Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դրական է համարում «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու մասին կառավարության որոշումը, քանի որ դա ամերիկյան էներգետիկայի մշակույթը կբերի Հայաստան: Այս մասին նա ասել է ԱԺ-ում, երբ Որոտանի հարցը բարձրացրել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Սա առաջին ամերիկյան կապիտալով ընկերությունն է, որին ՀՀ կառավարությունը ինչ-որ բան է վաճառում էներգետիկայի բնագավառում: Եթե կառավարությունը նպատակահարմար է համարում վաճառել, ավելի լավ է՝ էդպիսի այլ կապիտալով պետությանը վաճառենք, որ նաև ամերիկյան էներգետիկայի մշակույթը ներմուծվի այստեղ, մրցակցություն լինի»,- ասել է Նազարյանը:
Մինասյանի հարցերին՝ արդյոք գործարքը համարվում է մասնավորեցում, ինչ վնաս է դրանով հասցվել պետական և համայնքային բյուջեներին, Նազարյանը չի կարողացել պատասխանել՝ ասելով, որ իրենք բանակցային կողմ չէին:
«Այդ հարցում մենք ղեկավարվել ենք էներգետիկայի մասին օրենքով. այնտեղ հստակ գրված է, որ մեր հանձնաժողովը կապ ունի միայն այն մասով, որ թույլ չտա շուկաներում կենտրոնացում, խոշորացում, որպեսզի մենք կարողանանք մեր գործառույթները կատարելիս չընկնել խոշորացված ընկերությունների ճնշման տակ: Մենք ընդամենը նայել ենք այդ տեսանկյունից: Ինչ վերաբերում է այլ հարցերին, մենք բանակցային կողմ չենք եղել: Ես ձեր բարձրացրած հարցերին պատասխանել չեմ կարող: Ես միայն կարող եմ վերջին հարցին պատասխանել՝ ովքեր են այդ ամերիկյան ընկերության բաժնետերերը»,- ասել է Նազարյանը:
Որոտաների ՀԷկ-երի համալիրի խնդրին անդրադարձել է նաև Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։ Նրա խոսքով՝ Որոտանի կասկադը վաճառվել է, քանի որ այն մեծ շահույթ չէր տալիս, ավելի քան 40 տարեկան էր, ինչը նշանակում է, որ մեծ ներդրումներ էր պահանջում։
ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը նախարարին հարցրել է՝ այդ դեպքում՝ ինչու մրցույթ չի կազմակերպվել, ինչու ԱԺ-ն տեղյակ չի եղել այդ մասին, ինչու է այդ ամեն մութ մնացել:
Նախարարը հրաժարվել է հարցին պատասխանել՝ ասելով. «Դե եթե ձեզ համար մութ է մնալու, էլ ինչո՞ւ պատասխանեմ»: