Խաբարոսկի երկրամասի նախկին նահանգապետ, Ռուսաստանի ազատական֊ժողովրդավար կուսակցության (ՌԱԺԿ) անդամ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությունից անցել է երկու ամիս։ Նրա աջակցության բազմամարդ ցույցերը շարունակվում են մինչ օրս։
Սերգեյ Ֆուրգալը մեղադրվում է 2000-ականներին մի քանի սպանությունների կազմակերպման մեջ։ Խաբարովսկի բնակիչները պահանջում են դատավարությունն իրականացնել ոչ թե Մոսկվայում, այլ՝ Խաբարովսկում։
Զանգվածային բողոքի ակցիաները մեկնարկել են հուլիսի 11-ին՝ Ֆուրգալի ձերբակալությունից անմիջապես հետո։
Ամենախոշոր հանրահավաքներից էր հուլիսի 18-ի ոչ արտոնված հավաքը։ Խաբարովսկի քաղաքապետարանի տվյալներով, ցույցին միացել էին 10 հազար քաղաքացիներ։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են 85 հազարանոց հանրահավաքի մասին։
Հուլիսի 25-ին՝ նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՌԱԺԿ անդամ Միխայիլ Դեգտյարյովի ժամանմանը հաջորդող առաջին շաբաթ օրը ցույցի մասնակիցների թիվն անհամեմատ ավելի մեծ էր։
Միխայիլ Դեգտյարյովը Ռուսաստանի ազատական֊ժողովրդավարական կուսակցության քիչ ներկայացուցիչներից է, որի անունը Ռուսաստանում գիտեն շատերը։ 2011 թվականից Պետդումայի պատգամավոր է։ Պաշտոնավարման ողջ ընթացքում հատկապես աչքի է ընկել իր անհեթեթ օրենսդրական նախաձեռնություններով։ 2013 թվականին Դեգտարյովն առաջարկել է արգելել արյան դոնորությունը նույնասեռականներին, 2014-ին նախաձեռնել է Ռուսաստանում դոլարի շրջանառման սահմանափակման մասին օրինագիծ։ Առաջարկել է Միջպետական ստանդարտ սահմանել Ջմեռ պապի և Ձյունանուշի համար, պետական հիմնը փոխարինել 1833-1917 թվականներին Ռուսական կայսրության պաշտոնական օրհներգով՝ «Бо́же, Царя́ храни́!» (Աստված պահի թագավորին)։ Դեգտարյովի առաջարկներից էր նաև Կրեմլը սպիտակ ներկելը, Սթափության համապետական տոն հայտարարերլը և օտարերկրյա բիզնեսի համար «վոդկա» բառն արգելելը։
Խաբարովսկի բողոքի ցույցերը շարունակվում են մինչ օրս։ Փողոց դուրս եկող քաղաքացիների թիվը, սակայն, պակասում է։ Սեպտեմբերի 5-ին՝ ցույցերի 57-րդ օրը և 9-րդ շաբաթ օրը (ամենաբազմամարդ հանրահավաքներն ու երթերը կազմակերպվում են հենց շաբաթ օրերին), տեղի ունեցավ հերթական երթը՝ Լենինի հրապարակից մինչև Կոմսոմոլյան հրապարակ։ Ցուցարարները վանկարկում էին «Ֆուրգալը մեր ընտրությունն է», «Այստեղ մենք ենք իշխանությունը» և այլ կարգախոսներ։
Խաբարովսկի բողոքի ցույցերը կազմակերպվում են առանց արտոնման, բայց ոստիկանների հետ բախումներ տեղի չեն ունենում, ինչպես դա սովորաբար լինում է Ռուսաստանի այլ քաղաքնեերում։ Սեպտեմբերի 4-ին հաղորդագրություններ սկսեցին տարածվել, որոնց համաձայն, քաղաքապետարանն արտոնել է սեպտեմբերի 12-ի մինչև 70 հազար քաղաքացի ներառող հավաքը։ Քաղաքի ադմինիստրացիայի որոշմամբ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները, այդ թվում՝ հավաքներ իրականացնելու արգելքը, այլևս չեն գործի։
Օգոստոսի վերջի տվյալներով, վարչական իրավախախտման մասին կազմվել է 161 արձանագրություն։ Դատարաններում քննվել են 142 արձանագրություններ։ 19 քաղաքացի ձերբակալված է։
Մասնավորապես, օգոստոսի 15-ին ոստիկանությունը բերման է ենթարկել Ալեքսեյ Նավալնու տարածաշրջանային շտաբի համակարգող Ալեքսեյ Վորսինին։ Հավաքների անցկացման կանոնների մեղադրանքով նրան դատապարտել են 10 օր ազատազրկման։ Օգոստոսի 15-ին՝ 10-օրյա ժամկետի ավարտի օրը նրան նորից 10 օրվա ազատազրկման դատապարտեցին, իսկ ավելի ուշ կալանքը փոխարինեցին 10 հազար ռուբլի տուգանքով։
Ազատազրկված են Ֆուրգալի աջակցության պաստառներով միկրոավտոբուսների՝ «Ֆուրգալմոբիլ»֊ների երկու վարորդներ։ Նրանցից մեկին դատապարտել են 10 օրվա ազատազրկման, մյուսին՝ 20։ Մեղադրվում են զանգվածային ակցիայի ժամանակ տրանսպորտային միջոցների ընթացքին խոչընդոտելու մեջ։
Անդրեյ Պետրովի միջադեպը
Նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարը քննադատորեն է արտահայտվում ցույցերի մասին, ակնարկում է օտարերկրյա միջամտությունների մասին։ Սեպտեմբերի 2-ին Դեգտյարյովն աշխատանքից ազատեց անտառտնտեսության վարչության փոխնախագահ Անդրեյ Պետրովին, ով հանրայնորեն պաշտպանում էր Ֆուրգալին ու միացել էր ցուցարարների հիմնական պահանջին․ նախկին նահանգապետի դատավարությունն անց կացնել Խաբարովսկի երկրամասում։
Պետրովի մտքերը Ռուսաստանի կազմում «Խաբարովսկի ժողովրդավարական հանրապետության» մասին, որը կունենար իր նախագահը, խորհրդարանն ու օրենքները, Դեգտյարյովը օրինախախտում է համարում․ «Մաքուր ծայրահեղականություն։ Մանկամիտը պետության հաշվին է գոյատևում, բայց սկսել է մեր երկրամասը Ռուսաստանից առանձնացնելու կոչեր անել»։
Պետրովն իր հերթին հավաստիացնում է, որ անջատականության կողմնակից չէ, պարզապես ելույթ էր ունենում իրենց տարածաշրջանին հատուկ իրավունքներ ու ազատություններ տրամադրելու օգտին։
Ամենակարևորը քաղաքականացումն է
Փորձագետները կարծում են, որ իշխանությունների մարտավարությունը՝ սպասել մինչև բողոքի ալիքը կմարի, տալիս է սպասված արդյունքը։ Ակնկալվում է, որ ցրտերի հետ ցույցերը վերջնականապես կդադարեն։
Փողոցում ակտիվության նվազումը՝ քաղաքագետ Իլյա Գրաշենկովի կարծիքով, արմատականորեն չի ազդի իրավիճակի վրա։
«Խաբարովսկի բողոքի մեջ ամենակարևորը քաղաքականացումն է։ Կկարողանա՞ արդյոք դաշնային կենտրոնը 2021 թվականին Խաբարովսկում իր նահանգապետին ընտրել։ Դժվար։ Եթե իհարկե չսկսեն մրցակիցներից ազատվելու իրենց տեխնոլոգիաներն օգտագործել։ Այս դեպքում, սակայն, մարդիկ էլի կհամախմբվեն ու փողոց դուրս կգան», – կարծում է Գրաշենկովը։