Հանրահայիտ 17 կուսակցությունների (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և այլն) վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր հանրահավաքին ելույթ է ունեցել։
Մանուկյանը, նախ, հայտարարել է՝ Նիկոլ Փաշինյանն «ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան իր համար լավ»։ Հակառակ դեպքում, սպառնացել է «ընդդիմադության» թեկնածուն, «գազազած ժողովուրդը նրան կհոշոտի»։
Այնուհետև ներկայացրել է իր «առաջնորդած» շարժման պատկերացումները՝ ինչ են անելու, եթե հաջողեն հասնել իշխանափոխության։
Մանուկյանը հայտարարել է, որ, թեև իրենք «երբեք չեն հաշտվի» նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության հետ, այդ փաստաթուղթը դե ֆակտո աշխատում է և իրենք «չեն կարող այն փոխել, հրաժարվել դրանից, որովհետև դա կնշանակի պատերազմ՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, և խռովություն՝ ռուսական խաղաղապահ զորքերի հետ»։ Ուստի՝ բանակցելու են դրա շուրջ։
Անուհետև խոսել է անվտանգության մասին՝ պետք է վերականգնել բանակը, մարտունակությունը, ստեղծել ժամանակակիցբանակ և այլն։
«Մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ» արժանացել են հատուկ ուշադրության։
«Այս տարածքում եթե դու Ռուսաստանի հետ չես կապված, ուրեմն՝ մնում է Թուրքիան։ Ռուսաստանի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ո՛չ մի ընդհանուր շահ։ Բոլոր այն մարդիկ, որ ասում են՝ գնանք Թուրքիայի հետ խոսենք, Ռուսաստանի հետ չխոսենք, կամա թե ակամա ծառայում են թշնամու շահերին։ ․․․Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու․ աշխարհը չի ներելու Թուրքիային իրա լկտիությունները։ Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք», – հայտարարել է Մանուկյանը։
Հիշատակվել է նաև Մինսխի խմբի շրջանակներում բանակցությունների մեջ մտնելու անհրաժետությունը և անհետ կորածների, գերիների, վիրավորների հարցի շուրջ աշխատելու կարևորությունը։
Ռուսական «Լազարևյան ակումբի» անդամը խոսել է նաև ներհայաստանյան մթնոլորտի «առողջացման մասին»։ Հայտարարել, թե «Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին» և այդ ուժերը «ժողովրդի միջոցով 2․5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը»։ Խոստացել, որ «կմաքրի այդ դաշտը»։
Մանուկյանի գործընկներները մի քանի անգամ շեշտել են՝ խոսք են տալիս, որ եթե նա կղեկավարի միայն անցումային կառավարությունը, որը մտադիր են ստեղծել Փաշինյանի կառավարության հրաժարականին հասնելուց հետո։ Հետագա ընտրություններին Մանուկյանն չի մասնակցի և հոժարակամ կհեռանա՝ իշախանությունը փոխանցելով իր կողմից կազմակերպված ընտրություններում հաղթողին։
Հանրահավքն ավելի ուշ երթով շարժվել է կառավարական ամառանոցներ, որտեղ դաշնակ Իշխան Սաղաթելյանը ուլտիմատում է ներկայացրել գործող կառավարությանը՝ եթե մինչև երեքշաբթի Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացնի, իրենք «ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու»։