Մի խումբ տղամարդիկ բեռնատար մեքենաներով փակել են Բաղրամյան պողոտայի՝ Պռոշյան փողոցը հատող հատվածը։
Բեռնատարների վրա մեծ տպագիր պաստառներ են փակցված՝ «Պահանջ․ ձեռք բերեք ԴՆԹ թեստավորման սարքեր», «Պահանջ․ Տեր կանգնեք գերի ընկած մեր տղերքին» գրությամբ։
Հարցին՝ ո՞րն է ցույցի պահանջը, երիտասարդներից մեկը պատասխանեց՝ «Նիկոլի հրաժարականը»։
Անցորդ կանանցից մեկը հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունեն երիտասարդները գերիների կամ անհետ կորածների հետ։ Հարցուպատասխանը ավարտվեց վիճաբանությամբ․ ցուցարար տղամարդիկ գոռում էին՝ «Նիկոլի զոմբիներ», անցորդ կանայք մեղադրում էին նրանց պատվեր կատարելու, գերիների թեման շահարկելու և խարդախչության մեջ։
Երթևեկությունը Բաղրամյանի և Պռոշյանի վրա կանգնած է։ Տեղում մի քանի ճանապարհային ոստիկաններ են աշխատում։
Ժամը 17:00-ին լրատվամիջոցները lurer.com կայքի լրագրող Նելլի Ավետիսյանից ([email protected]) էլեկտրոնային նամակ են ստացել․ հրավեր՝ լուսաբանելու ճանապարհի փակումը։ Հրավերի մեջ նշվում է, որ ակցիային մասնակցում են 500 ավտոմեքենա։ Նամակն ուղարկելու պահին Բաղրամյան-Պռոշյան հատվածը փակել էին 3-4 բեռնատար։
Լրագրողը դեռ ակցիայի մեկնարկից առաջ իր ֆեյսբուքի էջով սկսել էր գրել ճանապարհի սպասվող փակման մասին, լուսանկարներ, վիդեոներ և հարցազրույցներ հրապարակել դեպքի վայրից։
Բացի դա, ճամփա փակողների հետ միասին եկած երեք լրագրողները՝ պարլամենտական հավատարմագրերով, տարածքում շրջելուց ու նկարելուց հետո մոտենում էին կազմակերպիչներից մեկին, քննարկում հրապարակվելիք նյութի վերնագիրը և անհրաժեշտ շեշտադրումները։