Home / Տեսանյութեր / «Նոր օպերներն» այցելում են Բաղրամյանի նստացույցի մասնակիցներին

«Նոր օպերներն» այցելում են Բաղրամյանի նստացույցի մասնակիցներին

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայի նստացույցին մասնակցած բազմաթիվ մարդկանց վերջին շաբաթվա ընթացքում այցելում են քաղաքացիական հագուստով անձիք՝ երբեմն չներկայանալով, իսկ հիմնականում ներկայանելով որպես համայնքի նոր օպեր-լիազորներ:

Նրանք չեն հիմնավորում՝ ինչու են հենց այդ քաղաքացիներին այցելել․ մի քանի դեպքերում օպեր֊լիազորները պատճառաբանել են, որ հարցեր ունեն բակում տեղի ունեցած ինչ-որ վիճաբանության մասին:

Բաղրամյանի նստացույցին մասնակցած Անտոն Իվչենկոն Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ քաղաքացիական անձիք այցելել են իր ծնողների բնակարան, և, քանի որ տանը ոչ ոք չի եղել, իր մասին հարցուփորձ են արել հարևաններից:

«Ասել են՝ Անտոնն այստե՞ղ է ապրում․ ինձ նկարագրել են որպես մորուքով, ականջողով տղա (նկարագրությունը չի համապատասխանում Իվչենկոյի կերպարին ֊ խմբ․): Հարևաններից սկսել են հարցնել մայրիկիցս, քանի տարեկան է, որտեղ է աշխատում: Ներկայացել են որպես «նոր օպեր-լիազորներ» և խոստացել են նորից գալ, սակայն մինչ հիմա չեն եկել»,- պատմել է Իվչենկոն:

Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը ևս նման դեպքեր է նկարագրել: Ենոքյանի հետ զրույցում Մուրադ Վարձելյանը պատմել է, որ իր տուն են այցելել քրեականի օպեր֊լիազորներ, հարցուփորձ են արել եղբորից:

Օպեր-լիազորները պատճառաբանել են, որ նախորդ օրը բակում կռիվ է եղել և դրա հետ կապված են հարցուփորձ անելու: «Դրանից մի քանի ժամ հետո եկել է թաղայինի տեղակալը և հարցուփորձ է արել՝ ընդհանրապես քանի անդամներ կան տանը, ես ինչով եմ զբաղվում: Չեն կոնկրետացրել՝ ինչի են հարցնում»,- ասել է Վարձելյանը:

Միհր Ավագյանն էլ պատմել է, որ իրենց տուն են այցելել քաղաքացիական հագուստով անձիք և առանց ներկայանալու պահանջել են բնակարանում ապրողների անձնագրերը, հետո պահանջել է տան անդամների բջջային հեռախոսի համարները: 

Լուսանկարում՝ հունիսի 23-ին ոստիկանությունը ցրում է նստացույցի մասնակիցներին

Tekali Taxi