Home / Հայաստան / «Հայրենիքի փրկիչների» թեկնածուն արդեն ունի ազգ փրկելու փորձ

«Հայրենիքի փրկիչների» թեկնածուն արդեն ունի ազգ փրկելու փորձ

Հրապարակում օրեր շարունակ վարչապետի հրաժարականը պահանջող «17 կուսակցությունների» վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, հաստատել է նախկին ԱԱԾ-ական, այժմ՝ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

17 կուսակցությունների (ՀՀԿ, ՀՅԴ, Արթուր Վանեցյանի «Հայրենիք», Հրանտ Բագրատյանի «Ազատություն», Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» և այլն) խորհուրդը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը` պարտավորվելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Միաժամանակ, նա պարտականություն է ստանձնելու՝ մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

17 կուսակցությունների խորհուրդը որոշել է դառնալ «Հայրենիքի փրկության շարժում», որի նպատակն է, ինչպես իրենք են ասում, «օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Մանուկյանն էլ, ըստ հաղորդագրության, դեկտեմբերի 5-ի հանրահավաքին հանդես կգա ելույթով ու «կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը»։

Վազգեն Մանուկյանը 1990-1091 թվականներին զբաղեցրել է վարչապետի, 1992-1993 թվականներին՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի, 1995-2007 թվականներին՝ պատգամավորի, 2009 թվականի մարտից էլ՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը։ Հեղափոխությունից հետո Հանրային խորհդից հեռացել է և դարձել «Վերնատուն» ակումբի առաջնորդ։