Հավաքներին կամ գործադուլներին մասնակցելու կամ չմասնակցելու հիմքով աշխատանքից ազատումը բացարձակապես հակաօրինական է․ ձեր իրավունքների պաշտպանության համար կարող եք դիմել ՀՔԱՎ։
Տարբեր հիմնարկների աշխատողներից շարունակաբար ահազանգեր են ստացվում, որ քաղաքացիներին հարկադրում են մասնակցել Երևանում և Հայաստանի այլ վայրերում ընդդիմադիր կուսակցությունների բողոքի ակցիաներին և գործադուլին՝ աշխատանքից ազատման սպառնալիքով։
Այս կապակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը նույնպես ահազանգեր է ստանում, հիշեցնում է, որ հավաքներին կամ գործադուլներին մասնակցելու կամ չմասնակցելու հիմքով աշխատանքից ազատումը բացարձակապես հակաօրինական է, և դուք ունեք պաշտպանության հնարավորություն։
Իրավաբանական աջակցության համար կարելի է դիմել իրավապաշտպաններին հետևյալ հեռախոսահամարներով
Նուշիկ Տեր-Մովսիսյան
094 04 22 68
Սոֆյա Պետրոսյան
077-930-579
Արայիկ Զալյան
077651647
ՀՔԱՎ-ը հիշեցնում է նաև, որ Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հավաքներին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Իսկ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով գործադուլի մասնակցելուն կամ օրինական գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 400-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով: