին. «100 մտրակի հարված, եթե չծիծաղեք»:

Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում ազգությամբ չեչեն Աբդուլլաք Անզորովը հարձակվել էր ուսուցիչ Սամյուել Փաթիի վրա ու գլխատել նրան։

Հանցանքի վայրի լուսանկարները երիտասարդը տեղադրել էր թվիթերի իր էջում և սպառնալիքներ գրել՝ ուղղված Էմանուել Մակրոնին և այլն «անհավատների»։

Ուսուցչի դաժան սպանությունից հետո Ֆրանսիայում բողոքի ցույցեր էին սկսվել․ ցուցարարները Մուհամեդի ծաղրանկարը կախել էին այդ թվում Մենպելիեի և Թուլուզի մի շարք կառավարական շենքերի վրա՝ որպես աշխարհիկության և խոսքի ազատության նշան, ինչը անմիջապես վերագրվել էր Ֆրանսիայի կառավարությանը և վրդովմունքի նոր առիթ դարձել։

Ուսուցչի գլխատումից երկու շաբաթ առաջ նախագահ Էմանուել Մակրոնը վիճահարույց մի ելույթ էր ունեցել, որում իսլամը բնորոշել էր որպես «կրոն, որն այսօր ճգնաժամի մեջ է ամբողջ աշխարհում»: Սամյուել Փաթիի սպանությունից հետո Մակրոնը կարծիք էր հայտնել, որ Ֆրանսիայում անհրաժեշտ է կառուցել իսլամ, որը համատեղելի կլինի լուսավորության գաղափարների հետ:

Մի շարք մահմեդական երկրների առաջնորդներ այս հայտարարություններն անմիջապես որակել էին որպես «իսլամաֆոբիայի և փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության» դրսևորում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիններից էր։ Իսլամի ճգնաժամի մասին Մակրոնի խոսքերը նա «զրպարտանք» էր որակել և նշել, որ Մակրոնը «հոգեկան առողջությունը ստուգելու» կարիք ունի։ 

Այս խոսքերը, իրենց հերթին, խիստ զայրացրել էին Ֆրանսիայի կառավարությանը, որը անմիջապես՝ հոկտեմբերի 24-ին, Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելու որոշում էր կայացրել և վերջնաժամկետ տվել Էրդողանին՝ իր «անընդունելի» վարքագիծը փոխելու համար։

«Էրդողանը երկու ամիս ժամանակ ունի՝ վերջ տալու իր վտանգավոր արկածներին Միջերկրական ծովի արևելքում և անպատասխանատու պահվածքին Ղարաբաղի հարցում: Մենք ակնկալում ենք այս ուղղություններով Թուրքիայի քայլերը տեսնել մինչև տարեվերջ», – «Ֆրանսպրես» գործակալությանն ասել էր Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը:

Որպես արձագանք՝ Ֆրանսիայում սկսվել էր թուրքական ապրանքների բոյկոտի արշավ։ Թուրքիայի նախագահն էլ՝ ի պատասխան, հորդորել էր բոյկոտել ֆրանսիական ապրանքները։

Բանավեճին միացել էր նաև ռուսական Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։ Վերջինս հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահը անուղղակի կերպով հանցագործության է դրդում մահմեդականներին։

«Մակրոնը չէր կարող չիմանալ, որ Մարգարեի ծաղրանկարները հավատացյալների կողմից ցավագին են ընդունվում։ Իր գործողություններով նա թեժացնում է կրակը՝ մարելու փոխարեն, ինչպես պարտավոր էր անել ցանկացած ադեկվատ առաջնորդ», – Տելեգրամի իր ալիքում գրել էր Կադիրովը։

Արտահայտվել էր նաև նրա խորհրդական, Չեչնիայի մուֆտի Սալահ-Հաջի Մեժիևը՝ Մակրոնին անվանելով «համար մեկ ահաբեկիչ» և «մահմեդականների թշնամի»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս կապակցությամբ հիշեցրել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը վերապահված չէ շրջանների ղեկավարներին:

«Ես համաձայն եմ, բայց ես դա ասել եմ որպես մահմեդական, այլ ոչ թե քաղաքական գործիչ, ես անմնացորդ նվիրված եմ իմ կրոնին ու Ղուրանին, և դրա համար պատրաստ եմ կյանքս զոհաբերել, բայց չեմ կարող լռել, երբ անհավատները ծաղրում եմ իմ կրոնը, և չեմ լռի», – Պեսկովի մեկնաբանությանն այսօր արձագանքել է Կադիրովը:

Իրանում Ֆրանսիայի դեսպանության բացակայության պայմաններում՝ վրդովումքը ցույց տալու համար Իրանի իշխանությունները որոշել էին հետ կանչել եվրոպական երկրների գործերով ժամանակավոր հավատարմատարին։  Irna գործակալության փոխանցմամբ՝ առիթը, կրկին, հակաիսլամական ծաղրանկարներն էին և դրանց շուրջ պտտվող խոսակցությունները։