հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Ծեծուջարդ, «Հայր մեր», ծեծուջարդ հանուն բռնապետի

Ծեծուջարդ, «Հայր մեր», ծեծուջարդ հանուն բռնապետի

Բելառուսի ավելի քան 33 բնակավայրերում հինգ օր շարունակ մարդիկ զանգվածաբար դուրս են գալիս փողոց՝ պահանջելու աղաղակող ընտրակեղծիքների շնորհիվ հերթական անգամ վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։

Բողոքի ցույցերը օրեր շարունակ ցրվում են բիրտ ուժի և ոստիկանական հատուկ միջոցների՝ նռնակների, ջրցան մեքենաների, ռետինե, իսկ վերջին օրերին՝ նաև ռազմական փամփուշտների կիրառմամբ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ մոտ 7000 հոգի ձերբակալվել է, շուրջ 250-ը` հոսպիտալացվել միջին և ծանր վիրավորումներով։ Կա երկու հաստատված զոհ։ Ոչ պաշտոնական աղբյուրները ահազանգում են, որ ձերբակալվածների և վիրավորների թիվն իրականում շեշտակի գերազանցում է պաշտոնական տվյալները։ Հարյուրավոր մարդիկ անհայտ կորած են․ նրանց գտնվելու վայրի և վիճակի մասին տեղեկություններ չկան։ Ոստիկանական մի քանի բաժանմունքներից ազատ արձակվածները վերջին օրերին ահազանգում են կտտանքների և ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին։

Znak.com-ի թղթակից Նիկիտա Տելիժենկոն ձերբակալվել էր Մինսկում՝ օգոստոսի 10-ին, Նեմիգայի փողոցում նախատեսված բողոքի ցույցի ժամանակ՝ ձերբակալությունների առաջին ալիքից անմիջապես հետո։ Մի ամբողջ օր նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։ Նրան ազատ են արձակել օգոստոսի 11֊ին։

Ներքին գործերի տարածքային բաժանմունքում (ՆԳՏԲ) և Ժոդինոյի բանտում ցուցարարների նկատմամբ կտտանքների, անվերջ ծեծի, նվաստացումների մասին նրա ռեպորտաժը հրապարակում ենք որոշ կրճատումներով․ 

― ․․․ [Բերման ենթարկելուց հետո] մոտեցավ ոստիկանական մեքենայի վերափոխված «Գազելը»։ Այնտեղ երեք մեկուսախուց կար, որոնցից երկուսը՝ խուլ դռներով ու փոքր լուսամուտներով։ Ոլորեցին, նստացրեցին այնտեղ։ Հեռախոս խնդրեցի՝ խմբագրությանը հայտնեմ, որ ինձ ձերբակալել են։

– Բայց դու ձերբակալված չես, – ասաց հատուկ ջոկատայինը։

– Ճաղերի հետևում եմ, չէ՞, – պատասխանեցի ես։

– Հանգիստ նստի, – թեման փակեց։

Հետո անձնագիրս վերցրեցին, տեսան, որ Ռուսաստանի քաղաքացի եմ։

– Ու ի՞նչ [հայհոյանք] ես անում այստեղ։

– Լրագրող եմ, – պատասխանեցի։

Այստեղ հատուկ ջոկատայինի հետ երկխոսությունն ավարտվեց։ «Գազելում» նստած սպասում էի մինչև մեքենան ամբողջությամբ լցվի իմ պես «ոչ ձերբակալվածներով»։ Կես ժամ պահանջվեց։ ․․․

16 ժամանոց դժոխք Մոսկովյան ՆԳՏԲ-ում

Չգիտեինք՝ ուր ենք գնում։ Պարզվեց՝ Մոսկովյան ՆԳՏԲ֊ում ենք, որում անցկացրած 16 ժամը մեր համար դժոխք է դառնում։

․․․Ինձնից առաջ գնացող տղայի գլուխը հատուկ խփեցին դռան կողմնափայտին։ Ցավից գոռաց։ Ի պատասխան սկսեցին հարվածել գլխին ու գոռալ․ «Լռի՛ր»։ Ինձ առաջին անգամ հենց ոստիկանական մեքենայից հանելու ժամանակ են ծեծել․ ձեռքով գլխիս, ծնկով՝ դեմքիս։

Տարածքային վարչության շենքում մեզ սկզբում չորրորդ հարկի ինչ֊որ տարածք տարան։

Մարդիկ հենց գետնին կենդանի գորգով խիտ պառկած էին, ստիպված էինք իրենց վրայով շարժվել։

Շատ անհարմար էի զգում, որ ինչ֊որ մեկի ձեռքին կանգնեցի, բայց ոչինչ չէի տեսնում՝ գլուխս ուժեղ դեպի գետին էր թեքած։ «Պառկե՛լ, դեմքով դեպի գետին», – գոռում էին։ Տեղ չկար, ամենուր արյան մեջ պառկած մարդիկ էին։

Ինձ հաջողվեց տեղ գտնել ու ոչ թե մարդկանց վրա երկրորդ շերտով պառկել, այլ կողքից։ Կարելի էր պառկել միայն փորի վրա, դեմքով դեպի գետին։ Բախտս բերեց, որ բժշկական դիմակով էի։ Կողքս պառկած երիտասարդը փորձում էր տեղավորվել, պատահաբար գլուխը կողք թեքեց ու զինվորական կոշիկով հարված ստացավ։

Դաժանագույն ծեծ էր․ ամեն տեղից հարվածների, գոռոցների ու ճիչերի ձայներ էին։ Ոմանք երևի կոտրվածքներ ունեին՝ ձեռքերի, ոտքերի, ողնաշարի․ ամեն շարժումից ցավից գոռում էին։

Նոր ձերբակալվածներին ստիպում էին պառկել երկրորդ շերտով։ Շուտով հասկացան, որ դա վատ գաղափար է, հրամայեցին, որ նստարաններ բերեն։ Ես այն մարդկանց թվում էի, ում թույլատրեցին նստել նստարաններին՝ գլուխը կախ։ Այդ ժամանակ հասկացա, որ Մոսկովյան ՆԳՏԲ դահլիճում ենք։ Տեսա, որ դիմացի պատին ծառայության մեջ հատուկ գերազանցություն ցուցաբերած ոստիկանների նկարներ էին։ Չար հեգնանք թվաց․ տեսնես մեզ հիմա ծեծողների գործողություններն է՞լ են լավ ծառայություն համարվելու։

Այսպես 16 ժամ մնացինք։

Զուգարանից օգտվելու համար պետք էր ձեռք բարձրացնել։ Հսկիչներից ոմանք թույլատրում և ուղեկցում էին դեպի զուգարան։ Ոմանք ասում էին․ «Տակդ արա»։

Գիշերը երկուսի կողմեր բաժանմունք բերեցին նոր ձերբակալվածների։ Այ այդ ժամանակ սկսվեց անտանելի սարսափը։ Ձերբակալվածներին ստիպում էին աղոթել, «Հայր մերն» ասել։ Ով հրաժարվում էր՝ հարձակվում ու սկսում էին ծեծել։ Դահլիճում նստած լսում էինք՝ ինչպես են մարդկանց ծեծում վերևի և ներքևի հարկերում։ Տպավորություն էր, որ նրանց ուղղակի բետոնով են տալիս։

Այդ ընթացքում պատուհանից ձայնային նռնակների ձայներ էին լսվում, դահլիճի պատուհանների ապակիները և նույնիսկ դռները ցնցվում էին։ Մարտը հենց բաժանմունքի պատուհանների տակ էր։ Նոր եկող ամեն խմբի հետ ուժայիններն ավելի ու ավելի էին կատաղում։ Ոստիկաններն անկեղծ զարմանում էին ցուցարարների ակտիվությունից։ Լսեցի, որ իրար հետ ռադիոկապով խոսելիս նշում էին, որ ցույցերը զսպելու համար պահուստային ջոկատներ են հրավիրվել։ Կատաղում էին, որ մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ, որ իրենցից չեն վախենում, որ բարիկադ են կառուցում, դիմադրություն են ցուցաբերում։

Արդարության համար պետք է նշել, որ անկհայտ սադիզմով զբաղվում էին բաժանմունքի ոչ բոլոր աշխատակիցները։ Մի կապիտան կար, գալիս հարցնում էր՝ ով է ջուր ուզում, ում է պետք զուգարան ուղեկցել։ Իր երիտասարդ գործընկերների արածներին, սակայն, չէր արձագանքում։

Ոչ մեկիս զանգելու հնարվորություն չէին տալիս։ Վստահ եմ, իմ հետ նստածներից շատերի հարազատները մինչև հիմա իրենց բարեկամի մասին տեղեկություն չունեն։

․․․[Ղեկավարության գալուց առաջ] սկսեցին ձերբակալվածների ներկա֊բացակա անել, պարզվեց՝ երկու հոգի կորել է։ Սկսեցին սենյակից սենյակ վազել, փորձում էին պարզել՝ ուր են կորել այդ երկուսը։ Այդպես էլ չիմացան։ Երբ գետնին պառկած էի, աչքի պոզով տեսա, որ ինչ֊որ մարդու՝ չգիտեմ կին էր, թե տղամարդ, պատգարակով տարան։ Չէր շարժվում, չգիտեմ՝ ողջ էր, թե չէ։

Հետո մեզ տեղափոխեցին առաջին հարկ ու կալանավորների խցեր լցրեցին։

Երկու հոգու համար նախատեսված խցում երեսուն հոգու տեղավորվեց։

Պրոցեսը ռուսալեզու հայհոյանքների ընտրանիով ու ծեծով էր ուղեկցվում։ Գոռում էին․ «Ավելի՛ քիփ, ավելի՛ քիփ»։ Իմ հետ նույն խցում թե՛ թոշակառուներ կային, թե՛ երիտասարդներ։

Մեկ ժամում խցի պատերն ու առաստաղը պատվեցին կոնդենսատով։ Ոմանք՝ հոգնելով կանգնել, նստում էին գետնին, բայց այնտեղ օդ ընդհանրապես չկար, գիտակցությունը կորցնում էին, իսկ ովքեր կանգնած էին՝ տանջվում էին շոգից։ Այսպես 2-3 ժամ մնացել ենք։

Դռները բացվեցին։ «Դեմքով դեպի պատը»,- գոռացին, հետո ուժայիններն եկան ու սկսեցին ամբողջ բաժանմունքի հատակով քարշ տալով հանել մեզ։ Ոստիկանական մեքենայում էլի շերտերով էին տեղավորում, կենդանի գորգով։ Գոռում էին․ «Ձեր տունը բանտն է»։ Գետնին պառկածները մարմինների ծանրությունից խեղդվում էին․ վերևից ևս 3 շերտ մարդիկ էին պառկած։

Ցավի ու արյան ճանապարհ

Ոստիկանական մեքենայում մարդկանց շարունակում էին ծեծել՝ դաջվածքների կամ երկար մազերի համար։

Աստիճանների վրա պառկած մարդիկ խնդրում էին, որ թողնեն իրենք դիրքը փոխեն, ինչի դիմաց ռետինե մահակի հարվածի էին արժանանում։

Այդ վիճակում ոստիկանական մեքենայում մեկ ժամ կանգնել ենք։ Ես ինքս ինձ դա բացատրում էի նրանով, որ երևի չգիտեն՝ ուր տանել, քանի որ բոլոր մեկուսարանները լիքն են։

Նորից հատուկ ջոկատայինի հրամանը լսվեց․ «Սողացեք ու կքանստած մնացեք»։ Բոլորիս ձեռքերը մեջքի հետևում էին։ Նստարաններին հենվել կամ ուղիղ կագնել չէր թույլատրվում։ Այս կանոնին չհետևողներին անխղճորեն ծեծում էին։ Ոտքերի դիրքը փոխել թույլատրում էին հազվադեպ․ պետք էր ձեռք բարձրացնել, ներկայանալ, բնակության հասցեն ասել, ասել, թե որտեղ ես բերման ենթարկվել։

Եթե հսկիչին (սկզբում կարծում էի մեզ Հատուկ նշանակության ջոկատներն են ուղեկցում, հետո պարզվեց՝ բելառուսական արագ արձագանքման ջոկատն է) դուր չէր գալիս ազգանունը, դաջվածքը, սանրվածքը կամ արտաքին տեսքը, չէր թույլատրում։ Երկրորդ անգամ ձեռք բարձրացնելու դեպքում ծեծում էին։ Հետո հայտարարեցին, որ ոտքերի դիրքը փոխելը որպես փախուստի փորձ է որակվելու, այսինքն՝ կարող են տեղում կրակել։

Զուգարան գնալու համար կանգ առնելու մասին խնդրանքներին ուշադրություն չէին դարձնում։ Ուղղակի առաջարկում էին տակն անել։ Ոմանք չէին դիմանում, տակն էին անում, նույնիսկ մեծով։

Այդպես էլ գնում էինք։ Երբ մեր ուղեկցորդները ձանձրանում էին, ստիպում էին, որ երգենք, հիմնականում՝ Բելառուսի հիմնը։ Հեռախոսներով նկարում էին։ Հենց էլ չէին հավանում մեր երգելը՝ նորից ծեծում էին։ Երբ ինչ֊որ մեկը վատ էր երգում՝ ստիպում էին նորից երգել, գնահատական էին դնում։ «Կարծում եք ցավո՞տ է։ Դեռ ցավոտ չէ, ցավոտ կլինի բանտում, ձեր հարազատները ձեզ էլ չեն տեսնի», – ասում էին հսկիչները։

․․․Ճանապարհը երկուսուկես ժամ տևեց։ Դա արյան ու ցավի երկու ժամ էր։

Ճանապարհին ինձ հաջողվեց խոսել թիկնապահներից մեկի հետ։ Դրա համար ես իհարկե մի լավ ստացա, բայց չեմ զղջում, ի վերջո թողեց, որ իմ համար մի քիչ ավելի հարմար դիրքով նստեմ։ Հարցրեցի՝ ինչու են ինձ բռնել, ինչու են վահանով վզիս հարվածել, ինչում են խփել երիկամներիս։

«Սպասում ենք սկսեք բան֊ման վառել փողոցներում, – ասում էր,- այ այդ ժամանակ սկսելու ենք կրակել, արդեն հրաման ունենք։ Հզոր երկիր էր Խորհրդային Միությունը, ձեր պես [հայհոյանք]ների պատճառով վարի գնաց։ Որովհետև ոչ ոք ժամանակին չկանգնացրեց ձեզ։ Եթե դուք (նկատի ունի Ռուսաստանը, ծանոթագրությունը՝ Znak.com) կարծում եք, որ կարող եք այստեղ ձեր Տիխանովսկայային դնել, ապա իմացեք, որ երկրորդ Ուկրաինա չի լինելու, չենք թողնի Բելառուսը Ռուսաստանի մաս դառնա»։

— Ասենք դու ինչու ես [հայհոյանք] մեջ ընկել, — հարցրեց։

— Լրագրող եմ, եկել եմ գրեմ այստեղ ընթացող իրադարձությունների մասին…

— Հետո՞, համբալ, ասենք՝ գրեցիր։ Այս նյութդ երկար ես հիշելու։

— Հերիք է տանջեք մեզ, միանգամից տարեք գնդակահարեք, – այդ պահին գոռաց մի երիտասարդ, ում նյարդերն արդեն չէին դիմանում։

— [Հայհոյանք], այդքան հեշտ չեք պրծնի, – պատասխանեց հսկիչներից մեկը։

Այս երկար դժոխային ճանապարհի ընթացքում հասկացա, որ արագ արձագանքման ջոկատայինների մեջ կային ակնհայտ սադիստներ, և մարդիկ, ովքեր գաղափարապես կարծում են, որ իրենց հայրենիքն են փրկում՝ ներքին ու արտաքին թշնամիներից։ Վերջինների հետ երկխոսությունը հնարավոր է։

Բանտ 

… Երբ վերջնակետին հասանք (այդպես կանվանեմ, քանի որ չիմացա՝ ուր էինք), ժամ ժամուկես կանգնեցինք, քանի որ մեր հետ ևս յոթ ոստիկանական մեքենա էր եկել, հերթ էր գոյացել։ Երբ մեքենայից դուրս գալու հրաման ստացանք, մեզ խեցգետնի դիրքով էին հանում, ծնկների վրա։ Տարան ինչ֊որ նկուղ, այնտեղ մարդիկ էին կանգնած, ծառայողական շներ կային։

Դրանից վախը շատացավ, բայց պարզվեց ամեն ինչ Մոսկովյան ՆԳՏԲ֊ի պես սարսափելի չէր։

Մեզ երկար ուղեկցում էին ինչ֊որ միջանցքներով, հետո դուրս բերեցին բանտային բակ՝ կինոներում այդտեղ կալանավորներն են զբոսնում։ Դա մեզ համար արդեն գրեթե դրախտ էր։

Ամբողջ օրվա մեջ առաջին անգամ կարող էինք ձեռքերը կախ գցել, մեկնվել, պառկել, և, ամենակարևորը, դեռ ոչ ոք չէր ծեծում։ Տղաներից մեկի ողնաշարն էր վնասվել․ Մոսկովյան ՆԳՏԲ֊ում հատուկ ջոկատայինները թռվռում էին վրան։ Ծունկը կոտրված, դուրս ընկած էր։ Նա դուրս եկավ այդ բանտային բակ ու ընկավ։

Մեզ առաջին անգամ մարդկանց պես վերաբերվեցին․ դույլ բերեցին զուգարան գնալու համար՝ մեզնից ոմանք գրեթե մեկ ամբողջ օր զուգարան չէին գնացել։ Մեկուկես լիտրանոց շշով ջուր բերեցին։ 25 հոգու համար, իհարկե, քիչ է, բայց միևնույն է․․․

— Մեզ այսօր էլ չեն ծեծելո՞ւ, – ձերբակալվածներից մեկը հարցրեց ջուր բերողին։

—  Չէ, — զարմացած պատասխանեց «բանտի» աշխատակիցը, – Հիմա ուղղակի կտեղավորեն խցերում ու վերջ։

Առաջին անգամ կարող էին խոսել իրար հետ։ Ինձ հետ էին ձեռներեցներ, այթիշնիկներ, փականագործներ, երկու ինժեներ, մեկ շինարար։ Կային նաև նախկին դատապարտյալներ։ Իրենցից մեկն ասաց, որ սա մեկուսարան չէ, Ժոդինոյի գաղութն է․ գիտի, որ քանի որ այստեղ նստել է։

Համաձգեստով մի մարդ կանչեց․ «Տելիժե՛նկո։ Այստեղ Նիկիտա Տելիժենկո կա՞»։ Ասացի, որ ես եմ։ Համազգեստով մարդը խոսեք կողքինի հետ ու ասաց․ «Նիկիտա՛, մոտեցեք դռանը, ձեր հետևից շուտով կգան»։

Խցակիցներս իմ համար ուրախացան։

Ճանապարհ դեպի տուն

Համազգեստով մարդը Բելառուսի Ներքին գործերի նախարարության Պատժի իրագործման դեպարտամենտի գնդապետ Իլյուշկևիչն էր։ Ասաց, որ ինձ ու ևս մի ռուսաստանցու (ՌԻԱ «Նովոստիի» թղթակցին) կտանեն։ Ով կտանի՝ չգիտեի։ «ԿԳԲ֊ն կամ դեսպատնից մեկը»,- մտածեցի։ Իրերս վերադարձրին, դուրս եկանք բանտի դարպասներից։

Շատ մարդիկ էին հավաքվել՝ ձերբակալությունից հետո անհետ կորած ցուցարարների հարազատները, իրավապաշտպաններ։ Մեզ դիմավորեց մի կին, ով ներկայացավ որպես Բելառուսի միգրացիոն ծառայության աշխատակից։ Նա մեզ տարավ Ժոդինո քաղաքի միգրացիոն բաժին ու արտաքսման մասին հրամանագիր ներկայացրեց, համաձայն որի, ես և ՌԻԱ «Նովոստիի» թղթակիցը պետք է մինչև 24:00-ն լքենք հանրապետության տարածքը։ Այդ պահին արդեն 22:30 էր։

Նրա խոսքով, վաղը իմ դատը պետք է լինի, թե ինչ մեղադրանքով՝ (վարչական կամ քրեական պատասխանատվության ներկայացնելու մասին փաստաթղթեր չկային, ոչ մի մեղադրանք չէին առաջադրել) բացատրել չկարողացավ, բայց ասաց, որ կարող են կալանավորել՝ 15 օրից մինչև մեկուկես տարի ժամկետով։

Հետո եկավ Բելառուսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը։ Պատմեց, որ մեզ գտնելու համար դեսպանն անձամբ զանգահարել է հանրապետության ՆԳՆ֊ին։ Դիվանագետը մեզ մեքենայով Սմոլենսկ տարավ։

Մնացած մեկուկես ժամվա ընթացքում հասցրեցինք հատել ՌԴ սահմանը, Սմոլենսկ հասանք 2։30։ Դեսպանատան աշխատակիցը մեզ համար բուրգեր գնեց՝ ոչ մեկս ռուսական փող ձեռքի տակ չունեին, ուղեկցեց դեպի հյուրանոց ու գնաց։

Հիմա Մոսկվա եմ գնում։ Այնտեղից էլ կգնամ տուն՝ Եկատերինբուրգ։

Բողոքի ցույցերի և Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ և այստեղ։

Երևանում՝ ի սոլիդարություն Բելառուսի երկու ակցիա է եղել․ օգոստոսի 12-ին՝ պիկետ դեսպանատան առջև, օգոստոսի 13-ին՝ համերաշխության երթ։