Վազգեն Մանուկյանը հիմնաքարային նշանակություն ունի երրորդ հանրապետության կյանքում:
Միասնականության քարոզը կեղծ է. այն հորինված է մոբիլիզացնել ոչ էլիտար մարդկանց, որ իրենց հարազատներին են ռազմաճակատ ուղարկում, ժընգյալով հաց են թխում փողոցներում, փող են հավաքում, վատանում են, հյուծվում են ու պրոտեստի հնարավորություն չունեն պատերազմին: Դրա համար մխիթարվում են հերոսների ու հաղթանակի մասին մտքով, որովհետև ուրիշ ոչինչ չի մնում: Պատերազմը ինչքան էլ ոտնձգություն է կյանքի դեմ և մահվան նշան, չի կարող միասնականացնել բոլորին, առավել ևս քաղաքական կողմերին: Բնական է, որ Վազգեն Մանուկյանի բերանով է հնչում իշխանությունը թողնելու և բանակին հանձնելու կոչը: Նույնիսկ զարմացած եմ, որ ավելի շուտ չի հնչել:
Անին չի կործանվել, որովհետև մենք միասնական չէինք, Ցեղասպանությունը չի եղել, որովհետև մենք զենք չունեինք…: Սեփական պատմության նման ընկալումները դոմինանտ են, երբ ինտելեկտուալ փորձառությունը թութակությունից չի անցել: Նույն կերպ պատերազմի օրերին էլիտան չի կարող միավորվել, սեփականությունը չի դառնում ընդհանուր: Պայմանական Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը (Քոչարյանը) չեն կարող միասնական լինել:
Հայաստանի քաղաքական միտքը խարսխված է Ղարաբաղի հարցի վրա: Կա երկու լիբերալ ազգայնական մեյնսթրիմ քաղաքականություն, և սրանց շուրջ են ստիպված համախմբվել քաղաքական մյուս հոսանքները, քանի չի լուծվել Ղարաբաղի հարցը կամ քանի չի ձևավորվել երրորդ բևեռը, որ չունենա կախվածություն Ղարաբաղի խնդրից:
Առաջինը, այսպես կոչված, լևոնականությունն է կամ խաղաղության կուսակցությունը: Կարելի է սրա հետևորդներին կոչել նաև չափավոր ղարաբաղականներ: Այս խմբի քաղաքական հայրերի մկրտությունը տեղի է ունեցել Ղարաբաղյան պայքարում: Նրանք կանգնել, հրապարակներում գոռացել են՝ Ղարաբաղը մերն է: Այդ ալիքի վրա եկել են իշխանության: Նրանք իրենց ռազմական վերահսկողությունն են հաստատել ԼՂԻՄում և հարակից տարածքներում: Պայքարի քաղաքական հանգուցալուծման ճանապարհին, սակայն, կանգնել են տիրող աշխարհակարգի կանոնների առաջ՝ ստիպված լինելով հետ քաշվել մաքսիմալիզմից: Քաղաքական այս ուղղությունը որոշել է հաշտվել տարածաշրջանային ուժերի գոյության հետ՝ որդեգրելով թրքա-պարսկա-ռուսական տերությունների հետ բալանսավորված քաղաքականության ճանապարհը: Այս ուղղությունը կոմպրոմիսային տարբերակի կողմնակից էր, առաջնորդվում էր խաղաղության հրամայականով՝ հավանաբար, հասկանալով, որ եղած պատերազմը խորացրեց կոնֆլիկտը, ոչ թե լուծեց այն: Կար վճռականություն հակառակ կողմի հետ ունենալ երկխոսություն: Չափավորները ձգտում էին էլիտաներին միավորել փոխզիջումային տարբերակի շուրջ՝ հանձնել տարածքները, թուլացնել լարվածությունը և փորձել պայմանավորվել Ադրբեջանի հետ: Նրանք պարտվեցին ու հեռացան:
Իշխանության եկավ սրան հակադիր հոսանքը՝ մանուկյանական կամ պատերազմի կուսակցությունը: Սրանց կարելի է կոչել ծայրահեղ ղարաբաղականներ: Առաջացել են նույն պայքարի բերումով, ազգայնական լիբերալիզմի հետևորդ են: Այս ուժը ուներ ոչ կոմպրոմիսային հռետորաբանություն, գենետիկ անհամատեղելի էր համարում հայերի և ադրբեջանցիների համակեցությունը: Հնարավոր էր համարում Ղարաբաղի անկախության ձեռքբերումը, մարդու ինքնորոշման հարցը սարքեց տարածքային հարց: Տարածքների զիջումը համարում էր պարտություն: Գալով իշխանության՝ այս թևը նույնպես բախվեց տիրող աշխարհակարգի կանոններին՝ ընդունելով կոնֆլիկտի լուծման պայմանները: Բայց ընդունեց առերևույթ՝ ներքուստ տանելով իր գաղափարական իրական գիծը: Այս ուժը ընտրեց միաբևեռ իմպերիալ ուժին ապավինելու ճանապարհը: Պատմական ներկան ստորադասվեց պատմական անցյալին, որոշվեց հասարակությանը հետ վերադարձնել պատմական անցյալ և ներկան ամեն կերպ հանգեցնել անցյալին: Հասարակությունը դրվեց բիրտ երկընտրանքի առաջ՝ մահ կամ կյանք, հայ կամ թուրք, ամեն ինչ կամ ոչինչ:
2018 թվի հեղափոխության արդյունքում իշխանությունը ստանձնած ուժը նախ փորձեց խուսափել Ղարաբաղի հարցից, բայց տեսնելով դրա անկարելիությունը՝ ի վերջո, ընտրեց երկրորդ ճանապարհը: Հեղափոխությունը չստեղծեց երրորդ ճանապարհ: Հեղաշրջումը և բանակային իշխանության գալը ոչ մի բեկում չեն մտցնելու Ղարաբաղի հարցի լուծման քարտեզում: Հանրային սպասելիքները կբարձրացնեն ռևանշիստական-ծավալապաշտական ավելի անիրական ու վտանգավոր մակարդակի՝ նորից զավթելով իշխանությունը: Հեղափոխությունը մեծ իրադարձություն էր Հայաստանում, պետք է այն պաշտպանել՝ կարող է ստեղծվել հնարավորություն ունենալու երրորդ մոտեցումը և գուցե չորրորդ հանրապետությունը:
Գայանե Այվազյան