հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանի հարստությունը՝ Ռուսաստանի եղբայրական ձեռքերում

Հայաստանի հարստությունը՝ Ռուսաստանի եղբայրական ձեռքերում

Երկար ճանապարհի դաշնակիցները

2015 թվականի ամռանը Երևանում հոսանքի սակագների թանկացման դեմ բողոքի ցույցեր էին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում էր 1․5 անգամ բարձրացնել սակագինը․ հետագայում կառավարության հետ պայմանավորվեցին 17%-ի շուրջ։ Էլեկտրականության արտադրության ոլորտում Հայաստանն այդ ժամանակ տարածաշրջանի առաջատարն էր։ Երկար դադարից հետո այնտեղ կրկին աշխատում էին ԱԷԿ-ը, ՋԷԿ-երը, ՀԷԿ-երը, որոնք ավելի շատ էլեկտրականություն էին արտադրում, քան անհրաժեշտ էր երկրին։ Մասնագետները էլեկտրաէներգիայի ինքնարժեքը այն ժամանակ հետսովետական տարածքում ամենացածրն էին գնահատում, բայց տնային տնտեսությունների ու տնտեսվարողների համար սակագներն ավելի բարձր էին, քան հարևան երկրներում։ Թանկացումից հետո կիլովատտ-ժամի գինը գործող փոխարժեքով պետք է կազմեր 10 ցենտ։ Նույն ժամանակահատվածում, օրինակ, Սանկտ Պետերբուրգում սակագները գրեթե կրկակի ցածր էին։

Հայերը անեծքներ էին ուղղում իրենց կառավարությանը՝ մեծ հաշվով, արդարացիորեն։ Բայց Ազատության հրապարակում հավաքավծներից քչերը կարող էին ասել, որ կառավարությունը անուղղակիորեն է կապված թանկացման հետ։ Իրականում էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում բարձրացրել էր «Интер РАО ЕЭС» ռուսական պետական կազմակերպությունը։

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» այս ընկերության «հարյուր տոկոսանոց» դուստրն էր, տնօրենների խորհրդի նախագահ էր [«Роснефть» պետական նավթային ընկերության գործադիր տնօրեն] Իգոր Իվանի Սեչինը։

Գլխավոր տնօրենի պաշտոնը 2010-ին ստանձնել էր 32-ամյա Բորիս Յուրիի Կովալչուկը` [«Россия» բանկի տնօրենների խորհրդի նախկին նախագահ] Յուրի Կովալչուկի որդին, ով հիմա էլ, ըստ «СПАРК»-ի տվյալների, ղեկավարում է ընկերությունը։

Օգնություն ռուսական ձևով

Հայաստանը շատ աղքատ երկիր է համարվում։ Ելք դեպի ծով չունի, նավթ չունի, ընդերքում էլ մի առանձնապես լավ վիճակ չէ։ 1988-ին երկիրը տուժեց նաև սարսափելի մի երկրաշարժից, և մինչ օրս այդ հարվածից չի ապաքինվել։ 

Աղետի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը մի քանի վայրկյանում պարզապես դադարեց գոյություն ունենալ։ Եվս 300 բնակավայր ավերվեցին 80%-ով, և առաջին հերթին Լենինականը (այժմ՝ Գյումրի), որը Հայաստանի նախկին մշակութային մայրաքաղաքն էր։ 6․25 բալ ուժգնության ալիքը հասավ մինչև երկրի կենտրոնական հատվածում գտնվող Մեծամոր, որտեղ գտնվում էր հայկական ԱԷԿ-ը, որն արտադրում էր ամբողջ երկրի էլեկտրաէներգիայի մեկ երրորդը։ Թեև 9 բալի համար հաշվարկված ԱԷԿ-ը դիմակայեց, ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշեց կանգնեցնել ԱԷԿ-ի աշխատանքը․ երկրաշարժը տեղի ունեցավ Չեռնոբիլից երկու տարի անց՝ ատոմոֆոբիայի կիզակետում։ Հետո սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, շարքից շարունակ դուրս էին գալիս լեռնային գետերի վրա գտնվող ՀԷԿ-երը և հիմնական գազատարը։ ԽՍՀՄ փլուզումից հետո երկրում սկսվեց իսկական էներգետիկ սով։

Ռուսաստանը եղբայրաբար օգնության ձեռք մեկնեց արդեն անկախ Հայաստանին, որը վերականգնվում էր երկրաշարժից ու պատերազմից, և քանի որ չուներ բավարար միջոցներ, էլեկտրաէներգիան Ռուսաստանից մատակարարվում էր պարտքուվ։ 1993 թվականին Հայաստանի կառավարությունը որոշեց ամեն դեպքում վերականգնել ԱԷԿ-ը, այն գործարկվեց 1995-ին։ Բայց կայանին անհրաժեշտ էր միջուկային վառելիք, որը նույնպես մատակարարվում էր Ռուսաստանից և նույնպես՝ պարտքով․ 2001 թվականի դրությամբ այն հասել էր արդեն 100 միլիոն դոլարի։ Պարտքի մարումն ամեն տարի Հայաստանի տնտեսությունից խլում էր 18 միլիոն դոլար։ Արևմուտքից ստացած մոտ 800 միլիոն դոլարի վարկերի մարումը 1․5 անգամ ավելի էժան էր նստում։ 

Հաշվի առնենք, որ․

— Նույն 2001-ին Ռուսաստանը Եթովպիային ներել է 4 միլիոն դոլարի պարտք,
— 2000-ին` 9 միլարդ ներել է Վիետնամին,
— 2000-2005 թվականներին Ռուսաստանը ներել է շուրջ 30 միլիարդ Տանզանիային, Իրաքին, Լաոսին, Բենինին, Գվինեա Բիսաուին և այլ մտերիմ բարեկամներին։

Հայաստանում, որքան էլ այն աղքատ լիներ, առկա էին ձեռնարկությունների համաստեղություններ, որոնք կարող էին եկամուտ բերել։ Դրանցից ամենաախորժելիները խորհդային ժամանակների ռազմաարդյունաբերական համալիրներն էին․ «Նաիրիտ» քիմիական գործարանը (հիմնական արտադրությունը՝ կաուչուկ), «Մարս»-ը (էլեկտրոնիկա), մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Քաջարանի պնղնձամոլիբդենային կոմբինատն, մի շարք ավելի մանր գործարաններ, նաև՝ Սևան-Հրազդան կասկադը՝ բաղկացած 8 ՀԷԿ-ից։

2001 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինը այցելեց Երևան։ «Ռուսաստանը ցանկանում է ներդրումներ կատարել Հայաստանի ձեռնարկություններում», – այցելության նպատակի մասին ասաց փոխվարչապետ Իլյա Կլեբանովը։

Սա ներկայացվեց որպես եղբայրական օգնության ևս մեկ ձեռք։ Այսինքն, այդ պահից սկսած՝ Ռուսաստանը Հայաստանին մեկնել էր իր արդեն երկու ձեռքերը։

Գրկախառնությունն այս անվանվեց «Գույք պարտքի դիմաց» ծրագիր, համաձայնագիրը ստորագրվեց 2002 թվականին։ «Մարս» գործարանը գնահատվեց 56 միլիոն դոլար, երեք ԳՀԻ-ն և քիմիական գործարանը՝ ավելի քիչ, քան 7 միլիոն, Հրազդանյան կասկադը՝ 31 միլիոն։

Հետագայում նաև այլ ձեռնարկություններ, որ կարող էին թեկուզ ինչ-որ եկամուտ բերել Հայաստանի բյուջե, ինչպես նաև գրեթե ողջ էներգետիկան, երկաթգծերը, ոսկու և մոլիբդենի հանքերը․ ամեն բան դարձավ կառավարությանն ամենամտերիմ ռուսական ընկերությունների՝ «Росневть»-ի, «Газпром»-ի, РЖД-ի և ավելի մանրերի սեփականությունը։

Հանրապետության հարստությունը

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով, երկրի էներգետիկայի 60%-ը կախված է բնական գազից, որի մատակարարումն ու բաշխումը իրականացնում է «Գազպրոմ Արմենիան»։ Վերջինիս նախկին անվանումը «ՀայՌուսԳազԱրտ» ՓԲԸ էր։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Բաժնետոմսերի 45%-ը պատկանում էր Հայաստանի կառավարությանը, նույնքանն էլ՝ «Газпром»-ին, իսկ 10%-ը՝ «Росневть»-ի վերահսկոության տակ գտնվող «Итера» ընկերությանը։ Այդ ժամանակ ենթադրվում էր, որ Ռուսաստանի հետ գործընկերությունը կօգնի վերականգնել ոչնչացված գազատար ցանցերը, արդիականացնել դրանք, վերադարձնել գազը բնակելի տներ։ Ժամանակի հետ Հայաստանի մասնաբաժինը կրճատվեց մինչև 20%։

2013 թվականի հունվարին այս մնացորդը ևս անցավ «Газпром»-ին, որն այդ պահից սկսած դարձավ Հայաստանի գազային տնտեսության հարյուր տոկոսանոց սեփականատերը։ 

Սա ձևակերպվեց որպես առքուվաճառքի գործարք, որը, ինչպես այդ ժամանակ հայտարարեց «Газпром»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ «ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի դաշնության և Հայաստանի ռազմավարական համագործակցության ոգուն»։ Նախագահներ Պուտինի և Սարգսյանի կողմից ստորագրված «Գազային պայմանագիրը» ենթադրում էր, որ Հայաստանին գազը պետք է մատակարարվեր Ռուսաստանի ներքին գներով։

Գործնականում ստացվում էր այսպես․ «Газпром»-ն իսկապես գազը մատակարարում էր Ռուսաստանի ներքին գներով, բայց․․․ իր 100 տոկոսանոց «դստերը», և Հայաստանի «սահմանին» գազը հանկարծ թանկանում էր ու «դուստրը» սպառողներին գազը վաճառում էր երկու անգամ ավելի թանկ գնով։

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մենաշնորհ ունի երկրում էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում։ Ինչպես արդեն նշվեց, ընկերությունը պատկանում է ռուսաստանյան «Интер РАО»-ին։ Վերջինիս է պատկանում նաև «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը»՝ ՀրԷԿ-ը, որը ապահովում է երկրի էլեկտրականության 10%-ը։ Նրան է պատկանում նաև «Միջազգային էներգետիկ կազմակերպությունը», որին, իրենց հերթին, պատկանում են Սևան-Հրազդան կասկադի 8 ՀԵԿ-երը։ (Մամուլում կան տվյալներ, որ այս ընկերությունը վաճառվել է մեկ այլ ռուսական խմբին՝ «Տաշիրին»)։

Հայաստանի երկաթգծային ցանցը՝ «Հարավկովկասյան երկաթգիծը», պատկանում է ռուսական «РЖД» ՓԲԸ-ին։ 2018-ին՝ արդեն Փաշինյանի վարչապետության օրոք, Հայաստանի իշխանությունները ՀԿԵԳ-ում անցկացրեցին աուդիտ․ առիթ հանդիսացավ սակագների հերթական բարձրացումը։ Արդյունքում հարուցվեց քրեական գործ, ընկերության ղեկավարությունը կասկածվում էր ներդրումային ծրագրերում ծախսերի արհեստական ուռճացման, ձևական տենդերների անցկացման և հարկերից խուսափելու մեջ։ Ընկերության ռուսաստանյան սեփականատերերին սա այնքան վրդովեցրեց, որ նրանք սպառնացին հրաժարվել սեփականությունից, թեև, ըստ «СПАРК»-ի տվյալների, դեռ չեն հրաժարվել։

Ինչպես «Նովայա Գազետա»-ին պատմեց «Ասպարեզ» լրագրողների ակումբի ղեկավար, մասնագիտությամբ գեոֆիզիկոս Լևոն Բարսեղյանը՝ Հայաստանը հարուստ է գունավոր և թանկարժեք մետաղների հանքերով։

«Թեղուտի հանքը պղնձամոլիբդենային ամենամեծ հանքն է հետսովետական տարածքում», – ասում էր Բարսեղյանը, – «Այն պարունակում է 11 տեսակի մետաղ, այդ թվում՝ ոսկի։ Հանքում եղած պղնձի և մոլիբդենի պաշարների արժեքը գնահատվում է մոտ 30 միլիարդ դոլար»։

Հայաստանի կառավարությունը հանքի շահագործման իրավունքը 30 տարով տվեց ռուսական «Վալեքս Գրուպ» ընկերությանը։ Պայմանագրում, ինչպես պնդում է Լևոն Բարսեղյանը, նշված է, որ հանքից Հայաստանի եկամուտը 600 միլիոն դոլար է։ Այսինքն՝ եթե անգամ գումարենք դրան մարդկանց վաստակած գումարները ու ենթակառուցվածքը, Հայաստանի եկամուտը կլինի ոչ ավելին, քան հանքի արժեքի 5%-ը։

Սոթքի ոսկու հանքավայրում արդյունահանումը ևս իրականացնում են Ռուսաստանյան սեփականատերերը՝ «Геопромайнинг» ընկերությունը։

Մինչև բոլորովին վերջերս Հայաստանի սեփականությանն էր մնում Որոտանի կասկադ ՀԷԿ-ը՝ երեք խոշոր կայան Որոտան գետի վրա։

«Որոտանի կասկադի դերը Հայաստանի էներգահամակարգում համեմատում են օրգանիզմում լյարդի դերի հետ», – բնութագրում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, – «Երբ, օրինակ, համակարգում լարումը մեծանում է, կասկադն օգնում է այն հավասարակշռել»։

Հասկանալով, որ այդքան արժեքավոր մի բանի սեփականությունը երկար պահել հնարավոր չի լինի և որ Ռուսաստանը ժամանակի ընթացքում դրա վրա ևս աչք է դնելու, Հայաստանի կառավարությունը 2015 թվականին որոշեց արագ, մինչև ռուս եղբայրները ուշքի չեն եկել, կասկադը վաճառել ամերիկյան մի ընկերությանը՝ էներգետիկ ռազմավարությունը գոնե ինչ-որ կերպ դիվերսիֆիկացնելու և մրցակցություն ստեղծելու համար։ 2015-ի ամռանը, երբ Հայաստանում մոլեգնում էին բողոքի «էներգետիկ» ցույցերը, նշվում էր, որ Հայաստանի կառավարության այդ որոշումը իր դերն է ունեցել սակագների բարձրացման մեջ։

Դաշնակիցները

Հայաստանի իշխանությունները երկար էին փորձում նստել երկու աթոռի վրա․ ընկերություն անել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ՝ Ռուսաստանի հետ ԵԱՏՄ-ում համագործակցել քաղաքականապես, իսկ Եվրամիություն ինտեգրվել տնտեսապես։

Ռուսաստանի հետ բանակցություններ էին վարում նաև Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու շուրջ, թեև դաշինքը Հայաստանի համար տնտեսապես ոչ մի լավ բան չէր կանխագուշակում մի պարզ պատճառով՝ ապագա ԵԱՏՄ անդամների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը ենթադրյալ օգուտը ընդհանուր տնտեսական գոտուց ի չիք էր դարձնում։ Ավելին՝ Հայաստանին սպասում էր լուրջ գնաճ։ Ստիպված պետք էր մշակել «զգայուն ապրանքների» մի ողջ ցուցակ, որոնց թանկացումը կփոխհատուցվեր բյուջեից։

Բայց կար երկու բառ որոնք ստիպում էին Հայաստանին գնալ ցանկացած զիջման՝ Լեռնային Ղարաբաղ։ Ռուսաստանից ակնկալվում էր, որ վերջինս կդառնա «անձրևանոց» Արցախի համար։

Զուգահեռաբար Հայաստանը ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ էր վարում Եվրոպայի հետ։ 2013-ի հուլիսին դրանք հաջողությամբ պսակվեցին։ Սպասվում էր, որ աշնանը կողմերը կստորագրեն համաձայնագիրը։ Նույն ժամանակ՝ հուլիսին, հայտնի դարձավ, որ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը Հայաստանի համար․ նախկինում մատակարարումներն արվում էին խորանարդ մետրի դիմաց 180, հիմա՝ 270 դոլարով։ Ասում են, որ նախագահ Սերժ Սարգսյանին, ով այդ ժամանակ արձակուրդում էր, շտապ կանչել էին Մոսկվա՝ այդ մասին հայտնելու համար։ Սեպտեմբերին նա նորից հանդիպեց նախագահ Պուտինի հետ ու հայտարարեց, որ եվրաինտեգրացիա դեռևս չի լինի և Հայաստանը ցանկություն է հայտնել մտնել Եվրասիական միություն։

2014 թվականի սկզբին այս հարցը համարվում էր լուծված։ Կառավարությունը փորձում էր գոնե ինչ-որ օգուտ քաղել դաշինքից։ Ձմեռային Օլիմպիադայի ժամանակ Հայաստանի վարչապետը, առանց անդամակցությանը սպասելու ժամանեց Սոչի՝ Ռուսաստանից ներդրումներ պոկելու համար։ Նրան մերժեցին։ Հայաստանն այդ ժամանակ խնդրեց, որ թույլ տան իրեն անդամակցել որպես ԵԱՏՄ հիմնադիր։ Դրա համար պետք էր, որ նա առաջինը մուտք գործեր Միություն։ Բայց 2014 թվականի մարտի 5-ին՝ Եվրասիական հանձնաժողովի Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, Հայաստանին առհասարակ ԵԱՏՄ չընդունեցին։ «Զգայուն ապրանքների» գնաճի փոխհատուցման նրա պահանջը ոչ ոք  բավարարել չցանկացավ։

2014 թվականի մայիսին՝ Մինսկում կայացած Եվրասիական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, Հայաստանին կրկին չընդունեցին։ Այս անգամ խոչնդոտ հանդիսացավ Ղարաբաղը․ Հայաստանը պնդում էր, որպեսզի Ղարաբաղին ևս ընդունեն միություն, Ռուսաստանն էլ, կարծես, նույնիսկ խոստացել էր, բայց պարզվեց, որ դա անհնարին է։ Քանի որ Ղարաբաղը, բացատրում էր Ռուսաստանը, ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։ Կրկնենք՝ Ռուսաստանն ասում էր սա 2014-ի մայիսին, այսինքն՝ Ղրիմի միացումից երկու ամիս հետո։ Իսկ Հայաստանը, նշենք փակագծերում, այն փոքրաթիվ երկրներից մեկն էր, որ ողջունել էր Ղրիմում անցկացված հանրաքվեն։ Ստեփանակերտում այդ առիթով տոնական համերգ էին կազմակերպել։

Հանրապետությունում այն ժամանակ լուրջ տրամադրություններ էին տարածվում, թե «մեզ պետք չէ այս ԵԱՏՄ-ն, Եվրոպան ավելի լավ է»։ Եվ ահա՝ ՀԷՑ-ը հայտնեց էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին, այն ժամանակ՝ 4 դրամով։ Դա բացատրվում էր նրանով, որ ՋԷԿ-ը գազը թանկ է գնում։ Հայերը չէին կարողանում հասկանալ՝ ինչպես էր դա հնարավոր, երբ արդեն ստորագրված է տխրահռչակ «Գազային համաձայնագիրը»։

Շուտով Աստանայում կայացավ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Այնտեղ՝ հայկական պատվիրակության ներկայությամբ, ընթերցեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որով վերջինս խնդրում էր Հայաստանին ԵԱՏՄ  ընդունել «միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում», այսինքն՝ առանց Ղարաբաղի։ Հայերը դա ընկալեցին որպես ստորացում։

Հաջորդ հարվածը Ռուսաստանի կողմից զենքի հերթական խմբաքանակի վաճառքն էր Ադրբեջանին։ Բայց Հայաստանը դա ևս հանդուրժեց, քանի դեռ նրան խոստանում էին գլխավորը՝ «անձրևանոց Ղարաբաղի համար»։ Հայերը հավատում էին՝ եթե ինչ-որ բան պատահի, Ռուսաստանը կգա ու կօգնի։ Անհրաժեշտ պահին չեկավ ու չօգնեց։

Իրինա Տումակովա

ռուսերեն բնագիրը՝ «Новая газета»-ում