Ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման կասկածյալներից մեկը հանձնվել է ոստիկանությանը, հայտնում է AFP֊ն՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
«18֊ամյա Համիդ Մուրադը ոստիկանությանը հանձնվել է չորեքշաբթի ժամը 23։00֊ին՝ իր անունը սոցիալական ցանցերում տեսնելուց հետո։ Նա ձերբակալվել է»,֊ հայտնել են գործակալության աղբյուրները։
Փարիզի ոստիկանությունը երեկ հայտարարել էր, որ նույնականացրել է երեք անձանց, որոնք կասկածվում են շաբաթաթերթի վրա հարձակման մեջ, որոնցից մեկը՝ Համիդ Մուրադն էր։ Ահաբեկչության մեջ կասկածվող մյուս երկուսը 1980 և 1982 թվականներին ծնված Սաիդ և Շարիֆ Կուաշի եղբայրներն են։ Նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
iTele հեռուստաալիքի տվյալներով, Համիդ Մուրադը հայտարարել է, որ «Շառլի Էբդո»֊ի խմբագրության վրա հարձակման պահին գտնվել է վարժարանում։ Ավելի ուշ Մուրադի ընկերները հաստատել են նրա ալիբին։
Մուրադին կասկածում են ահաբեկիչներին դեպքի վայրից հեռացրած մեքենայի ղեկին լինելու մեջ։ Ոստիկանները հանցագործների հետքին դուրս են եկել նրանցից մեկի փաստաթղթերը լքված «Citroen C3» մակնիշի մեքենայի մեջ հայտնաբերելուց հետո։
Ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ հարձակումն իրականացվել է երեկ՝ հունվարի 7֊ին։ Հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Սպանվածների շարքում են պարբերականի 4 հայտնի ծաղրանկարիչները, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Ստեֆան Կարբոնիեն։
Ահաբեկիչները հունվարի 7֊ի առավոտյան ներխուժել են «Շառլի Էբդո»֊ի՝ Փարիզի կենտրոնում գտնվող խմբագրություն՝ «Ալլահ աքբար» վանկարկելով։ Հարձակումից հետո հանցագործները հայտարարել են, որ «լուծել են մարգարեի վրեժն ու ոչնչացրել «Շառլի Էբդո»֊ն»։
«Շառլի Էբդո» երգիծական պարբերականը բազմիցս հրապարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ։ Խմբագրության վրա երեկվա հարձակումը տեղի է ունեցել թերթի հերթական համարի լույս տեսնելուց մեկ ժամ հետո, որում պատկերված էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարը։
Հազարավոր մարդիկ երեկ ցույցեր են անցկացրել Ֆրանսիայում, ինչպես նաև եվրոպական մի շարք այլ քաղաքներում՝ ի հիշատակ հարձակման զոհերի։ Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել։
Խմբագրության վրա հարձակումը դատապարտել են մի շարք պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Լուսանկարները՝ Mic.com