ՀՀ կառավարությունը չափազանց մոտ է «Որոտան հիդրոկասկադի» վաճառքի գործարքը չեղյալ համարելուն, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ վերջնական որոշումը դեռ չի կայացվել, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի:
Այս տարվա հունվարի 29-ին Երևանում ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության և ՀՀ կառավարության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի, ամերիկյան ընկերությունը 120 մլն դոլար էր վճարելու Որոտանի հիդրոկասկադի համար և ևս 70 միլիոն դոլարի ներդրում պետք է աներ:
Գործարքը, ըստ այդ պայմանագրի, պետք է ավարտված լիներ մինչև ապրիլի կեսը, սակայն մինչ օրս այն չի ավարտվել և գումարը վճարված չէ: Ոչ ամերիկյան կողմը և ոչ էլ ՀՀ կառավարությունը սպառիչ բացատրություններ չեն տալիս, թե ինչ խնդիրներ են ծագել: «ՀԺ»-ն ընդգծում է, որ Կառավարությունից ստացվող ոչ պաշտոնական տեսակետի համաձայն. գործարքը չեղյալ համարելը իրականում ոչ թե տնտեսական, այլ արտաքին քաղաքական և ներիշխանական դրդապատճառներ ունի․ դա Հայաստանի էներգետիկ համակարգի միակ օբյեկտն է, որը պետք է ձեռք բերեր ոչ ռուսական ընկերություն։
Նշենք, որ ոչ իշխանական 4 ուժերի կողմից իշխանություններին ներկայացված 12 պահանջներից մեկն էր բացառել «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ընկերության գույքի վաճառքը առանց Ազգային ժողովի հավանության: Ավելի վաղ Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պնդել էր, թե «Որոտանը» վաճառվել է ակնհայտ ցածր գնով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում