ՀՀ կառավարությունն արդեն որոշել է էլեկտրաէներգիայի թանկացումը հետաձգելու պատճառով առաջանալիք ֆինանսական ճեղքվածքը ծածկել «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվող գումարներով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ մինչև ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի ավարտը, կառավարությունը յուրաքանչյուր կվտ/ժամ էլէներգիայի դիմաց ՀԷՑ-ին պետք է վճարի 7 դրամ: Ամսական դա կկազմի 2.5-3 մլրդ դրամ:
«Ուշագրավն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ հայտարարել է, թե այդ գումարները բյուջեից չեն վճարվելու:
Բայց «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվելիք 180 միլիոն դոլարը հենց բյուջետային միջոց է, քանի որ այն ամբողջությամբ պետք է ուղղվեր ՀՀ պետական բյուջե: Փաստորեն մեր կառավարությունը հետաքրքիր պատկերացումներ ունի բյուջեի մասին», – գրում է թերթը:
Նշենք, որ «Որոտանի» կասկադը վաճառվել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությանը։