Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ին մեկնարկած և նոյեմբերի 10-ին ավարտված ղարաբաղյան պատերազմի ընթացքում զոհվել է ադրբեջանական զինված ուժերի 2 783 զինծառայող:
Ավելի քան 100 զինծառայող այսօրվա դրությամբ համարվում է անհետ կորած, 1245 զինծառայող բուժում է ստանում:
Մինչ այս ադրբեջանական կողմը զոհերի թիվ կամ անուններ չէր նշում՝ պատճառաբանելով, թե ռազմական գաղտնիք է։
Սեպտեմբերի 27-ին ի վեր հայկական կողմը հրապարակել է ընդհանուր 1741 զոհված զինծառայողների անուններ․ խոսքը նույնականացված զոհերի մասին է: Նախօրեին Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ մինչև դեկտեմբերի 2-ը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2718 զինծառայողի աճյուն։ Անհետ կորածների և վիրավորների թիվ չի նշվում։