հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Համայնքներ / Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում․ «Դոսյե»

Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում․ «Դոսյե»

Ռուսական «Դոսյե» կենտրոնը (ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկի, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկու կողմից) նոր հետաքննություն է հրապարակել, որում ներկայացնում է Հայաստանին առնչվող մի շարք գաղտնի փաստաթղթերի մանրամասները։

Հետաքննության հեղինակներն պնդում են, որ ուսումնասիրել են տասնյակ գաղտն վերլուծական զեկույցներ, օպերատիվ ամփոփագրեր և փաստաթղթեր, որոնք իրենց տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունից: Խորհրդային ԿԳԲ-ի սպա Չերնովը 2012-ից ղեկավարում է Կրեմլի` Արտասահմանյան երկրների հետ միջռեգիոնալ և մշակութային կապերի վարչությունը:

«Այդ կառույցը ստեղծվել է ԱՊՀ տարածքում «գունավոր հեղափոխությունների դեմ պայքարելու և Ռուսաստանի շահերն առաջ տանելու համար։ Գեներալն իր ամենամեծ հաջողությունը արձանագրել է Հայաստանում, որտեղ «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց է գործում՝ և՛ ակնհայտ, և՛ շատ ընդհատակյա», — պնդում է «Դոսյեն»։

Ըստ աղբյուրի, գործակալները «արմատներ են գցել համարյա բոլոր պետական կառույցներում` կառավարությունում, խորհրդարանում, հատուկ ծառայություններում, Արտաքին գործերի նախարարությունում»։ Որպես օրինակ զեկույցի հեղինակները հիշատակում են 2018-ին տեղի ունեցած դեպքը, երբ Աժ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, ռուսամետ Հայկ Բաբուխանյանն այցելել էր Ղրիմ, ինչից հետո Ուկրաինայի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Հայաստանի արտգործնախարարությանը, որն անմիջապես հայտնվել էր Կրեմլի սեղանին:

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, ըստ «Դոսյե»-ի, գեներալ Չերնովի ենթակաները սկսել են առանձնահատուկ ուշադրությամբ հետևել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկը` Սվետլանա Մաքսիմովա, զեկուցել է. «Մինչև օգոստոս, ինչպես Միշան էր խոստանում, Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց: Հիմա, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի կոշտ սցենարը»: Ով է Միշան և որն է կոշտ սցենարը՝ «Դոսյե»-ն չի պարզաբանում։ Մեկ այլ զեկույցում նույն Մաքսիմովան գրում է՝ «Տեսնենք՝ ինչպես է Փաշինյանը սայթաքելու: Եվ շնորհակալություն հայտնենք նրան, որ միանգամից այսքան արևմտամետ ձրիակերների բացահայտեց»:

Նրանից բացի՝ Փաշինյանի մասին պարբերաբար զեկուցում է նաև Կրեմլին մեկ այլ աղբյուր՝ «Կանդիդատ» («Թեկնածու») ծածկանվան տակ, որը զեկուցում է՝ «Փաշինյանը զերծ է մնում ետխորհրդային միասնությունից, նա նույնիսկ Մոսկվա չմեկնեց` Հաղթանակի շքերթին մասնակցելու»։ Գրում է նաև, թե Փաշինյանի օրոք «ամերիկամետ քաղաքական գործիչներն են եկել իշխանության»:

«Ռուսաստանի այդ բարեկամ-գործակալները քողազրկվելու ու բացահայտվելու վախ չունեն, քանի որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը վաղուց է հայտնի որպես ռուսական Լյուբլյանկայի մասնաճյուղ, ղեկավար կազմում էլ շարունակական փոփոխություններ են ու խառնաշփոթ՝ ուղեկցվող աղմկոտ պատմություններով», – նշում է «Դոսյե»-ն և հիշատակում ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանին, ով, ըստ պաշտոնական վարկածի, տարեսկզբին ինքնասպան է եղել։ Որպես գործակալ հիշատակվում է նաև Արթուր Վանեցյանին․ «Վերջինս ԱԱԾ-ի ղեկավար պաշտոնում աշխատեց մոտ մեկ տարի, պաշտոնանկությունից հետո դարձավ Փաշինյանի կոշտ քննադատը, և հիմա նրան հաճախ են տեսնում Մոսկվայում` ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ»։

«Դոսյե»-ն գրում է նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք մոտ 5 տարի ԱԱԾ պետ աշխատած Կարլոս Պետրոսյանի մասին: Ըստ զեկույցի, պաշտոնաթողությունից անմիջապես հետո վերջինս հատուկ կարգով Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, ապրում է Մոսկվայի Կոմպոզիտորների տանը, որտեղ բնակարան է գնել 200 միլիոն ռուբլով` շուրջ 2․5 միլիոն դոլարով: Ըստ «Դոսյե»-ի, գեներալ-լեյտենանտ Կարլոս Պետրոսյանը Մալախովկայում նաև առանձնատուն է ստացել՝ անձամբ Պուտինի գաղտնի կարգադրությամբ։ Նրա հարևանությամբ գտնվում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին փոխտնօրեն, գեներալ-գնդապետ Վիկտոր Կոմոգորովի առանձնատունը:

Գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունում պահվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը, գրում է «Դոսյե»-ն: «Ծառուկյանը հաճախ է լինում Մոսկվայում, անցած տարի փետրվարին նրա կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել Պուտինի «Եդինայա Ռոսիա»-ի հետ․․․ Կրեմլի այս գործընկերը շատ բուռն կենսագրություն ունի։ 1979-ին խորհրդային ոստիկանության ծառայող Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել խմբակային բռնաբարության համար և պատիժը կրել Նիժնի Տագիլում` ոստիկանների համար նախատեսված “Красная Утка” կալանավայրում», – հիշեցնում է աղբյուրը։ Երբ և ինչի է Ծառուկյանի անձնագրի պատճենը հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի թղթապանակում՝ չի նշվում։

Քաղաքական գործիչներից, ռուսամետ լրագրողներից ու փորձագետներից բացի, հետաքննությունը հիշատակում է նաև Կրեմլի հետ սերտորեն աշխառող հասարակական կազմակերպություններից: Մասնավորապես՝ Լազարևյան ակումբը, որը ձևավորվել է Թավշյա հեղափոխությունից հետո։ Ըստ «Դոսյե»-ի՝ այն համակարգում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի կողմից։ Անդամակցում են Զորի Բալայանը, Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը․․․ Ակումբի առաջին լիագումար նիստում` 2018-ի նոյեմբերին, ելույթ էր ունեցել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկօրյա այդ հավաքն, ի դեպ, անցել էր «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ» խորագրի ներքո: