Home / Առողջապահություն / Ֆուկուսիմայի աղետից անցել է ուղիղ 10 տարի

Ֆուկուսիմայի աղետից անցել է ուղիղ 10 տարի

Ուղիղ 10 տարի առաջ Ճապոնիայի արևելյան ափերին տեղի ունեցավ երկրի պատմության ամենաուժեղ՝ 9 բալ մագնիտուդով երկրաշարժը։ Հաշված րոպեներ անց մերձափնյա քաղաքներն ավիրվեցին սաստիկ ցունամիից։ Կարճ ժամանակ անց «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանում (ԱԷԿ) միջուկային աղետ տեղի ունեցավ, որը մինչև այժմ աշխարհի ամենադաժան աղետներից է համարվում։

ԱԷԿ-ի համակարգերն ընդունել էին երկրաշարժի մասին ազդանշանը, ավտոմատ անջատել միջուկային ռեակտորներն ու գործի դրել արտակարգ սառեցման համակարգերը։ Բայց հսկայական՝ շուրջ 15 մետրանոց ալիքն անցել էր պաշտպանիչ պատնեշը, խորտակել կայանն ու վնասել սառեցման համակարգերը, ինչը հանգեցրել էր ռադիոակտիվ նյութերի արտանետման։

Ընդհամենը 2-3 օրվա ընթացքում իր բնակարանից շտապ տարհանվել էր ավելի քան 150 հազար մարդ։

10 տարի անց աղետի զոնան գրեթե դատարկ է․ մարդիկ վախենում են վերադառնալ ռադիացիայի գոտի, որը՝ չնայած ծախսված ահռելի գումարներին, դեռևս լիարժեք լիկվիդացված չէ։

Ատոմակայանի վթարի հանգեցրած երկրաշարժի և ցունամիի արդյունքում Ճապոնիայում մահացել կամ անհետ կորել է ավելի քան 18.5 հազար մարդ։ Շուրջ կես միլիոն քաղաքացի զրկվել է բնակության վայրից։

Բուն ԱԷԿ֊ի վթարից, սակայն, մարդկային զոհեր չեն եղել։ Ատոմակայանի 16 աշխատակիցներ  պայթյունների հետևանքով վիրավորվել են, տասնյակ քաղաքացիներ ուժեղ ճառագայթման են ենթարկվել։

Տարհանման ժամանակ զոհեր եղել են։ Հրատապության ռեժիմով հիվանդանոցներում ստացինոնար բուժում ստացող պացիենտների տարհանման արդյունքում 50 ծանր հիվանդ է մահացել։ Բժիշկների գնահատմամբ, հետագա տարիներին ֆիզիկական և հոգեբանական սթրեսի պատճառով կտրուկ մեծացել է վաղաժամ մահերի թիվը, որոնք, սակայն, պաշտոնապես չեն կապվում աղետի հետ։

2018 թվականին Ճապոնիայում առաջին անգամ որպես մարդու մահվան պատճառ հաստատվեց Ֆուկուսիմայի վթարը։ Խոսքը աղետի հետևանքների լիկվիդացիոն աշխատանքներին մասնակցող քաղաքացու մասին է։ Նրա ընտանիքին պետությունը փոխհատուցում է վճարել։

Ֆուկուսիմայի աղետից հետո Ճապոնիայում դժգոհության մեծ ալիք էր բարձրացել։ Հազարավոր մարդիկ դուրս էին գալիս փողոց՝ պահանջելով հրաժարվել միջուկային զենքից հանուն բնակչության ապահովության։