Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն ավելի քան երկու ամիս․ մարդիկ համաձայն չեն ընտրությունների հայտարարված արդյունքների հետ, դեմ են փողոցային ակցիաների ընթացքում ոստիկանական ամենաթողություններին։ Ոչ աշխատանքային օրերին ցույցերին մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ Բելառուսի տարբեր քաղաքներից։ Բողոքի ալիքը տարածվում է նաև բակերում, որոնցից շատերը պատկերազարդված են նկարներով, գրառումներով ու սպիտակ֊կարմիր֊սպիտակ դրոշներով։
Իշխանությունները պահանջում են հանել դրոշները՝ իբր հակահրդեհային անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ ցուցարարների նկարած գրաֆիտիները վերաներկվում են։ Հրամանները չկատարելու դեպքում բնակարանատերերի համատիրությանը տուգանում են։ Բնակիչները, սակայն, շարունակում են պաշտպանել իրենց բակերի որմնանկարները դրանք ոչինչացնել ցանկացող ուժայիններից ու ներկարարներից։
Մինսկի Սմորգովյան մայրուղում համար 3 բնակարանի բակը «Փոփոխությունների հրապարակ» անվանումն է ստացել։ Այն Բելառուսով մեկ հայտնի է դարձել տրանսֆորմատիվ կրպակի վրա արված «Փոփոխության դիջեյները» գրաֆիտիի շնորհիվ, որն արվել է օգոստոսի սկբներին՝ ի պատիվ դիջեյներ Կիրիլ Գալանովի և Վլադիսլավ Սոկոլովսկում։ Վերջիններս Բելառուսի բողոքի ցույցերը հիմնը դարձած Վիկտոր Ցոյի «Перемен» (փոփոխություններ) երգը միացրել էին Սվետլանա Տիխանովսկայայի հանրահավաքի փոխարեն կազմակերպված պաշտոնական միջոցառման ժամանակ։
Գալանովն ու Սոկոլովսկին իրենց ակցիայի համար 10 օրվա ազատազրկման դատապարտվեցին՝ խորհրդանիշ դառնալով ցուցարարների համար։ Գրաֆիտիի հարակից շենքերի բնակիչներն ավելի քան մեկ ամիս որմնանկարը պաշտպանում են ոստիկանության աշխատակիցներից և հատուկ ուղարկված ներկարարներից։
Վերջիններիս հեռանալուց հետո բակի բնակիչներն ամեն անգամ վերանկարում են գրաֆիտին, սպիտակ֊կարմիր֊սպիտակ ժապավեններ ու դրոշներ կախում։ Նրանց չի կանգնացնում անգամ այն, որ սեպտեմբերի սկզբին Միսնկի սանիտարական ծառայությունը արդեն մի անգամ մոտ 2500 դոլար տուգանք է գրել կարգը խափանելու համար։
Գրաֆիտին ոչնչացնելու համար ժամանած ոստիկաններին կանգնացնելու փորձի համար որոշ քաղաքացիներ ձերբակալվել են, նրանց տներում խուզարկություններ են իրականացվել։ Տեղի բնակիչ Ստեփան Լատիպովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Չնայած ուժայինների կողմից գործադրվող ճնշումներին, երեկոյան տեղացիները համերգներ են կազմակերպում իրենց բակում։ «Փոփոխությունների հրապարակում» երգելու համար հաճախ գալիս են նաև բելառուսական հայտնի երաժիշտները։