– Հայաստանի իշխանություններն ընտրվել են ժողովրդի կողմից, և ժողովրդի և իշխանության մտածումները հիմնականում համընկնում են։ Ժողովրդի հետ հաղորդակցվելու լեզվամիջոցները մարդկանց «սրտին մոտ են»։ Այդ են վկայում հանրահավաքներում, սոցցանցերում և այլուր արտահայտված խոսքի նկատամամբ վերաբերմունքի դրսևորումները։
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը Factor.am-ի հետ զրույցում վերլուծել է՝ որքանո՞վ են հաջողում իշխանություններն ու ընդդիմությունը հասարակության հետ կապ հաստատելու տեսանկյունից, ի՞նչ բառամթերքով են շփվում ժողովրդի հետ։
Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ կա նաև մշակման ընթացք․ երբեմն իրադարձությունները կտրուկ փոխվում են, և խոսողը պետք է կարողանա համապատասխան լեզվական միջոցներ և արտահայտչաձևեր գտնել, ինչը երկրի առաջին դեմքը՝ վարչապետն է կարողանում անել․
«Որքան էլ որ ընդդիմությունը փորձում է այդ խոսքից բառեր պոկել կամ մեկնաբանել, միևնույնն է՝ մենք պիտի անկողմնակալ լինենք այս հարցում և ասենք, որ այդ դաշտը ըմբռնելիության լինում է, ստեղծվում է, և դա վստահություն է ներշնչում նաև հրապարակային խոսք ասողին կամ ժողովրդի հետ հաղորդակցության մեջ մտնողին։ Տվյալ դեպքում՝ իշխանության ներկայացուցչին կամ առաջին դեմքին»։
Ընդդիմությունը ևս բաղկացած է ժողովրդից դուրս եկած մարդկանցից և այն ավելի բազմաշերտ է․ «Փորձ ունեցողներ էլ կան այդտեղ, նախկին իշխանավորներ էլ, բայց պիտի ասեմ, որ նրանք չկարողացան իրենց խոսքով ժողովրդի մեծ մասին գրավել դեպի իրենց, իրենց համակիրը և իրենց գործողությունների մասնակիցը դարձնել»։
Ընդդիմության խոսողության մեջ, Գյուրջինյանի կարծիքով, եղան էական սայթաքումներ ու սխալներ, ինչպես նաև երևույթներ, որոնք ժողովուրդը երբեք չի ների։
«Ժողովրդին պիտակում էին, պիտակում էին մեկին, տասին, քսանին, երբեմն նաև ամբողջին, այն մարդկանց, որոնք իշխանության կողմնակից էին կամ իրենց հակառակ դիրքորոշում ունեին․․․ Օրինակներն այնքան ակնհայտ էին, որ ես չեմ ուզում այդ բառերը կրկնել, որովհետև դրանով անուղղակիորեն նպաստում ենք դրանց տարածմանը։ Այդ բառերը մեր բառապաշարում չկային, դրա համար էլ ժողովուրդը վրդովված է», – նկատել է լեզվաբանը։
Հարցազրույցավարի այն դիտարկմանը, որ վերջին երկուսուկես տարում հանրության բառամթերքում հայհոյանքի հասնող արտահայտություններ են հայտնվել, որոնք նախկինում այդքան ցցուն չէին, լեզվաբանը պատասխանել է «դուք հետևո՞ւմ եք տպագիր մամուլին» հարցով։
«Դուք չե՞ք իմանում՝ ինչի՞ց է դա, – հարցրել է Գյուրջինյանը և շարունակել․ – ազատությունից է։ Մարդիկ իմացան խոսքի ազատության մասին ու սկսեցին չարաշահել այդ ազատությունը։
Նրանք երեք տարի առաջ իրենց թույլ կտայի՞ն այն, ինչ անում են հիմա, այդ բառապաշարը երկրի առաջին դեմքի կամ ժողովրդի, կամ այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ։ Նույն օրը գործից կհանեին և՛ այդ մարդուն, և՛ նրա ընտանիքին, քրեական գործերն էլ «կկարեին» ու հարցը կլուծվեր»։
Ավելի «խիստ» միջոցների մասին հարցին ի պատասխան լեզվաբանը նկատել է՝ խիստը գրաքննությունն է, իսկ 2018 թվականից առաջ յուրաքանչյուրը ներսում «իր գրաքննիչն ուներ»․
«Ներքին վախն էր։ Ոչ թե բարեկրթությունն էր կամ օրենքի պարտադրանքը, ո՛չ։ Բնազդական վախն էր, որ ինքը կամ իր մերձավոր շրջապատը կարող է դրանից տուժել։
Հիմա չէի ուզենա, որ այս բաները բնազդով կարգավորվեն, կուզենայի, որ կրթությամբ և կրթվածությամբ այս հարցերը լուծվեին»։
Համեմատելով ներկայիս Ազգային ժողովը նախորդի հետ, բանախոսը նշել է, որ տարբերությունն ակնհայտ է․ «Մարդիկ կարողանում են խոսել, մտքեր շարադրել, դա անել գրական հայերենով՝ իհարկե, օտար բառեր գործածելով, երբեմն ժողովրդախոսակցական տարրեր մտցնելով հրապարակային խոսքի մեջ, երբեմն սայթաքումներ ունենալով, բայց դա բնական է․․․»։